Դավադիր համաձայնություն՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Երբ հեռուստացույցի ալիքները մի քանի շրջան պտտելուց հետո ի վերջո գտնում ես դիտելու արժանի որևէ հաղորդում կամ ֆիլմ, և հանկարծ այն ընդհատվում է որևէ ընկերության տափակ գովազդով, առաջին ռեակցիան լինում է «քաղցր» բառերը այդ ընկերության հասցեին։ Ի՞նչ կապ ունի այս ամենը վերնագրի հետ։ Հավատացնում ենք, որ ունի։ Սակայն չշտապենք և վերադառնանք գովազդներին։

Երբևէ մտածե՞լ եք, որ ձեզ «գովազդախեղդ» անող ընկերությունը ձեր նկատմամբ ավելի ազնիվ է վարվում, քան ընդհանրապես գովազդ չանողները։ Ընկերությունը գովազդում է իր արտադրանքն ու թվարկում իր առավելությունները, որպեսզի դուք ընտրեք հենց իր արտադրանքը, ոչ թե իր մրցակցինը։ Ձեզ «գովազդախեղդ» անելով՝ ընկերությունը կարևորում է ձեզ, ձեր ընտրությունը։ Ընկերությունը խոստովանում է, որ կախված է ձեզնից։ Կարճ ասած, գովազդի վրա մեծ գումարներ ծախսում են այն ընկերությունները, որոնք իրոք մրցակցում են միմյանց հետ ու կախված են սպառողից։ Կարևորում են սպառողի կարծիքը։ Նման հարաբերություններից սպառողն ու տնտեսությունը միայն շահում են։ Չհաշված բարոյական կողմը, որ սպառողն իրեն կարևոր ու գնահատված է զգում։

Հիմա փորձեք մտաբերել՝ երբևէ տեսե՞լ եք, որ, օրինակ, «Հայռուսգազարդը» գովազդի իր բնական գազը։ Դժվար թե. գազի ի՞նչը գովազդեն և ինչո՞ւ։ Ինչ գազ էլ լինի՝ իրանական, թե թուրքական, ցածր կալորիականության, թե բարձր, դուք այն գնելու եք։ Գնելու եք միակ վաճառողից։ Ոչ թե նա է ձեզնից կախված, այլ դուք եք նրանից կախված։ Նա ձեր կարիքը չունի։ Գովազդ չեն անում նաև բենզին վաճառողները, որովհետև ներքին համաձայնությամբ միմյանց մեջ բաժանել են շուկան ու գործում են խաղի նույն կանոններով՝ միաժամանակ բարձրացնելով և իջեցնելով գները։ Նրանց համար նույնպես սպառողի համակրանքին արժանանալը չի կարևորվում։ Սա կոչվում է դավադիր համաձայնություն, որն օրենքով արգելվում է, սակայն լայնորեն կիրառվում է հայաստանյան այն շուկաներում, որտեղ խաղացողների թիվը սահմանափակ է։

Կարճ ասած՝ դավադիր համաձայնություններից ոչ մի լավ բան սպասել չի կարելի։ Դրանից շահում են միայն այդ համաձայնության մասնակիցները, իսկ սպառողները «շահում» են որակի անկում ու թանկացում։ Ասենք՝ թանկ բենզին, թանկ ու անորակ պանիր և այլն։

Հիմա արդեն մոտեցանք վերնագրին։ Դավադիր համաձայնություններ կայացվում են ոչ միայն տնտեսական դաշտում՝ մասնավոր ընկերությունների միջև, այլև քաղաքականության մեջ, երբ քաղաքական ուժերը կամ կուսակցությունները (այդ թվում՝ միմյանց հակադիր) փորձում են միմյանց միջև բաժանել իշխանությունն ու որոշել յուրաքանչյուրի դերն ու հասանելիքը իշխանական կերակրատաշտից։ Կարելի է ասել՝ նկարում են քաղաքական դաշտը։ Քաղաքական դավադիր համաձայնությունը, անգամ նման համաձայնության գալու փորձը շատ ավելի վտանգավոր է։ Այն ուղղված է քաղաքացու, երկրի դեմ։  Եվ վնասում է ոչ թե ֆինանսապես, այլ բոլոր առումներով։ Սրա արդյունքում, ընտրող-քաղաքացին այլևս չի կարևորվում։ Ժողովուրդն այլևս չի դիտարկվում որպես քաղաքական ու ընտրական գործոն` ոչ իշխանությունների, ոչ ընդդիմության, ոչ այլընտրանքային քաղաքական ուժերի, ոչ էլ փորձագետների և լրագրողների կողմից։ Ժողովուրդը կա միայն ելույթներում։ Ժողովրդից և նրա տված քվեից ոչինչ կախված չէ։ Իսկ երբ ժողովուրդը չի ձևավորում իշխանությունը, ապա միամտություն կլինի կարծել, որ այդ իշխանությունը որևէ կերպ հաշվետու կարող է լինել ժողովրդին։ Եվ այդտեղ սկսվում է ամենաթողությունը, որը երկիրը տանում է կործանման՝ ի շահ մի քանի հոգու կամ մի քանի խմբի։

Հայաստանի քաղաքական դաշտն այսօր դավադիր համաձայնության կայացման ակտիվ պրոցեսի մեջ է։ Այն դեռ չի կայացվել, դեռ ընթանում են անդրկուլիսային բանակցությունները կամ ավելի տեղին կլինի ասել՝ «բազարը»։ Ոմանք մասնակցում են անմիջականորեն, ոմանք էլ կողքից հետևում են, որ հարմար պահի իրենք էլ մտնեն դրա մեջ։ Ամեն ինչ որոշվում է մի խումբ մարդկանց շրջանում։ Ընդ որում՝ եթե մասնավոր հատվածում այդ ամենը խիստ կոնֆիդենցիալ բնույթ է կրում, ապա Հայաստանի ներքաղաքական դաշտում բացահայտ է։ Մանրամասները, ճիշտ է, չեն հայտարարում, սակայն չեն էլ թաքցնում, որ «բազարի» մեջ են ։ Ասես միտումնավոր չեն թաքցնում՝ ժողովրդին վերջնականապես համոզելու համար, որ ինքը ոչինչ չի որոշվում։ Որ աշխարհից չամաչեին՝ քարոզարշավ ու ընտրություններ էլ չէին անի։ Ի՞նչ իմաստ ունի այդպիսի «թիթիզ» բաների վրա փող ծախսել։ Այդուհանդերձ, նախընտրական քարոզարշավի ընթացքում «ռոլիկներ» կպտտեն ու ընտրողների հետ իբր կաշխատեն՝ այս ամենի համար գոնե մի թեթև քաղաքակիրթ ֆոն ապահովելու համար։ Ամոթից ելնելով։

Ինչպես ցանկացած «բազարի» դեպքում, վերջնական արդյունքից որոշները գոհ կմնան, որոշները ոչ այնքան։ Իսկ շատ դժգոհ մնացածները, «քցվածները» կամ խաղից դուրս մնացածները ժողովրդի գործոնը կհիշեն միայն այդ ժամանակ։ Կսկսեն ինտենսիվ պտտել «ռոլիկները» և հանդիպել ընտրողների հետ։ Կասեն՝ ձեզ չէինք մոռացել, պարզապես սպասում էինք նախընտրական շրջանը սկսվի։ Ու դա կանեն ոչ թե «բազարի» արդյունքում չստացածը ժողովրդի օգնությամբ ստանալու համար, այլ գոնե դեմքը փրկելու, հեղինակությունը որոշ չափով վերականգնելու համար։

Սակայն դա դժվար թե ստացվի։ Որովհետև հեղինակությունն ու վստահությունը «բազարին» մասնակցելու (թեկուզ դիտորդի կարգավիճակով) գինն են և վճարվում են դրա մեջ մտնելու պահին, միանվագ։ Իսկ մեր ժողովուրդը, ճիշտ է, հիշաչար չէ, սակայն իմաստուն է և հասկանում է, որ քաղաքականության մեջ «բազարի» և դրա ցանկացած ելքի դեպքում ամենամեծ տուժողն ինքն է, իր դերը սեփական երկրի մեջ գնալով մոտենում է զրոյի։ Այնպես որ միգուցե ներեն, ինչ-որ տեղ խղճան, բայց չեն հարգի։

 

Տեսանյութեր

Լրահոս