Բաժիններ՝

Արթուր Աբրահամ. Չէի ցանկանա, որ տղաներս գնային բռնցքամարտի

Արթուր Աբրահամն իր հերթական հաղթանակից հետո ժամանել է Երևան՝ ընտանիքի, ընկերների հետ գալիք տոներն անցկացնելու: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Բեռլինում Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկը հաղթանակ տարավ Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ և նվաճեց WBՕ տարբերակով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, ապա նաև դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում նոկաուտի ենթարկեց Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլային՝ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը:

«Ես նոր տարում երազանքներ չեմ պահում, բայց կուզեի, որ 2013թ. էլ ունենամ այնքան հաջողություններ, որքան 2012թ.: Ում հետ դեռ չեմ մենամարտել և դեռ նրանց հանդեպ հաղթանակներ չեմ գրանցել, ուզում եմ գրանցեմ»,- զրույցի ընթացքում ասաց Արթուր Աբրահամը:

Արթուրը 168.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ դեռ չի պատրաստվում ձեռնոցները վայր դնել, և մի 3 տարի, անկասկած, ռինգում կլինի: Իսկ մարզչական գործունեությամբ զբաղվել էլ չի պլանավորում: «Դա շատ բարդ գործ է: Մեկ-մեկ խիղճս տանջում է իմ մարզչի համար, նա պարտավոր է հոգ տանել 15-20 մարզիկի մասին: Ես մենամարտս ավարտում եմ, բայց նա չի հանգստանում, մտածում, անհանգստանում է մնացյալ մարտիկների մասին: Իսկապես շատ բարդ ու պարտավորեցնող է: Ես այդքան մարդու մասին հոգ տանել չեմ կարող»,- ասաց Արթուր Աբրահամը:

– Հայաստանում ես արդեն, ու ազգը քեզ ընդունում է՝ որպես հերթական անգամ հաղթանակած հայ մարզիկ: Տպավորություններդ ինչպիսի՞ն են:

Կարդացեք նաև

– Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ գտնվում: Ես իմ հաղթանակների համար միշտ էլ շատ եմ ուրախանում: Ես դառա երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն: Դա ինձ համար մեծ հաղթանակ էր, ես պայքարում էր, շատ էի աշխատում և հասա:

– Եթե ամփոփենք 2012թիվը՝ ինչպիսի՞ն էր այն քեզ համար, և ի՞նչ ես ակնկալում 2013-ից:

– Իմ ամենաառաջին խնդիրը Ռոբերտ Շտիգլիցի հետ մաթչ ռևանշն է: 2012թ. ինձ համար կարևոր ձեռքբերումների տարի էր: Եկել եմ Հայաստան՝ մի փոքր կմարզվեմ, որպեսզի լինեմ լավ մարզավիճակում: Նոր տարի է, տոներն այստեղ եմ անցկացնելու՝ ընտանիքիս, հարազատներիս հետ միասին: Մի փոքր կլիցքաթափվեմ, կհանգստանամ, որ վերսկսեմ աշխատանքներս: Այնտեղ աշխատանքը շատ ծանր է, շատ բաների մասին եմ մտածում, պարտականություններս շատ են:

– Ասում էիր, որ 2012-ը քեզ համար կլինի անձնական կյանքում նորությունների տարի: Տարին ավարտվում է, բայց դու դեռ չես ամուսնացել:

– 2013թ. կամուսնանամ: Ընտրյալս հայ է: Շատ խելացի, հասկացող, կիրթ աղջիկ է:

– Խոսեցինք ընտանիքից, քո եղբայրը վաղուց ռինգում չի երևում: Ինչո՞ւ:

– Եղբայրս երկար ժամանակ ինչ Երևանում է: Եկել էր այստեղի աշխարհի առաջնությունը դիտելու: Վիդեոներ էր նկարել ու ուղարկեց ինձ: Շատ էի ուրախացել: Ունի աղջիկ, շատ սիրուն, մեր տան ուրախությունն է՝ Սիլվիկ է անունը: Իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտով չի զբաղվում:

– Մեծ հիացմունքով ես խոսում եղբորդ ընտանիքի մասին: Արդեն պատկերացնո՞ւմ ես քո ընտանիքի մոդելը:

– Չէի ցանկանա, որ տղաներս գնային բռնցքամարտի: Դա շատ ծանր սպորտաձև է, ես չեմ ցանկանա, որ նրանք դրանով զբաղվեն: Երբ տեսնում եմ, թե ինչպես են իմ ծնողներն ինձ համար տանջվում, վրաս շատ է ազդում: Հեշտ սպորտաձև չէ, կուզեմ՝ ավելի հեշտ մի բան ընտրեն: Իմ մայրն առհասարակ իմ մենամարտերը չի դիտում, իսկ հայրս էլ դիտելիս՝ հոգեպես շատ է տանջվում: Ծնողի համար իրենց զավակի մենամարտը տեսնելը հեշտ բան չէ:

– Հետաքրքիր է, ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել, երբ ծնողներիդ համար բավական դժվար է քեզ ռինգում տեսնելը:

– Չէի սպասում, որ կդառնամ պրոֆեսիոնալ մարզիկ: Ես շաբաթը երկու անգամ էի գնում մարզվելու, ուզում էի ֆիզիկապես կոփվել և մտածում էի, որ հնարավոր է՝ ինչ-որ մի տեղ դա պետք գա: Հետո մեր մարզիչը զգաց, որ ես և եղբայրս տաղանդ ունենք, և սկսեց մեզ հետ ավելի շատ աշխատել: Իսկ ի սկզբանե գնացել եմ բռնցքամարտի՝ ուժեղ լինելու և ինձ պաշտպանելու համար:

– Բնավորությամբ բավական համեստ ես, չունես զգալի կոպտություն: Կա՞ քո
բնավորության մեջ մի գիծ, որ քեզ աշխատանքումդ երբևէ խանգարել է:

– Ինձ խանգարել է իմ մաքրությունը և այն, ինչ իմ սրտով չի արվում: Ես սիրում եմ, երբ ամեն ինչ հավասար, չափի մեջ, շնորհքով է լինում: Եթե փնթի կամ լավ կազմակերպված չի լինում, ես ներքուստ ջղայնանում եմ: Ճիշտն ասած, մրցումներից առաջ ես փորձում եմ դրանց վրա ուշադրություն չդարձնել, և դրանք ինձ ճնշում են:

– Մենամարտից հետո պետք է հանգստանաս, կազդուրվես: Ինչպե՞ս ես լիցքաթափվում:

– Ընդհանրապես հանգիստ չեմ կարողանում տանը նստել, միշտ մի բան ստեղծում եմ, մի բանով զբաղվում եմ: Չեմ կարողանում հանգիստ ապրել: Մեկ-երկու օր հանգիստ եմ վերցնում, սիրում եմ տանը բազմոցին պառկել ու ոչ մի բան չանել: Սիրում եմ այդպիսի բաներ, բայց մեկ-երկու օրից հետո սիրտս կանգնում է:

– Հոբբիներ ունե՞ս, որ օգնում են քեզ հանգիստդ առավել աշխույժ անցկացնել:

– Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ, երաժշտություն լսել, ֆիլմեր շատ չեմ նայում: Շատ եմ սիրում նարդի խաղալ:

– Իսկ խորոված պատրաստե՞լ:

– Դե, սիրում եմ, բայց ուտել ավելի շատ եմ սիրում:

– Կարողանո՞ւմ ես ինչ-որ բան պատրաստել:

– Խոհանոցի հետ ընդհանրապես լավ չեմ: Ուտել եմ սիրում: Խոհանոցն ինձ համար չի, ես դրանից հաճույք չեմ ստանում:

– Հուսանք՝ ապագա կինդ կսիրի պատրաստել: Կա՞ մի երազանք, որ դեռ չի կատարվել, կամ ունե՞ս այնպիսի ցանկություն, որ անպայման պետք է իրականացնես:

– Իմ մայրիկը շատ է ցանկանում, որպեսզի ես ընտանիք կազմեմ: Ուզում եմ նրան այդ երջանկությունը պարգևել:

– Տոներն արդեն մոտենում են: Բոլորն ինչ-որ կերպ մասնակցում են ընտանեկան այդ տոնի նախապատրաստական աշխատանքներին: Տոնածառ են զարդարում, գնումներ կատարում: Դու ի՞նչ ես արել:

– Մեր տան տոնածառն արդեն զարդարված է, ես չեմ զարդարել, բայց տանն արդեն գեղեցիկ զարդարված տոնածառ ունենք: Առանձնապես այդ ամենին չեմ մասնակցում: Ծնողներս ամեն ինչ անում են: Ես ընդամենը գալիս եմ լիցքաթափվելու, հանգստանալու և լավ ժամանակ անցկացնելու:

– Զրույցի ընթացքում ասացիր, որ հետևում ես Հայաստանում տիրող անցուդարձին, հետաքրքիր է՝ որքանո՞վ ես ծանոթ հայկական էստրադային:

– Ծանոթ եմ, ունեմ իմ սիրած երգիչ-երգչուհիները: Շատերին եմ հավանում: Սիրում եմ շատ Թաթային, Արմենչիկին, Արտաշ Ասատրյանին, Տիգրան Ասատրյանին, Հայկոյին, Նունե Եսայանին:

– Ամփոփելով մեր զրույցը՝ ի՞նչ կմաղթես ողջ հայ ազգին գալիք տարում:

– Բոլորիս կմաղթեմ հաջողությունների, ձեռքբերումների, հույսերի ու իրականացած երազանքների տարի թող լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս