Մատեո Ռիչի
Սկիզբը այստեղ
Սակայն հիշողությունը` դա vortex է, ձագարափոս` միաժամանակայնություն: (Եվ հենց ձագարափոս-vortex-ը` դա Արևելքի և Արևմուտքի միաձուլումն է: Փաունդը գտել է այդ տերմինը հինդուիզմի մասին գրքույկներում, որոնք նա կարդացել է հասունության շեմին): Կարևոր չէ, թե ինչի մասին է խոսքը (հիշողության մեջ միշտ կա ևս ինչ-որ բան), թեման ձևավորվում է՝ որպես նատյուրմորտ, կոլաժ: Մաքուր (անհնարին) կենսագրությունը կամ ինքնակենսագրությունը կծներ զուգորդումների, շեղումների, անհետևողական կողմ հեռացումների համաստեղություն, այն կարծես թե կապ չունենա առարկայի հետ:
Այն, ինչ փորձեց ասել Սփենսը` դա հոգեպատմությունն է, որը քամահրում է քսաներորդ դարի հոգեբանությունը, որ հիմնվում է պատումի, ֆլեշբեքի, պատճառի և հետևանքի վրա: Նրա Ռիչին` դա սևեռուն գաղափարների և կոծկումների, չար կամ բարի ծնողների, մանկության ժամանակ դրված պայթուցիկ հարմարանքների արդյունք չէ, այլ ավելի շուտ՝ ոչ պարտադիր էմոցիոնալ զուգորդումների հանրագումար, ինչ-որ Ռիչի, որ անբաժանելի է իր հուշամարզական համակարգից:
Դա, որքան էլ տարօրինակ է, Մատեո Ռիչին է՝ որպես Խորխե Լուիս Բորխես: Ոչ թե Բորխես մարդը, այլ՝ Բորխես պերսոնաժը, որ ստեղծել է Բորխեսը` մարդ-հիշողությունը, որի գլուխը միաժամանակ և՛ գրադարան է, և՛ լաբիրինթոս` վիթխարի գրադարան, որի կազմակերպումը կարելի մեկնել լոկ մասամբ:
Գրադարանի և լաբիրինթոսի այդ մոդելը դարձավ գիտական փաստ, այժմ իրոք համարվում է, որ ուղեղը թեմատիկորեն է կազմավորված: (Վերջերս մի դեպք պատահեց, երբ մի մարդ գանգի վնասվածքից հետո չէր կարողանում հիշել, իսկ երբ նրան ասում էին, չէր կարողանում մտապահել ոչ մի մրգի և բանջարեղենի անուն, բոլոր մնացած բաներում նրա հիշողությունն անխաթար էր:
Բայց յուրաքանչյուր թեմա գտնվում է միլիոնավոր դռներով սենյակում, ամեն մի դուռ դեպի այլ սենյակ ու թեմա է տանում, և այդպես շարունակ: Հավանաբար, Ռիչիի ժամանակներում կարելի էր կազմել այդ ապարանքի անվերջանալի սրահների պլանը և նույնիսկ զարդարել դրա ինտերիերը: Քսաներորդ դարում դա հիշեցնում է Քաղաքացի Քենի առանձնատունը:
Հիշողության մեր փոխաբերությունը` մոդեռնիստական բանաստեղծությունն է, և դրա կոլաժները, ինտելեկտուալ սղագրումները, նույնիսկ դրա անհասկանալի անցումները` հնարավոր է, որ ինքնակենսագրության ամենամաքուր ձևը` տեքստն է, որ սերտորեն կապված է այն ծնող գիտակցությանը:
Ռուսերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը