Բաժիններ՝

«Մեր ընտանիքում նկարելը ոչ թե պարտադիր է, այլ ինքնաբերաբար է ստացվում». Գոռ Սահակյանց

«Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում Տիգրանի կերպարը մարմնավորող Գոռ Սահակյանցը հայտնի Սահակյանցների գերդաստանից է: Նա հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի թոռն է, Դավիթ Սահակյանցի որդին:

– Գոռ, սովորում ես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, միաժամանակ նկարահանվում ես «Տիգրանի մոլորակը» հեռուստասերիալում: Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր հեռուստասերիալում:

– Զանգահարեցին և ասացին, որ այսպիսի սերիալ է լինելու: Տիգրանի կերպարն ինձ հետաքրքրեց, համաձայնվեցի և սկսեցի նկարահանվել: Առաջին կերպարս կերտել եմ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում, որտեղ հանդես եմ եկել երրորդական դերում:

Ես ի սկզբանե ցանկանում էի Խաղարկային ռեժիսուրայի բաժինն ընդունվել, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Այսօրվա դրությամբ  դերասանությունն ինձ չի խանգարում, քանի որ պրակտիկա եմ ձեռք բերում, իսկ դա ինձ անհրաժեշտ է:

Կարդացեք նաև

– Վերջերս, երբ հայրիկիդ` Դավիթ Սահակյանցի հետ էի հանդիպել, ասաց, որ նկարելու ձգտում քո մեջ էլ է նկատվում: Ի՞նչ աշխատանք ես կատարում Robert Sahakyants Production-ում:

– Մեր ընտանիքում նկարելը ոչ թե պարտադիր է, այլ ինքնաբերաբար է ստացվում:  Ժամանակին production-ում կադրերն էի գույնով լցնում: Պապան այլ աշխատանքներ էլ էր ինձ վստահում:

– Հեռուստառեժիսուրա, դերասանություն, մուլտիպլիկացիա… ո՞ր աշխարհն է քեզ ավելի հոգեհարազատ:

– Խաղարկային ռեժիսուրան (ժպտում է.- Գ. Ա.): Ես ինձ դրա մեջ եմ ավելի լավ զգում:

– Ենթադրվում է, որ պետք է շատ ֆիլմեր դիտես: Ի՞նչ ժանրի ֆիլմեր ես սիրում:

– Ժանրային սահմանափակումներ չկան: Եթե ֆիլմն ասելիք ունի՝ արդեն հետաքրքիր է:

– Եթե անդրադառնանք կերպարիդ… նկարահանումների ժամանակ ի՞նչ խնդիրներ են առաջանում:

156975_509147992438893_2119898493_n– Գրեթե միշտ մի խնդիր է լինում` ամբողջությամբ չեմ կարողանում կերպարի մեջ մնալ: Ես պրոֆեսիոնալ չեմ, սկսնակ եմ, այդ պատճառով էլ շատ դժվար է: Տեսարաններ կան, որոնցում Պուճուր մարդու հետ եմ խոսում: Մի բան, որը միայն ես եմ տեսնում: Այն մենախոսություն է, և այդ առումով շատ բարդ է: Դերասան չկա, որի հետ կարող եմ խաղալ: Քեզ հետ որևէ մեկը չի խաղում, ամբողջը քո վզին է:

– Քո և Տիգրանի մեջ նմանություններ կա՞ն:

– Մեծ մասամբ` մենք իրար նման չենք: Ինչ-որ չափով նման ենք ամաչկոտությամբ: Տիգրանը շատ հավասարակշռված, ճիշտ մարդ է: Ես այնքան էլ այդպիսին չեմ:

– Քո բնավորության գծերից ո՞րն ես սիրում, և ո՞րը` ոչ:

– Ծուլությունը չեմ սիրում (ժպտում է.- Գ. Ա.): Ռիսկի դիմել եմ սիրում: Սա որոշ չափով պլյուս է, որոշ չափով էլ` մինուս: Լինում են դեպքեր, երբ ինչ-որ բաներ եմ անում, հետո` զղջում:

– Ասում ես ծույլ ես, բայց ինչպե՞ս ես հասցնում և՛ սովորել, և՛ նկարահանվել, և՛ Robert Sahakyants Production-ում ինչ-որ աշխատանքներ անել:

– Այնպիսի մասնագիտություն եմ ընտրել, որ այն, ինչ ես հիմա անում եմ՝ հավատաց՛’ք, շատ քիչ է: Լավ ռեժիսոր դառնալու համար շատ ավելի մեծ պաշար է անհրաժեշտ: Ռեժիսուրան, իմ կարծիքով, ամենաբարդ մասնագիտություններից է: Դու պետք է ամեն ինչ իմանաս, ամեն ինչին պատրաստ լինես: Ես հիմա փորձում եմ մոտենալ ռեժիսուրային…

– Հեռուստասերիալում նկարահանվելուդ մասին քննադատություններ լսե՞լ ես:

– Այո, և դա բնական է: Որքան դրական կարծիք ես լսում, նույնքան էլ` քննադատական: Ասում են, թե` «Սերիալն ի՞նչ է, որ նկարահանվում ես: Արվեստ չկա»: Ես չեմ ասում, որ սերիալում արվեստ կա, բայց փորձում եմ մաքսիմալ լավ անել այն, ինչ անում եմ: Պետք չէ մտնել վանդակի մեջ և միայն քննադատել: Այսօրվա դրությամբ Հայաստանում դերասանը կինոյում նկարահանվելու փորձ կարող է ձեռք բերել՝ միայն սերիալում նկարահանվելով, որովհետև մեզանում կինոարտադրության տոկոսը շատ ցածր է:

– Սահակյանց ազգանունը կրելը բարդ է և պարտավորեցնող…

292375_461395173880842_775553576_n– Այո, շատ բարդ է. պապիկս մեծ մարդ է եղել, հիմա հայրս է այդպիսին դառնում: Քեզ թվում է, թե ամեն քայլիդ բոլորն ուշադիր հետևում են: Երբ ինչ-որ վայրերում ազգանունս կարդում են, միանգամից հարցնում են` Ռոբերտ Սահակյանցի հետ կապ ունե՞մ, թե՞ ոչ: Մարդիկ արդեն իսկ իմ մասին լավ կարծիք են կազմում, որի համար պարտական եմ իմ պապիկին: Ես չեմ կարող Սահակյանց ազգանունն անտեսել:

– Պապիկիդ հետ կապված ի՞նչ պատմություն կհիշես:

– Մի անգամ ամբողջ գերդաստանով Սևան էինք գնացել: Ֆուտբոլի դաշտ կար, խաղում էինք: Մեկ էլ՝ թփերի միջից պապս է դուրս գալիս ու ասում` «Գնդակը գլորեք»: Իրեն այդ ժամանակ շատ քիչ էր շարժվել թույլատրվում, բայց, միևնույն է, եկավ, գնդակը վերցրեց ու մեզ հետ հավասար սկսեց խաղալ: Չէիր ասի, որ այս մարդը 59 տարեկան է: Մենք հաճախ էինք միասին ֆուտբոլ խաղում, դա մեր վերջին խաղն էր:

– Իսկ հայրդ քո նկատմամբ խի՞ստ է:

– Եթե հարցը մասնագիտությանս է վերաբերում՝ խիստ է, ինձնից շատ է պահանջում: Իսկ սերիալում նկարահանվելու հետ կապված` եթե լավ եմ խաղում, ասում է՝ լավ է, եթե ոչ… Այնպես չի, որ ես սերիալներ եմ սիրում, կամ էլ հայրս է սիրում, ուղղակի ասում է, որ եթե մի բան ես անում, պետք է լավ անես ու չդառնաս շարքային դերասան:

– Եթե անդրադառնանք անձնական կյանքիդ, նորություններ կա՞ն: Ընկերության առաջարկություններ լսե՞լ ես:

– Նորություններ չկան (ժպտում .- Գ. Ա.): Այո, երբեմն ֆեյսբուքով գրում են, թե եթե ինձ հետ չամուսնանան՝ կմեռնեն, ու նման ինչ-որ բաներ…

– Կարդալ սիրո՞ւմ ես: Ինչո՞վ ես ազատ ժամանակ զբաղվում:

528520_463770293643330_166794311_n– Որ ասեմ, թե ահավոր շատ եմ կարդալ սիրում՝ սուտ կլինի: Այն, ինչ հետաքրքրում է՝ կարդում եմ: Հիմա «Աննա Կարենինան» եմ կարդում, ինստիտուտում են պահանջել, իսկ սիրածս գիրքը Սելինջերի «Над пропастью во ржи»-ն է: Ես ապրում եմ այդ գրքով: Ազատ ժամանակ սիրում եմ ֆուտբոլ խաղալ, նկարել, ֆուտբոլ նայել: Երկրպագում եմ ոչ «Բարսելոնային», ո՛չ «Ռեալին», այլ «Մանչեսթեր Յունայթեդին»: Հայաստանում չեն հասկանում, որ այդ երկու թիմերից բացի, մեկ այլ թիմ էլ կա (ժպտում է.- Գ. Ա.):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս