«Որքան ծերանում եմ, այնքան Հայաստանը շատ է քաշում». Հմայակ Դուրգարյան

Քչերին է հայտնի Հմայակ Դուրգարյանի անունը, ով 1962թ. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Զարեհ Սահակյանցի հետ ստեղծել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Այսօր նա բնակվում է Իսպանիայում: Օրերս նա Երևանում էր: 168.am-ը բաց չթողնելով առիթը՝ հանդիպել և զրուցել է ջութակահար, դիրիժոր Հմայակ Դուրգարյանի հետ:

– Պարոն Դուրգարյան, այս անգամ ի՞նչ առիթով եք Հայաստանում:

– Իսպանիայում էի, երբ ինձ զանգահարեց Զարեհ Սարգսյանցի կինը՝ Աիդա Սահակյանցը, և ասաց, որ պատրաստվում են Կամերային նվագախմբի հիմնադրման 50-ամյակը նշել, և ուրախ կլինի, եթե ես էլ՝ որպես հիմնադիր, ներկա գտնվեմ: Ահա այս առիթով էլ Հայաստանում եմ: Այս տարի ինձ համար շատ հետաքրքիր տարի էր՝ լրացավ իմ 70-ամյակը, Կամերային երաժշտության 50-ամյակը և իմ ժամացույցի 40-ամյակը, որն ինձ նվիրել է Վազգեն Առաջին կաթողիկոսը՝ նվագախմբի 10-ամյակի կապակցությամբ (ժպտում է և ցույց տալիս ժամացույցը.- Գ. Ա.):

– Կպատմե՞ք՝ ինչպե՞ս ստեղծվեց Կամերային նվագախումբը:

Կարդացեք նաև

– Հիշում եմ 1962 թվականի սեպտեմբերի 11-ը, երբ Զարեհ Սարգսյանցը մոտեցավ ինձ և ասաց. «Համի՛կ, ի՞նչ ես մտածում, երեկոյան չհավաքվե՞նք և «музицировать» անենք»: Ես մեծ ուրախությամբ համաձայնեցի, տարբեր երաժիշտներով հավաքվեցինք և սկսեցինք նվագել: Մենք առաջին անգամ զգացինք սերը դեպի կամերային երաժշտությունը: Նվագելուց հետո բոլորս լուռ էինք, որևէ մեկս չէինք կարողանում խոսել:

Այդ տարիներին ո՛չ համացանց կար, ո՛չ ձայնագրություններ կային, և, ով մի ձայնասկավառակ էր գտնում՝ ուրախանում էինք և հավաքվում նրա մոտ: Այսպես որոշեցինք ամեն երեկո Սայաթ-Նովայի անվան դպրոցի նկուղային հարկում փոքր խմբով հավաքվել և «музицировать» անել: Կամաց-կամաց նվագողները փոխվեցին, քանի որ մեկը սովորում էր, մեկն՝ աշխատում, մյուսը՝ այլ երկրից էր, և այլն: Արդեն 1964 թվականին, մեծ ջանքերից հետո, Զարեհին հաջողվեց որպես կոլեկտիվ խումբ՝ մուտք գործել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբ: Այսպես սկսվեց մեր կյանքը: Զարեհն իմ մեջ ներարկեց սերը դեպի կամերային երաժշտություն: Իմ ամբողջ կյանքն ընթացավ այս ուղղությամբ: Ես ոչ մի վայրկյան չեմ ափսոսել, որ այս ուղին եմ ընտրել:

 – Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Մոսկվայում:

– Մինչև 1969 թվականը Երևանում էի և շարունակում էի աշխատել Կամերային նվագախմբում, բայց նույն թվականին ես մասնակցեցի Անդրկովկասյան 3-րդ փառատոնին և հնարավորություն ունեցա մեկնել Մոսկվա և ասպիրանտուրայում սովորել: Քննությունները հանձնեցի և անմիջապես զանգեցի Զարեհին: Ասացի, որ ընդունվել եմ, բայց մինչ օրս չեմ որոշել՝ ո՞ր պրոֆեսորի մոտ արժե սովորել: Նրա խորհրդով՝ ընդունվեցի Բորիս Վլադիմիրովիչ Բելենկիի մոտ: Այսպես ես սկսեցի սովորել և ընդամենը մեկ ամիս հետո սկսեցի Բարշայի, Լև Մարկիզի կամերային նվագախմբերում նվագել, սովորելու տարիներին էլ Բորիս Վլադիմիրովիչի ասիստենտը դարձա: 1972 թվականին ասպիրանտուրան ավարտեցի:

– Կպատմե՞ք, թե ինչպես հայտնվեցիք Սովետական Միության Պետական սիմֆոնիկ նվագախմբում:

– Ասպիրանտուրան ավարտելուց հետո ինձ զանգահարեց Բորիս Վլադիմիրովիչը և ասաց. «Համի՛կ, Սովետական Միության Պետական սիմֆոնիկ նվագախմբում ջութակահարի ազատ տեղ կա, և վաղը մրցույթ է անցկացվելու»: Ես պատասխանեցի, որ ուրիշ ծրագրեր ունեմ և ուզում եմ Հայաստան վերադառնալ, քանի որ Զարեհը երեք տարի նվագախմբում իմ տեղը պահում է: Նա ասաց, որ ուղղակի ուժերս փորձեմ, քանի որ այդ նվագախումբ ամեն մարդ չի կարողանում մուտք գործել: Ասացի՝ մեկ օր ժամանակ տվեք՝ կմտածեմ: Անմիջապես Երևան՝ Զարեհին զանգեցի և պատմեցի տեղի ունեցածը:

Ուշադիր լսելուց հետո՝ ինձ պատասխանեց. «Ես ապրել եմ Մոսկվայում և գիտեմ, թե ինչ է իրենից ներկայացնում Մոսկվայի երաժշտական կյանքը: Ես շատ ուրախ կլինեմ, եթե դու որոշ ժամանակ Մոսկվայում աշխատես և շփվես այդ երաժիշտների հետ: Քո տեղը նվագախմբում միշտ էլ կա»: Ես մինչև այսօր էլ այդ օրերը երախտապարտությամբ եմ հիշում: Հաջորդ օրը գնացի և նվագեցի՝ հույս չունենալով, որ ինչ-որ բան կլինի: Բայց ինձ զանգահարեց պրոֆեսորս և ասաց, որ ինձ ընդունել են: Ուղիղ 10 տարի աշխատեցի: Այս շրջանն իմ կյանքի ամենաերջանիկ տարիներից էր, որովհետև այդ 10 տարիների ընթացքում ես հնարավորություն ունեցա շփվելու ինձ համար աշխարհի ամենահայտնի դիրիժորներից մեկի՝ Եվգենի Սվետլանովի հետ:

– Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Վլադիմիր Սպիվակովի «Виртуозы Москвы» նվագախմբում: Քչերը գիտեն այդ մասին:

– Կյանքն այնքան բուռն էր ու զարմանալի, որ նույնիսկ ժամանակ չկար մտածելու, թե հետո ի՞նչ ես անելու: Այսպես աշխատեցի՝ մինչև զանգահարեց Վլադիմիր Սպիվակովը և իր նվագախումբ հրավիրեց: Ես զարմացա, որովհետև Սովետական Միության Սիմֆոնիկ նվագախմբից որևէ մեկը դուրս չէր եկել: Բոլորը ձգտում էին այդ օրկեստրում աշխատել, մեծ պատիվ էր Սպիվակովի հետ այնտեղ աշխատելը, բացի այդ՝ բարձր աշխատավարձ, պատիվ, հարգանք, շրջագայություններ…

 

 

 

 

 

 

 

 

 

Քանի որ երաժշտությունը ձգում էր ինձ, ես մրցույթում նվագեցի և դարձա Սպիվակովի նվագախմբի անդամ: Դա հենց այն նույն օրն էր, երբ նվագախումբը պետական օրկեստր դարձավ: Կամաց-կամաց, իմանալով իմ կազմակերպչական ջիղը, Սպիվակովը խնդրեց, որ ես դառնամ նվագախմբի ադմինիստրատորը: Այս ընթացքում սկսեցի նաև դիրիժորություն անել: Հիշում եմ, երբ շրջագայություններով ինչ-որ երկրում էինք լինում, հասնելով հյուրանոց և ճամպրուկները մի կողմ դնելուց և ֆրակը տեղավորելուց հետո՝ միանգամից վերցնում էինք ջութակը և փորձեր անում: Հյուրանոցի տերերն արդեն կատաղում էին մեր արձակած ձայներից: Փորձեր էինք անում որտեղ պատահեր՝ նկուղում, օդանավակայանում:

Մենք շատ էինք նվիրված, դա գալիս էր նրանից, որ Վոլոդյան էլ, իր հերթին, նվագախմբին և իր գործին շատ էր նվիրված: Բոլորս կամերային երաժշտության «գժեր» էինք: Այսպես՝ մինչև 1990 թվականը միասին աշխատեցինք: Հետո, երբ Սովետական Միությունում վիճակը վատացավ, մենք նույն թվականի դեկտեմբերի 2-ին տեղափոխվեցինք Իսպանիա: Մի քանի տարի այսպես աշխատեցինք, բայց հետո Սպիվակովը հասկացավ, որ պետք է Ռուսաստան վերադառնալ: Շատ դժվար շրջան էր, բոլորը պետք է որոշեին՝ մնո՞ւմ են, թե՞ ոչ: Ես որոշեցի մնալ… Արդեն 22 տարի է, Իսպանիայում եմ: Սկսեցի Կոնսերվատորիայում աշխատել, ինձ համալսարանում դասավանդելու հրավիրեցին: Բազմաթիվ համերգներ և շատ աշակերտներ եմ ունեցել:

– Իսկ նվագախմբում անհամաձայնություններ հաճա՞խ էին լինում:

– Ոչ, քանի որ ամբողջ աշխատանքը երաժշտությանն էր ուղղված: Երբեմն վիճում էինք, բայց կարճ ժամանակ անց համաձայնության էինք գալիս: Բոլորը հավասար աշխատում էին, նվագախմբում ոչ մի պատահական մարդ չկար, բոլորը փորձառու երաժիշտներ էին:

– Սպիվակովին և նրա կնոջը՝ Սաթենիկ Սահակյանցին, Դուք եք ծանոթացրել, չէ՞:

– Այո: 1984-1985 թվականներին, երբ Հայաստանում էինք, Զարեհը նվագախմբից մի քանի հոգու իր տուն հրավիրեց: Նրա տան պատի վրա նկարներ էին ամրացված, մի նկարում էլ Սաթենիկն էր, նկարն «Անուշ» օպերայից էր: Վոլոդյան տեսավ, ըստ երևույթին, միանգամից շատ հավանեց, շրջվեց ինձ ու ասաց. «Երբ Մոսկվա գնանք, անպայման համերգին կհրավիրես»: Համերգից հետո ծանոթացրեցի… այսպես էլ նրանք ամուսնացան: Ամուսնությունից հետո մի մեծ սպիտակ ծաղկեփնջով եկան մեր տուն (ժպտում է.- Գ. Ա.):

– Այսօր Սպիվակովի հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:

– Ժամանակի ընթացքում հարաբերությունները փոխվում են: Միգուցե Սպիվակովն ինձանից նեղացել է, քանի որ ես իր հետ Մոսկվա չվերադարձա: Թեպետ մինչև այսօր էլ ես վառ ձևով հիշում եմ այն 10 տարիները: Երբ Մոսկվա եմ գնում՝ անպայման նրա համերգներին լինում եմ և նրան շնորհավորում եմ:

– Իսպանիայում այժմ ի՞նչ եք անում:

– Հիմա թոշակառու եմ, մասնավոր դասեր եմ տալիս:

– Պատահականությո՞ւն էր, թե՞ «մեղավորը» ճակատագիրն էր, որ Ձեր կյանքն այսպես դասավորվեց՝ Հայաստան, Մոսկվա, Իսպանիա:

– Ես երբեմն մտածում եմ այս հարցի շուրջ: Կարծում եմ՝ բարի և երջանիկ աստղի տակ եմ ծնվել:

– Հայաստանի կամերային նվագախմբի ներկայիս վիճակի մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Կամերային նվագախմբի ներկայիս գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ ծանոթացել եմ Ֆրանսիայում, երբ նա ինչ-որ դասընթացների ժամանակ դաշնամուր էր նվագում: Նա փայլուն դաշնակահար է և շատ լավ երաժիշտ: Ես նվագախմբին առաջին անգամ օրերս եմ լսել: Ոչ բոլոր երաժիշտներն են փայլուն, բայց լավ երաժիշտներ կան: Տեսնենք՝ ինչպես կշարունակվի նրանց կյանքը: Եթե կարողանան այնպես շարունակել, ինչպես սկսել են, կարծում եմ, հիանալի հաջողություններ կունենան:

– Դիրիժորները նվագախմբում կարևոր դեր են կատարում…

– Առանց դիրիժորի ոչինչ չի կարող դուրս գալ: Պետք է մեկը լինի, որ ողջ ուղղությունն ինչ-որ կետի ուղղի: Դիրիժորը պետք է կարողանա հետք թողնել:

 – Անդրադառնանք Գյումրիին…

– Ես չեմ կարող Գյումրի ասել, կներեք: Ես լեննականցի եմ: Որքան ծերանում եմ, այնքան Հայաստանը շատ է քաշում: Երբ գալիս եմ Հայաստան, լիցքավորվում եմ, ուրիշ ոչ մի տեղ չեմ կարող այսպես բացվել, խոսել:

– Երկրաշարժի օրը Դուք որտե՞ղ էիք:

– Այդ օրը ես Արգենտինայից Միլան գնացի: Հասանք հյուրանոց, բարձրացանք սենյակ, և տղաներից մեկը վազելով եկավ ու ասաց, որ հեռուստացույցը միացնեմ: Միացրեցի… շատ ծանր էր, ես շատ հարազատ մարդկանց կորցրեցի:

– Այսօր Գյումրիում ինչ-որ փոփոխություններ տեսնո՞ւմ եք:

– Ինչ-որ բաներ փոխվել են, ինչ-որ բաներ՝ ոչ: Ամենակարևորը՝ լեննականցիների աչքերում ժպիտ է հայտնվել:

– Երբևէ մտածե՞լ եք Գյումրիում կամ Երևանում ապրելու մասին:

– Իմ տունը Մոսկվայում է, աղջիկս, թոռներս այնտեղ են: Տեղափոխվելու մասին դեռևս չեմ մտածում, միայն ուզում եմ տարիներս մի փոքր երկարացնել, որպեսզի էլի ինչ-որ բաներ կարողանամ անել:

– Դուք Ձեր ուսանողական տարիները Երևանում եք անցկացրել: Այսօրվա Երևանն ինչպիսի՞ն է Ձեր աչքերում:

– Երևանը շատ է փոխվել: Արտաքինից Երևանը փայլուն քաղաք է դարձել: Դժվարանում եմ ասել, թե ներսից ի՞նչ է կատարվում: Երևանն ինձ համար ժամանակին մեծ արվեստագիտական կենտրոն է եղել: Մենք ուսանողական տարիներին նկարիչներով, երաժիշտներով, քանդակագործներով հավաքվում էինք «Սկվոզնյակ» սրճարանում և զրուցում, վիճում: Մենք դրանով սնվում էինք, մեր հացն ու պանիրն էր, հիմա այսպիսի բան կա՞, ես չգիտեմ:

Տեսանյութեր

Լրահոս