«Մատաղիսի» գործով մեղադրյալների ուրախությունը (տեսանյութ)

«Հալալ է, հալալ, Աստված ձեզի երկար կյանք տա, Տեր Աստված, շնորհակալ եմ, ես գիտեի, որ էս օրը գալու է, ես գիտեի, որ արդարությունը հաղթելու է: Ես գիտեմ, որ Հայաստանը էսպես չի մնալու, շուտով սաղի դուռը էս արդարությունը չոքելու է»,- դատարանի դահլիճում արդարացման դատավճռի հրապարակումից հետո լալիս ու գոռում էր «Մատաղիսի» գործով մեղադրյալ Մուսա Սերոբյանի մայրը՝ Մարինե Սերոբյանը:

«Ովքեր պայքարեցին մեզ հետ, շնորհակալ եմ նրանց բոլորին՝ իրավապաշտպան կազմակերպություններին, Հելսինկյան ասոցիացիային, մահացած զինվորների ծնողներին, ովքեր մեզ հետ հավասար պայքարեցին արդարության հասնելու համար: Շնորհակալ ենք նաեւ դատավորներին, թող իրանց համար բարի Նոր տարի լինի, թող Աստված իրանց օջախներն էլ օրհնի»:

Երեք մեղադրյալ երիտասարդները եւս խիստ հուզված էին: Նրանցից Արայիկ Զալյանը galatv.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքն ուղղակի վստահ էր, որ այսօր դատարանը արդարացման դատավճիռ էր հրապարակելու:

«Ես միշտ սպասել եմ՝ ելնելով նրանից, որ մենք անմեղ ենք: Երբ որ վերաքննիչ դատարանը մեզ ցմահ դատապարտման ենթարկեց, ես այդ պահին էլ էի սպասում, որ պետք է արդարացման որոշում լինի, որովհետեւ մենք անմեղ ենք: Որպես իրավաբան՝ հետամուտ եմ լինելու եւ տուժողի իրավահաջորդներին օգնելու եմ՝ ինչով որ հնարավոր կլինի»,- ասել է Արայիկ Զալյանը:

Կարդացեք նաև

Հարցին, թե երեք տարի անազատության մեջ գտնվելու և իրենց չգործած հանցանքի համար անազատության դատապարտելու համար ո՞վ է պատասխան տալու և արդյոք մեղադրյալները չեն պատրաստվո՞ւմ փոխհատուցման պահանջով հանդես գալ, Արայիկ Զալյանը պատասխանել է. «Մեր հետագա գործողությունները ցույց կտան, առայժմ ոչինչ այս պահին ասել չեմ կարող»:

Մեղադրյալներից Ռազմիկ Սերոբյանը դատարանում galatv.am-ի հետ զրույցում ասել է, որ իր համար նման դատավճիռը անսպասելի էր. «Չեմ կարող բացատրել, թե ինչ վիճակի եմ, անակնկալ էր, չէի սպասում: Դա մեծ անակնկալ էր: Ներկա դրությամբ չեմ կողմնորոշվում՝ ինչ ասեմ: 9 տարի ապրելը եւ մտածելը ազատ լինելու մասին հեշտ չէր»:

ԳԱԼԱ-ի հարցադրմանը, թե ո՞րն է լինելու նրանց հետագա քայլը, երիտասարդը պատասխանել է. «Հաջորդ քայլը ո՞րն է լինելու: Չգիտեմ, թե ինչ ասեմ, երևի կամուսնանանք, այո, բնականաբար, մենք կամուսնանանք»:

Նշենք, որ 9 տարի տեւած դատական գործընթացները խանգարում էին նաև երիտասարդներին իրենց անձնական կյանքը դրսևորելուն: 9 տարի անընդմեջ դատական տարբեր ատյաններում նրանց անվան կողքին դատավորները նաև կարդում էին՝ «ամուրի»:

Տեսանյութեր

Լրահոս