Իսկ Դուք ունե՞ք D վիտամինի պակաս
Տարիներ առաջ բժիշկներն այն կարծիքին էին, որ D վիտամինը միայն անհրաժեշտ է ոսկորների առողջության համար: Սակայն գիտության վերջին հետազոտությունները պարզել են, որ այն շատ կարևոր դեր է խաղում մարմնի տարբեր ֆունկցիաների աշխատանքի համար, և օրգանիզմում նրա բավարար քանակությունը կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, որոնք, առաջին հայացքից թվում է, թե ոչ մի կապ չունեն D վիտամինի պակասի հետ: Իսկ որպեսզի իմանաք, թե ինչ քանակությամբ D վիտամին կա Ձեր օրգանիզմում, անհրաժեշտ է արյան բժշկական հետազոտություն անցկացնել: NaturalNewsը մեզ է ներկայացնում այն հիվանդությունները, որոնք առաջանում են D վիտամինի պակասի դեպքում:
Գրիպ: Քեմբրիջի համալսարանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ D վիտամինի պակասից երեխաների մոտ առաջանում են շնչառական հիվանդություններ: Իսկ օրգանիզմում D վիտամինի բավարար քանակության դեպքում երեխաների շնչառական հիվանդությունները նվազում են:
Մկանային թուլություն: D վիտամինի փորձագետ Մայքլ Հոլիքի հետազոտությունները ցույց են տվել, որ մկանային թուլության հիմնական պատճառը D վիտամինի պակասն է, քանի որ ոսկրային մկանների ֆունկցիաների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է վիտամին D:
Փսորիազ: Միացյալ Թագավորության PubMed կենտրոնում պարզել են, որ փսորիազ հիվանդության բուժմանը նպաստում է D վիտամինի օգտագործումը:
Շաքարախտ: Պարզվում է, որ D վիտամինը նույնպես կարող է պայքարել շաքարախտի դեմ: Ֆինլանդիայում կատարված հետազոտությունների ժամանակ, շաքարախտով տառապող երեխաներին օրական տալով D վիտամին, կարողացել էին հիվանդությունը նվազեցնել 80 տոկոսով:
Ասթմա: Վիտամին D-ն կրճատում է ասթմային հիվանդությունները: Ճապոնիայում ասթմատիկ հիվանդների մոտ բարելավում են նկատել, երբ վերջիններս օրական օգտագործել են D վիտամին:
Շիզոֆրենիա և դեպրեսիա: Այս հիվանդություններն առաջանում են D վիտամինի պակասի դեպքում: Հետազոտությունները պարզել են, որ մանկության և հղիության շրջանում օրգանիզմն ապահովելով D վիտամինով, հետագա տարիներին հնարավոր է զերծ մնալ շիզոֆրենիայից և դեպրեսիայից:
Սրտանոթային հիվանդություն: Հարվարդի համալսարանի հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ այն կանանց մոտ, ովքեր ունեն D վիտամինի պակաս, 67 տոկոսով ավելանում է բարձր ճնշման առկայությունը:
Լնդերի պարոդոնտոզ: Նրանք, ովքեր տառապում են լնդերի պարոդոնտոզով, պետք է բարձրացնեն օրգանիզմում D վիտամինի քանակությունը: Հենց D վիտամինի բավարար քանակի դեպքում են առաջանում դեֆենզիններ և կաթելիցիդին, որոնք էլ իրենց հերթին՝ ունենալով միկրոբային հատկություններ, նվազեցնում են բերանի խոռոչի բակտերիաների քանակությունը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ