«Առաջիկա 3 տարիներին զբոսաշրջության ոլորտում բավականին մեծ ներդրումներ են լինելու». Տիգրան Ջրբաշյան
«Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրել է համապարփակ հետազոտություն Հայաստանի զբոսաշրջության և հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նպատակն է գնահատել հանրապետությունում տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը և զարգացման դինամիկան:
Ինչպես նշում է panorama.am-ը, հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերլուծությունը, հյուրանոցային ոլորտի շրջանառության ծավալները Հայաստանում, նաև մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ-ում, Հարավային Կովկասի տարածաշրջանի տարբեր կարգի հյուրանոցներում սենյակների միջին տարեկան սակագների և զբաղվածության համեմատական վերլուծությունը, Հայաստանում և տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման միտումները և այլն: Հետազոտությունը ներառում է նաև առկա և ակնկալվող հյուրանոցային ծառայությունների ընդհանուր նկարագիրը` ըստ հյուրանոցների տեսակների, սպասարկման ծավալի, սենյակների արժեքի և ըստ այլ չափանիշների: Հետազոտությունը ներկայացնում է նաև Հայաստանի և Հարավային Կովկասի տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների համեմատական վերլուծություն, ինչը հնարավորություն է ընձեռում գնահատել Հայաստանի գրաված դիրքը տարածաշրջանում: Բացի այդ, հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել նաև զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի առկա վիճակը և արդյունավետության ցուցանիշները՝ ըստ հյուրանոցների չափի և կարգի:
Ինչպես այսօր հետազոտության շնորհանդեսի ժամանակ նշեց «Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հյուրանոցային գործունեությունը առաջիկա տարիներին լինելու է Հայաստանի զարգացող ոլորտներից մեկը, քանի որ այն ունի մեծ պահանջարկ; «Մեր կանխատեսումներով առաջիկա երեք տարիների ընթացքում այս ոլորտում բավականին մեծ ներդրումներ են լինելու: Կարծում ենք, որ 2015թ-ին Հայաստանում տուրիստական հոսքերը կհասնեն 1մլն-ի, իսկ դա նշանակում է, որ 50%-ով կավելանան հյուրանոցները»,- ասաց Տ.Ջրբաշյանը:
Նրա խոսքերով` ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հետաքրքիր տվյալներ: Մասնավորապես, պարզվել է, որ տուրիստական հոսքի տեսակետից գրեթե թեև Հայաստանը զիջում է Վրաստանին և Ադրբեջանին, սակայն աճի տեմպերով մեր երկիրը գրեթե երկու անգամ գերազանցում է Ադրբեջանին: Այսպիսով, հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ` գործարար, հանգստի կամ այլ նպատակներով: Վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է` 25.2%, այնուհետև Հայատանինը` 16.7%, իսկ Ադրբեջանինը`10.5%: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոսաշրջության զարգացման տենդենց կա հատկապես Վրաստանում և Հայաստանում:
Ինչ վերաբերում է հյուրանոցներին, Տ. Ջրբաշյանը նշեց, որ ամենամեծ շահութաբերությունն այսօր ապահովում են միջին դասի հյուրանոցները` 3-ից մինչև 4+: «Սա վկայում է այն մասին, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում բիզնես մոդելը կփոխվի, և մենք ականատես կլինենք մինչև 4+ աստղանի հյուրանոցների բացմանը, որոնք հնարավորություն կտան ապահովել զբոսաշրջիկների պահանջարկը»,- ասաց Տ.Ջրբաշյանը: Ըստ նրա` հետազոտության արդյունքում բացահայտվել է նաև, որ վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում բավականին նվազել են բարձրակարգ հյուրանոցների գները:
Նշեց նաև, որ հետազոտությունն իրականացվել է միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor և այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի և տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում և Հարավային Կովկասի տարածաշրջանում: