Երևան՝ բարձր, ցածր և ուղղահայաց ոճի քաղաք

Նկատե՞լ եք, վերջերս շատ մոդայիկ է դարձել Երևանի քաղաքապետարանի աշխատանքը քննադատելը։ Եվ այնպես չէ, որ տեղին չեն դժգոհությունները։ Բայց հետաքրքիր բան է` որքան շատ գործ է արվում, այնքան շատ քննադատում ենք։ Նախկին մի քանի քաղաքապետերի օրոք, երբ գրեթե ոչինչ չէր արվում, և քաղաքը ինքնահոսի էր մատնված, մարդիկ դժգոհ էին, սակայն դա շատ ընդհանուր զգացում էր։

Հիմա, երբ քաղաքապետարանը սկսել է զբաղվել քաղաքի ամանորյա զարդարանքով, մենք մանրամասն քննարկում ենք առանձին-առանձին յուրաքանչյուր պինգվինին, ֆլամինգոյին, որը, երևի թե, կոչված է խորհրդանշելու մեր ամանորյա ուրախ տրամադրությունը։ Ամբողջ ֆեյսբուքը հեղեղված է պինգվինա-ֆլամինգյան դիզայներական մտքի թռիչքների վրա պարոդիաներով։ Մյուս կողմից, մարդկանց մեկ այլ խումբ ֆեյսբուքում միմյանց շնորհավորում են, որ վերջապես քաղաքը գեղեցկացել է, դարձել է «բոնբոներկայի նման»։

Կամ, օրինակ, կանաչ դաշնամուրը, կիթառը և սաքսոֆոնը, որոնք ամիսներ առաջ հայտնվել էին Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ։ Քաղաքացիների մի մասը քննադատում էր, մեղմ ասած, «կանաչապատ նվագախումբը», բայց միևնույն ժամանակ` այդ «նվագախմբի» կողքին մարդկանց հերթ էր գոյանում, ովքեր ցանկանում էին, օրինակ, այդ նույն դաշնամուրի հետ նկարվել, որպեսզի լուսանկարը տեղադրեն իրենց «Օդնոկի սայթում»։

Թերևս, ճաշակի հարց է. կսիրե՞ս ծաղկած տրոմբոնը` կողքին լուսանկարվելով, որ հետո թոռներդ տեսնեն, թե՞ օրուգիշեր կերազես` ե՞րբ որևէ երկնաքար կոչնչացնի այն։ Ճաշակի հետ կապված հարցերում շատ դժվար է վիճել, ճաշակին ոչ միայն ընկեր չկա, այլև չուզողները սարսափելի շատ են ու բազմազան։ Իհարկե, կան հարցեր, որոնց շուրջ նույնիսկ թեթևակի վիճել հնարավոր չէ, ինչպես, օրինակ, Արման Հովհաննիսյանը` ՀՀ վաստակավոր արտիստի դերում։

Կարդացեք նաև

Բայց քաղաքի հարցում գոնե կարող ենք ինչ-որ մի ընդհանուր հայտարարի գալ` դա ոճն է։ Սիրո՞ւն, թե՞ գեշ, բայց քաղաքը պետք է ինչ-որ ոճ ունենա: Ֆլամի՞նգո, թե՞ գերմանամուկ, կարևոր չէ. բայց այդ ամենը պետք է քաղաքի ոճից բխի, ընդ որում` և ճարտարապետությունը, և քաղաքի ժամանակավոր տոնական զարդարանքը։
Խնդիրը նրանում է, որ մեզ մոտ դա հիվանդության պես է` շատ հաճախ բացակայում է ոճի զգացողությունը։ Հավանաբար խորհրդային ժամանակներից մնացած երևույթ է. այն ժամանակ ամեն ինչ այնքան միաոճ էր, որ տարիների ընթացքում ոճի զգացողությունը մեզանում պարզապես բթացավ և չորացավ։

Այնպես չէ, որ ամենուր մարդիկ ոճային են և բախտավոր, կամ միայն մենք ենք այսպես խառը կամ ոճի բացակայությամբ։ Բայց շատ երկրներում և քաղաքներում գոնե գոյություն ունեն որոշակի կաղապարներ, որոնք թույլ չեն տալիս ամեն ինչ վերածել կառնավալային քաոսի։ Ֆրանսիայում, օրինակ, որևէ գյուղում տուն կառուցող մարդու համար օրենքով նախանշված են այն կոշտ սահմանները, որոնք նա իրավունք չունի շրջանցել:

Տանիքի մի քանի տեսակներ կան, որոնք թույլատրվում է շինարարության ժամանակ գործածել: Որևէ մեկը չի կարող իր տունը, տանիքը կառուցել այնպես, ինչպես իր սիրտն է ուզում: Այսինքն` հանրությունը օրենքի ուժով է պաշտպանված անճաշակ մարդկանցից։

Եվ որևէ խոպանչի-գյուղացի, վերադառնալով, ասենք, հյուսիսային հարևան Գերմանիայից, չի կարող ինքն իրեն որոշել և իր տունը կառուցել, օրինակ, գերմանացի մեծահարուստի շքեղ դղյակի նման, որը տվյալ գյուղացին տեսել է այնտեղ աշխատելու ընթացքում: Ոչ էլ երբևէ կկարողանա կառուցապատման խոչընդոտները հաղթահարելու համար գյուղապետին կաշառելով` թույլտվություն ստանալ։ Նման հարցերը նույնիսկ քննարկման ենթակա չեն: Ինքնաթիռից Եվրոպան շատ միատարր է թվում։ Երևանից հետո` նույնիսկ չափից դուրս։

Ոճի զգացումը մեզ դավաճանում է ոչ միայն քաղաքաշինական կամ այլ գլոբալ հարցերում։ Նույնիսկ մանրուքներ թվացող հարցերի մեջ են շեղումներ նկատվում։ Երևանում չե՞ք հանդիպել սրճարանների, որոնք, օրինակ, կանաչ մարմարով են պատված։ Կամ` մգեցրած պատուհաններով խանութների…

Ավելի մանրանանք։ Մոտենում եք գեղեցիկ ձևավորված մի ռեստորանի, ուր ամեն ինչ շատ համահունչ է, ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ հայտնվել եք 19-րդ դարավերջում, Լոնդոնում։ Մառախլապատ երեկո է, ձայները խլանում են հեռվում… Մեկ էլ… ռեստորանի վրա ռուսերեն լեզվով գրված է` «Губит людей не пиво, губит людей вода», գարեջրա-խեցգետնային թեմաներով զարհուրելի նկարներ են պատկերված… Եվ այսպես շարունակ…

Ոճի բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ Երևանն այսօր ունի մի քանի տասնյակ, իրարամերժ պատկերներ։ Եվ մեր մեջ, կարծես, ապրում են մի քանի երևանցիների զուգահեռ հոսքեր, որոնք միմյանց մասին շատ հաճախ պատկերացում չունեն, բայց անընդհատ միմյանց խանգարում են ապրել, հրմշտում են միմյանց։ Իսկ այդ «բրթբրթոցից», բնականաբար, տուժում է հենց մեր Երևանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս