
ՀՅԴ-ն կպաշտպանի՞ Սերժ Սարգսյանի թեկնածությունը

168.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ՀՅԴ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև կայացած հանդիպմանը դրական է վերաբերվում:
«Շատ նորմալ եմ վերաբերվում այս հանդիպմանը: ՀՅԴ-ն հրապարակավ հայտարարել է, որ քննարկումների շարք է սկսում, այդ թվում՝ հանդիպել է մեզ հետ, նաև՝ ՀՀԿ-ի հետ: Որևէ խնդիր այստեղ չեմ տեսնում: Կարծում եմ՝ սա սովորական քաղաքական պրոցես է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ ՀՅԴ-Սերժ Սարգսյան հանդիպումից եզրակացնել, որ Դաշնակցությունը կպաշտպանի կամ չի պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ դեռևս վաղ է: «Կարծես թե սովորական աշխատանքային հանդիպում է եղել, որևէ խնդիր չեմ տեսնում:
Առավել ևս, երբ Հրանտ Մարգարյանը բարձրաձայնեց, որ, ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ով ընդունել էր ՀՅԴ բոլոր յոթ կետերը, գործող նախագահն անընդունելի էր համարել երկուսը՝ խորհրդարանական համակարգի անցման և հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ»,- նշեց նա:
Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց, թե ՀՅԴ-ի և ՀՀ նախագահի միջև ընդամենը մեկ հանդիպում է կայացել, ուստի ինքը չի կարող ոչ բացառել, ոչ էլ հաստատել ՀՅԴ-ՀՀԿ միասնական թեկնածուով հանդես գալու հնարավորությունը, առավել ևս, երբ ՀՀ նախագահը դեմ է արտահայտվել ՀՅԴ ներկայացրած յոթ կետերից երկուսին:
Այս պարագայում, ըստ նրա՝ հասարակության համար շատ անհասկանալի կլինի ՀՅԴ-ի կողմից ՀՀԿ թեկնածուի սատարումը: