Մենք աղանդ չենք, որ ասենք՝ ով մեզ հետ չի, մեզ դեմ է. Տիգրան Խզմալյան
«Մենք վստահ ենք, որ ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը ցանկանում է իշխանությունը վերադարձնել ինքն իրեն, և մենք ցույց ենք տալիս այդ գործողությունը կատարելու օրինական, սահմանադրական ձևը: Մենք ոչ մի կետում դուրս չենք գալիս Սահմանադրությունից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ հասարակական, մշակութային գործիչներ նոյեմբերի 15-ին հայտարարություն տարածեցին և ազդարարեցին «Նախախորհրադարան» կոչվող նախաձեռնության մասին: Նախաձեռնողերն իրենք իրենց կոչում են դիմադրություն, այլ ոչ թե ընդդիմություն, քանի որ, նրանց կարծիքով, այդ հասկացությունն այսօր վարկաբեկված է և ժողովրդի կողմից վստահություն չի վայելում: Նրանք կարծում են, որ երկիրը կարող են ծանր իրավիճակից դուրս բերել՝ ստեղծելով այլընտրանքային իշխանություն, որի սկզբունքն է՝ ծառայել ժողովրդին, այլ ոչ թե իշխել:
«Նախախորհրդարանի» անդամ Տիգրան Խզմալյանը տեղեկացրեց, որ նախաձեռնության գործունեության 20 շաբաթը լրանալուց հետո այն լուծարվելու է և ստեղծվելու է հիմնադիր ժողովը՝ խորհրդարանը: Տիգրան Խզմալյանն ասաց, որ նախախորհրդարանն աշխատում է երկրի կյանքի գործունեության բոլոր մեխանիզմներին վերաբերող փաստաթղթերի ստեղծման ուղղությամբ: Այդ աշխատանքներում ընդգրկվել են երկրում գոյություն ունեցող լավագույն մասնագետները, լայնորեն օգտագործում է նաև սփյուռքի հնարավորությունները:
Ըստ Տիգրան Խզմալյանի՝ «Նախախորհրդարանի» և խորհրդարանի տարբերությունն այն է, որ «Նախախորհրդարանը» լեգիտիմ չէ, իրենք կամավոր ձևով ինքնաառաջարկվել էր, ինչը թեև նույնպես սահմանադրական է: «Նախախորհրդարանում» 33 գործիչ կա ընդգրկված, հիմնադիր ժողովը 65 հոգանոց խումբ պետք է լինի:
Տիգրան Խզմալյանից հետաքրքրվեցինք, թե հիմնադիր ժողովի ընդունած օրենքները և որոշումները գործնականում որքանո՞վ կարող են օգտակար լինել, եթե նրանք օրինական չեն: Նախաձեռնության անդամը չհամաձայնեց մեր այս դիտարկմանը: «Մարդիկ, ովքեր իրենց ձայնը տալու են մեզ, իրենց որոշմամբ մեզ օրինականացնում են: Սահմանադրության 2-րդ կետն ասում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր իշխանությունն ուզուրպացիայից»,- շեշտեց նա:
Տիգրան Խզմալյանի խոսքով՝ իրենք գտնվում են տեղեկատվական շրջափակման մեջ, իրենց միջոցառումներին և ասուլիսներին լրագրողներ համարյա չեն գնում: Այս հարցում, ըստ Տիգրան Խզմալյանի, էական նշանակություն ունի համացանցը: Այն, որ Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվն աճում է, Տիգրան Խզմալյանի կարծիքով, վկայում է քաղաքացիական հասարակության մասին: «Ամենակարևորն այն է, որ մեզ հետ է երիտասարդ սերունդը»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հասարակության լայն շերտերին ասելիքը հասցնելու խնդրին, ապա Տիգրան Խզմալյանի խոքերով, դա լուծվում է նաև «Նախախորհրդարանի» արտագնա՝ մարզային նիստերի միջոցով: Դրանցից մեկն արդեն կայացել է Գյումրիում:
Քանի որ Տիգրան Խզմալյանը նաև «Սարդարապատ» շարժման անդամ է, հետաքրքրվեցինք՝ արդյոք «Նախախորհրդարանը» չի՞ ստվերում մյուս գործունեությունը:
«Մենք աղանդ չենք, որ ասենք՝ ով մեզ հետ չի, մեզ դեմ է: Հակառակը՝ ով մեզ դեմ չէ, մեզ հետ է: Մենք ոչ թե կանչում ենք՝ եկեք, մեզ հետ պայքարեք, այլ մենք ենք գնում այնտեղ, որտեղ պայքար կա»,- ասաց նա՝ հավելելով, թե «Սարդարապատից» ընդամենը 3 գործիչ կա, ովքեր ընդգրկված են նաև «Նախախորհրադարանում»՝ ինքը, Էմիլ Աբրահամյանը և Գարեգին Չուգասզյանը:
Անահիտ Փիլոսյան