«Ո՛չ հանդիսատեսի, ո՛չ էլ գումարի համար չեմ կարողանում ֆիլմ անել». Նաիրա Մուրադյան (լուսանկարներ)

Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանի կարծիքով` մուլտիպլիկատորներ դառնում են այն մարդիկ, ովքեր իսկապես սիրում են այս մասնագիտությունը: «Ոչ ոք իրեն չի ստիպի ամբողջ օրը նստած մնալ ու միայն աշխատել, եթե դա իրեն հաճույք չի պատճառում: Как говорит Федор Хитрук, чтобы стать хорошим аниматором, нужен не только талант, но и чугунная задница!!!! Այս մտքի հետ ամբողջովին համամիտ եմ»,- 168.am-ի հետ զրույցում ասում է մուլտիպլիկատորը:

– Նաիրա, ովքե՞ր են դառնում Ձեր մուլտֆիլմերի հերոսները: Նյութն ինչպիսի՞ն պետք է լինի, որ գրավի Ձեզ:

– Երբեք չեմ մտածել, որ ֆիլմը պետք է հերոսներ ունենա, ֆիլմն ինքը պետք է հերոս դառնա, անիմացիոն ֆիլմն՝ առավել ևս: Հենց որոշում եմ ընդունված կանոններով աշխատել ու ստեղծել հասկանալի, ընկալելի, բացատրող ֆիլմ, (իրականում չեմ սիրում «ստեղծել» բայը գործածել, շատ վերամբարձ է, այստեղ սազում է «անել» բայը), աշխատելու հավեսն ուժի հետ միասին փախչում է (ժպտում է.- Գ. Ա.): Ֆիլմն ինքը քեզ պետք է պատմի՝ ինչի՞ մասին է, ո՞վ է ամենակարևոր կերպարը, որտե՞ղ ես հանկարծակիի գալու ու կերպարիդ համար վախենալու: Պետք է միշտ անհանգիստ լինես ու պատրաստ լինես որոշված սյուժեից շեղվելու, եթե նոր ու ավելի հետաքրքիր շրջադարձ է առջևում հանդիպում:

Ընթացքն է ստիմուլ տալիս: Շատ անգամ սխալները, որոնք հանկարծակի են ստացվում և ընդհանրապես պլանավորված չեն լինում (օրինակ` կատուն թռավ ստեղնաշարին ու կոճակները սեղմվեցին…), կարող են այնպիսի մի շրջադարձային պատկեր ստեղծել (այս անգամ «ստեղծել» բայը տեղին է (ժպտում է.- Գ. Ա.), որ սյուժեն կտրուկ կփոխվի: Եթե ես աշխատելու պահին ազատ չեմ և, ասենք, ժամադրված եմ կոնկրետ ժամին ինչ-որ կոնկրետ տեղում լինելու, թեկուզ կարճ ժամանակով, ապա այդ օրն ամբողջովին կորած է ու միևնույն է` ոչինչ չի ստացվելու. 1000 անգամ փորձել եմ:

Կարդացեք նաև

– Սկզբում կերպարնե՞րն են գալիս, հետո սյուժեն, թե՞ հակառակը:

– Շատ հաճախ սկսվում է հնչյուններից ու երաժշտությունից, մեկ-մեկ էլ՝ կերպար է նկարվում, որը պահանջում է պատմություն, խոսք, տարածք, հագուստ, գույներ… Կարող են մանրակրկիտ մշակված, արդեն բոլոր ռակուրսներով նկարված կերպարները դուրս մնալ ֆիլմից, որովհետև ֆիլմի մարմինը չի ընդունում նրանց, վանում է:

– Դուք ստեղծում եք այն, ինչը Ձե՞զ է մտահոգում կամ հետաքրքրում, թե՞ այն, ինչը հետաքրքրում է հանդիսատեսին:

– Ո՛չ հանդիսատեսի, ո՛չ էլ գումարի համար չեմ կարողանում ֆիլմ անել: Դա երևի ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է, բայց միակ հնարավորն է ինձ համար:

– Ինչպիսի՞ն է մուլտիպլիկատորի աշխարհը:

– Անիմատորի աշխարհը նույնն է, ինչ որ բոլորինը` հետաքրքիր, ամեն պահի փոփոխվող, զարմանալի Աշխարհ…

– Այսօր հայազգի շատ մուլտիպլիկատորներ արժեքավոր աշխատանքներ են ստեղծում, բայց երեխաներին շարունակում են դուր գալ Դիսնեյի մուլտֆիլմերը… ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է այդպես:

– Դիսնեյի մուլտֆիլմերն ինձ էլ են դուր գալիս, իմ երեխաներին էլ, բայց մեզ դուր են գալիս նաև ժամանակակից շատ ու շատ ֆիլմեր` թե հայկական, թե ռուսական, թե ֆրանսիական: Կան ռեժիսորներ, ովքեր հատուկ ուղղվածության ֆիլմեր ստեղծելու տաղանդ ունեն, ես հիանում եմ այդ մարդկանցով, բայց ինքս չունեմ այդ շնորհքը:

– Դուք ավելի շատ ձեռքո՞վ եք նկարում, թե՞ համակարգչով: Արվեստը համակարգչով նկարելու դեպքում չի՞ կորչում:

– Տարբերություն չկա՝ թղթի վրա՞ ես ձեռքով նկարում, թե՞, օրինակ, թվային պլանշետով: Թուղթն ու մատիտը կամ պլանշետն ընդամենը գործիք են, ուղղակի տիրապետման հարցն է` որ գործիքով դու ավելի ազատ ես կարողանում նկարել, նրանով էլ նկարում ես:

– Կա՞ն ինչ-որ ծրագրեր, որոնք չեք կարողանում իրականացնել:

– Ծրագրեր շատ կան, հիմա վերջացնում եմ «Բալետ» ֆիլմը, որն, արդեն երեք տարի է, ինչ անում եմ: Մի քանի սցենաներ ու ձայնային շտկումներ են մնացել: Գալիք տարի կսկսեմ «Դանթեն», որը 12 տարի առաջ եմ սկսել` Սոֆիա Հովհաննիսյանի հովանավորությամբ և մի խումբ ընկերների օգնությամբ: Պատրաստի երեք րոպե ունենք, ու չնայած 12 տարի է անցել, այնուամենայնիվ, նյութը նայելուց հնության հոտ չի գալիս: Այսինքն` կարելի է ընդհատված պահից համոզված շարունակել:

– Հովանավորներ կարողանո՞ւմ եք գտնել:

– Հովանավորներ չեմ կարողանում գտնել, բայց ընկերներ ունեմ, ովքեր ինձ վստահում են, իսկ ես իրենց սիրում եմ (ժպտում է.-  Գ. Ա.): Անկեղծ եմ ասում` եթե ֆիլմի վրա չաշխատեմ, ուղղակի կմեռնեմ:

Տեսանյութեր

Լրահոս