Էլիոթ Ուայնբերգեր
Ծիծաղող ձուկը
11-րդ դարով թվագրված «Ավանդապատումների օվկիանոսում, «Հազար ու մի գիշերների» քաշմիրյան նախորդում, ճյուղավորվող հեքիաթի ընդարձակ կոմպենդիումում կա մի կերպար, որ հետապնդում է ինձ անքնության ժամերին:
Արքան տեսնում է իր կանանցից մեկին, որ պատշգամբից հակված զրուցում է բրամինի հետ: Խանդի մոլուցքի մեջ նա հրամայում է մահապատժի ենթարկել բրամինին: Երբ այդ մարդուն քաղաքով մեկ տանում են մահապատժի վայրը, շուկայի սեղանիկի վրա գցած ձուկը սկսում է ծիծաղել: Արքան ընդհատում է արարողությունը, որպեսզի պարզի, թե ինչու է ձուկը ծիծաղում:
(Պատճառն այն է, որ բրամինը բացարձակապես անմեղ է, այնժամ, երբ արքայի հարեմը, որ լցված է անառակ կանանցով, տառացիորեն վխտում է կանանց պես վերազգեստավորված տղամարդկանցովգ բայց դա արդեն ուրիշ պատմություն է):
Թուփիի թարգմանության 1923 թվականի հրատարակության ծանոթագրության մեջ մեկնիչը, ըստ երևույթին, ամենագետ միսթր Ն.Մ.Ռեթլեթը, մեջբերում է «Հոգեբանական մոտիվները հնդկական գրականության մեջ, և ծիծաղի և ճիչի մոտիվը» հոդվածը, որ տպագրվել է «Journal of the American Oriental Society»-ում 1916 թվականին:
Հոդվածի հեղինակը, որ նշված է՝ որպես «Պրոֆեսոր Բլումֆելդ», դասակարգում է ծիծաղի տարբեր տեսակները, որ հայտնաբերվել են հնդկական գրականության մեջ. «Ճիչն ու ծիծաղը գոյում են ինչպես միասին, այնպես էլ զատ-զատ: Ծիծաղի մեջ, որպես այդպիսին, կարելի է տարբերակել բերկրանքի, հեգնանքի, չարանենգության, խաբեպատիրության և հաղթության ծիծաղը:
Կա նաև չարախինդ ծիծաղը, հանելուկային ծիծաղը, ճակատագրական ծիծաղը (երբեմն հեգնանքի երանգով) և, վերջապես, խորհրդավոր ծիծաղը, ինչպես ծիծաղող ձկան դեպքում: Համանման դասակարգումն ավելի համամարդկային է պատկերանում, քան բացառապես հնդկական, բայց, ամեն դեպքում, խորհրդավորության կատեգորիան ծիծաղող ձկան համար ակնհայտորեն բավարար չի թվում:
Ի բացառյալ շնաձկան, ձկներին երբեք մարդկային հատկանիշներ չեն վերագրել: Չկա և ոչ մի ձուկ, անքան ինքնագոհ, որքան կովը, այնքան խորամանկ, որքան աղվեսը, այնքան իմաստուն, որքան փիղը կամ բուն, աշխատասեր, ինչպես մեղուն, հավատարիմ, ինչպես աղավնին, ինքնազոհ, ինչպես հավալուսնը, կամ անպահանջկոտ, ինչպես որդը: Ինքը՝ Եզոպոսը, ի հակառակ ծովամերձ ծագման, հիշատակում է միայն մեկ խոսող ձկան իր բյուրավոր առակներից մեկում, պստլիկ գայլաձկանը, որ փորձում է ձկնորսին համոզել իրեն ետ ջուրը նետել: Եվ ոչ մի անհատականություն, այլ լոկ պայքար վերապրելու համար:
Ադամը չգիտի նրանց անունները: Նրան ներկայացված են երկնային և երկրային ամենայն արարածները, և՝ աստվածաբանական հարցերն անլուծելի են, կամ նա ինքն է կոչում նրանց (բայց ի՞նչ կերպ և ի՞նչ լեզվով), կամ կոչում է արդեն եղած անուններով (ընդունված աստվածային, այժմ կորուսյալ լեզվով, ուր նշվածը չէր կարող կամայական լինել): Սակայն ոչ մի ձուկ չի կենում նրա առաջ Եդեմում:
Նրա անգիտությունը շարունակում է սև խոռոչ մնալ մարդկային ուղեղում, որոշ պոլիգլոտներ մի ամբողջ պատերազմ են սարքում, որպեսզի թարգմանեն անունները ձկնային ճաշացանկում:
Լոուրենսն իր հանրահայտ «Թռչունները, գազաններն ու ծաղիկները» պոեմում գրում է. «Ձկներ, օ ձկներ /այդպիսի մանրուք/գ Լինել ձուկ /Այդքան անվերջորեն անտագնապ/…/Անչար և այնքան կենդանի/…/ … անհունչ և անորսալի… /Նրանք տուրք չեն տալիս բառերին, մղումներին, նույնիսկ չարությանը: /Ոչ մի հպում: /Միասին, հավերժ բաժանված անշարժ կախույթահեղուկ /Յուրաքանչյուրը ջրի հետ մեն-մենակ…»: Պոեմը վեց էջ ձգվում է, որպեսզի ասի. «Նրանք սահմաններից դուրս են ինձ համար, նրանք` Ձկներ են»:
Գուցե թե, ձկների անդրսահմանայնության շնորհիվ, նրանց զննելը, ավելի ճիշտ, նրանց վերևում դիմակով և խողովակով լողալը` ամենահանդարտավետ գործունեությունն է երկրի վրա: (Հասարակական ակվարիումն աղտոտված է այլ մարդկանց ձայներով, տնային ակվարիումը միշտ մնում է կյանքի այլ օբյեկտների համատեքստում, ակվալանգն անխզելի է խեղդվելու վախից):
Դա պարզապես շուրջդ վխտացող, վառ գունավորված արարածների զննում չէ, նրանցից ճառագվող անվրդովությունը «մարդկային» զուգորդությունների բացարձակ բացակայության հետևանք է: Ձկները ոչ մի կապ չունեն մեր էմոցիոնալ կյանքի հետ, ի տարբերություն այլ էակների, նրանք չեն զուգավորվում (ինչպես Լոուրենսը, բնականաբար, չի հոգնում կրկնելուց), նրանք հարաբերություններ չեն պարզում, չեն անհանգստանում իրենց սերունդների համար: Նույնիսկ միջատներն են աշխատում: Իսկ ձուկը լողում է և ուտում, լինելով մաքուր շարժում և գեղեցկություն: Ձկները բնակեցնում են աշխարհը, որը մենք կարող ենք լոկ զննել անկշռության, անձայնության մեջ, ապակու ետևում:
Ձուկ զննելը կնշանակի՝ լինել ոչ ոք: Նույնիսկ վսեմատես բնանկարը` մենք լցնում ենք այն, այն լիքն է բույրերով, ձայներով, այն անհամար մտքերով, հիշողություններով, արվեստի ստեղծագործություններով կապող պատկերներով: Գիշերային երկնքի տակ կանգնած, մենք անխուսափելիորեն մտորում ենք Տիեզերքում մեր նշանակության մասին: Բայց ձուկը չի արտացոլում և հարցմունք չի անում մեր գոյությանը: Ձուկը գոյություն ունի, և գոյություն ունենք մենք` տարված լինել ձուկ զննելով՝ կնշանակի մոռանալ, որ մենք գոյություն ունենք, բայց այնպես, որպեսզի, ի հեճուկս միստիկական պրակտիկայի, չդառնաս այն բանի մասը, ինչը զննում ես: Աշխարհը` դա այն ամենն է, որ այնպիսին չէ: Ծիծաղող ձուկը, եթե միայն նմանվեր մեզ, նա կծիծաղեր մեզ վրա` սահմռկեցնող մի բան:
ԴՐԱԽՏԸ
Սնայֆելդենես թերակղզին: Իսլանդիան ստեղծեց ամենաիդեալական հասարակությունը երկրի երեսին` այնպիսինը, որից մնացյալ աշխարհը ոչինչ չի կարող սովորել: Քանզի դա անճշմարտանման Ուտոպիա է` պատմության և աշխարհագրության երջանիկ պատահականություն, ինչն անհնար է կրկնել այլ մի տեղ, և ինչն անհնար է ընդօրինակել:
Խաղաղ օվկիանոսի հյուսիսային կողմի սահմաններից դուրս չկա և ոչ մի էթնիկական խումբ, որն այդքան փոքրաթիվ լինի և, դրա հետ մեկտեղ, ունենա իր՝ լիովին անկախ ազգային պետությունը:
Այդ երկրի բնակչությունը կազմում է ընդամենը 268 հազար մարդ, որոնցից 150 հազարն ապրում են ավաններում կամ հենց Իսլանդիայի մայրաքաղաքում` Ռեյկյավիկում: Ակուրեյրին, մեծությամբ Իսլանդիայի երկրորդ քաղաքը` այն կոչում են տեղական Բարսելոնա, հայտնի է իր մշակութային կյանքով և գիշերային զվարճանքներով: Նրա բնակչությունը կազմում է 14 հազար մարդ: Երկրի մնացյալ մասը քիչ բնակեցված է, այն գրավում են ծառազուրկ ամայի տարածությունները` հրաբուխներով, ջրվեժներով, քարերի տարօրինակ կուտակումներով, քարացած հրահեղուկով մխացող սարահարթերով, գեյզերներով, սառցաբեկորներով և այսբերգներով` տարածություններ, որ նման են աշխարհի ծայրին, ինչպես, եթե, ասենք, ինչ-որ մեկը, խորանալով Տիբեթի մեջ, ծով հայտնաբերի:
Այստեղի համարյա բոլոր ճանապարհները գրունտային են, ասֆալտով չծածկված, դրանց վրա հազվադեպ կհանդիպես ճանապարհորդների, և միաժամանակ՝ դա ժամանակակից սկանդինավյան երկիր է, ուր ամեն ինչ կարգին է, ուր պետությունը պաշտպանում է իր քաղաքացիներին ծնունդից մինչև մահ: Այստեղ գործազրկություն և աղքատություն չկա: Չկա և աչք զարնող հարստություն, այստեղ ապահովված է համընդհանուր կրթությունը: Գրքերի տպագրությունն ու սպառումը բնակչության մի հոգու համար այստեղ ավելի բարձր է, քան այլ երկրների մեծ մասում: Այստեղ ավելի երկար են ապրում, քան այլ երկրների մեծ մասում:
Այստեղ շրջակա միջավայրը չի աղտոտվում` ողջ Իսլանդիան գեոթերմալ ջեռուցում է օգտագործում:
Դա առանց բռնության երկիր է` Իսլանդիայում չկա բանակ, չկա զենք, հանցագործությունը նվազագույն աստիճանի է: Այնտեղ կալանավորներին տոն օրերին տուն են ուղարկում, ի բացառյալ հատկապես վտանգավորների, փոքրիկ երեխաները միայնակ զբոսնում են քաղաքով: Վերջին հազարամյակի ընթացքում իսլանդացի կանայք նույն քաղաքացիական իրավունքներն ունեն, որոնք չէր կարելի պատկերացնել որևէ այլ տեղ, այնպիսիք, օրինակ, ինչպես ամուսնալուծությունից հետո ունեցվածքի կեսը պահպանելն է: Առաջին պետությունն է աշխարհի երեսին, ուր պրեզիդենտ կին ընտրվեց, և միակ երկիրն է, ուր գոյություն ունի կանանց քաղաքական կուսակցություն, որ տեղ է գտել խորհրդարանում:
Հենց խորհրդարան գաղափարը իսլանդացիներն են հորինել:
Զարմանալի է, բայց դա կապիտալիստական պետություն է, առանց ունևորության էքսցեսների: Նրանք ամեն ինչ ունեն, բայց այդ ամեն ինչը գոյություն ունի լոկ երկու տեսակով: Նրանք ապրում են առանց առևտրային աշխարհների վրա հասած մրցակցային մոլեգնության, ինչը պահանջում է սպառողական փորձաքննություն և դրան ուղեկցող վախ, որ դու սխալ ընտրություն ես կատարել: Հիմնական էքսպորտի ավանդական մասնագիտություններով` ձկնորսությամբ և ոչխարաբուծությամբ, զբաղված է բնակչության փոքր մասը:
Տնտեսապես փոքրաթիվ ակտիվ բնակչության մյուս աշխատողները գրավում են մնացած դիրքերը, որոնք անհրաժեշտ են արդի հասարակության համար` դեսպանի, ջրամատակարարի, անեսթեզիոլոգի, ծրագրավորողի, թավջութակահարի, ոստիկանի: Նրանք ունեն մի հեռուստատեսային կայան, մի հայտնի ռեժիսոր, մի գրող` Նոբելյան մրցանակի դափնեկիր, միջազգային մակարդակի մի ռոք-աստղ;: Իսլանդիան, անկասկած, ժամանակակից երկիր է, բայց այդ ժամանակակից լինելը ցեղային մակարդակի է:
Ինչպես ցանկացած տոհմ, այդ հասարակությունն արմատավորված է արխաիկում: Հնարավոր է, որ աշխարհի երեսին դրանք ժամանակակից տեխնոլոգիաներին ծանոթ միակ մարդիկ են, որ կարող են ազատ խոսել իրենց նախնիների հետ. որ ապրել են հազարավոր տարիներ առաջ, իսլանդերենը մնացել է նույնը, ինչ որ այն պահին էր, երբ առանձնացավ հին նորվեգերենից, և նրա այբուբենը պահպանել է երկու սեպագիր տառ, որոնցից, իսլանդացիներից բացի, այլևս ոչ ոք չի օգտվում:
Օրենքը պահանջում է, որպեսզի նրանք ավանդական անուններ ունենան, որպեսզի նրանք հետևեն հինավուրց համակարգին` հատուկ անունը, գումարած հոր կամ մոր անունը, գումարած «որդի» կամ «դուստր» նշանակող վերջածանցը: Հեռախոսագրքում բաժանորդները դասավորված են ոչ թե ազգանուններով, այլ անուններով, և դրանք բոլորը միանման են` Յոհան Մագնուսոն, Մագնուս Յոհանսոն, Գրետա Յոհաննեդոտիր: Նրանք տարբերում են միմյանց, քանզի իրար ճանաչում են:
Այդ իսլանդացիները, նրանք զբաղված են միայն իրենք իրենցով: 13-րդ դարում ընդարձակ գրականություն են ստեղծել, որ համանմանը չունի Եվրոպայում, որը հենց իրենց մեթոդիկ նկարագրությունն է: Այդպիսին են նրանց սագաները, պատմություններ ոչ թե աստվածների և հերոսների, այլ սովորական մարդկանց մասին, մարդկանց մասին, որ իրոք ապրել են այդտեղ` նրանց մասին, որ եկել են այդտեղ և բնավորվել են այդ հողի վրա, երկու հարյուր տարի դրանից առաջ:
Գոյություն ունեն բազում սագաներ, որ միախառնվում են միմյանց, միևնույն պատմությունները, պատմված տարբեր տեսանկյուններից, տարբեր կողմերից լուսաբանված, դրանցից մեկում լոկ հընթացս հիշատակված գործող անձն այլ մեկում դառնում է գլխավոր գործող անձը: Դա սիրո, ընչաքաղցության, ցասման, վավաշոտության, պսակադրությունների և ունեցվածքի բաժանման, ճանապարհորդությունների, վրիժառությունների, թաղումների և տոնախմբությունների, հանդիպումների, մարգարեական երազների և տարօրինակ համընկնումների, ձկների և ոչխարների վիթխարի «մարդկային կատակերգություն է»:
Իսլանդացիներից համարյա թե յուրաքանչյուրը սերել է այդ մարդկանցից, և նրանք բոլորը գիտեն այդ պատմությունները, ինչպես նաև պատմություններն այն մասին, թե ինչ է պատահել հետագա սերունդներում:
Իսլանդիայով ճամփորդում են «Տուրիստների համար բանալիով»` արտասովոր ուղեցույցով, որը քայլ առ քայլ ձեզ տանում է երկրի բոլոր ճանապարհներով, ասես դու գնում ես՝ ուղեկցվելով Հիշողության Պահապանով: Իսլանդիայում այնքան շատ չեն հիշարժան վայրերը` շինությունները, թանգարանները և հուշարձանները: Ինչ որ կա այնտեղ` դա բլուրներն ու գետերն են, և քարերը, և դրանցից ամեն մեկն ունի իր պատմությունը, որը պահված է գրքում:
Ահա այստեղ քարե կամուրջն էր, որը փլվել է «սպանության համար մեղադրվող» բանտից փախած կալանավորի համար, ապացուցելով նրա անմեղությունը: Իսկ ահա այստեղ ապրում էր մի տղա, ով այնպիսի կախարդական շնորհ ուներ, որ կարող էր խոտը չորացնել: Իսկ ահա այստեղ ձնամրրիկի ժամանակ սառչել է մի մարդ, որ չի իմացել, որ տունն իր ընդամենը մի քանի քայլի վրա է:
Պատմում են, որ այս բլուրներից մեկի վրա մի քանի սնդուկ արծաթ է թաքցված: Իսկ ահա այս տաք աղբյուրում հանրահայտ ավազակն իր համար միս էր եփում: Այստեղ թաղված է մի մարդու դիակը, նրա մարմինը քաշող ձիերը չեն կամեցել առաջ շարժվել: Իսկ այստեղ սպանվել է մեկը, ով չափազանց շատ ոչխար է գողացել, նրան սպանել է տասներկուամյա մի տղա: Այս ագարակում չեն ապաստանել մի հղի թափառականի, և հենց նույն գիշերն ագարակը գետնի տակ է անցել:
Այս զառիթափի մոտ տեսել են մի մարդու. նա քայլում էր՝ գլուխը թևի տակ դրած: Այստեղ ապրում էր մի վանական, ում երկրպագում էին արտասահմանում այն բանի համար, որ նա զբաղված է բուժիչ ձկան յուղի արտադրությամբ, նրա մասին նաև հայտնի էր, որ նա փախցրել է իր հարսնացուին:
Այստեղ 18-րդ դարում ապրել է հայտնի մի փոստատար:
Ո՞ր մի ժամանակակից հասարակությունն է այդքան հիմնավոր կենդանացնում իր լանդշաֆտը: Արդյոք որտե՞ղ է միջին դասը դեռևս պահպանում իր հիշողությունը:
Գալով Իսլանդիա մերձարևադարձային երկրներից ու անապատներից, սըր Ռիչարդ Բարտոնը ցնցված էր: Ուիլյամ Մորիսը սովորեց լեզուն և որոշ սագաներ թարգմանեց՝ երկու անգամ այցելելով Իսլանդիա, եկավ այն եզրակացության, որ գերադասում է ընթերցանությունը: Ժյուլ Վեռնն այդպես էլ ոչ մի անգամ չեղավ Իսլանդիայում, բայց երկրի կենտրոնի մուտքը տեղադրեց Սազեֆելսիոկուլ հրաբխի ներսում:
Թրոլոպը եկավ այստեղ արդեն տարիքն առած և գրեց զվարճալի մի պատմվածք ճաշին տրվող վիթխարաքանակ ուտեստների և սիրունատես կանանց մասին, սակայն ապշեց, երբ այստեղ բանկ չգտավ: Հենց այստեղ, հենց Իսպանիայի պատերազմի նախօրեին Օդենը գրեց իր ամենատարօրինակ գիրքը:
Նրանք հացը թխում են հողի մեջ, նրանք գերադասում են շնաձկան միսը նեխած ուտել: Նրանք պեստիցիդներ (սրսկելու քիմիական նյութեր) չեն գործածում: Համարյա բոլոր կանայք առաջին երեխան ունենում են մինչև ամուսնանալը: Նրանք չեն թողնում մայրաքաղաքում շուն պահել: Նրանց աչքերը հենց այն աղոտ-կապույտ գույնի են, ինչ որ այսբերգներինն է: Նրանք հավատում են «թաքնաթաքուր ժողովրդին»: Իսլանդական ձիերի վրա ձմռանը երկար մորթ է աճում: Եվ նրանք պառկած են քնում: Ես երբեք չեմ տեսել մամուռի այդքան տարբեր տեսակներ:
ՄԱՏԵՈ ՌԻՉԻՆ
16-րդ դարի երկրորդ կեսին, Ամերիկայի գրավումից հետո, Մադրիդը, Լիսաբոնը և Հռոմն իրենց ձգտումներն ուղղեցին առ Արևելքի նյութական և գաղափարական նվաճումը: Մակաոյում և Գոայում կառուցվեցին ափամերձ մարտահենադաշտեր, իսկ Ֆրանսուա Կսավյեն անձամբ բերեց Աստծո խոսքը Հնդկաստան և Ճապոնիա: Նա մահացավ 1552 թվականին անպտուղ կղզում, Չինաստանի ափից ոչ շատ հեռու, երազելով ներխուժել այնտեղ և ճշմարիտ հավատի բերել Մին կայսրությունը:
Գոան` փոքրիկ գաղութ՝ ափի դրախտային հատվածում, դարձել էր այն աշխարհի համանմանությունը, որը կարող էր կառուցվել: Դա մի վայր էր, ուր սպիտակները կարողություն էին կուտակում գործվածքների, համեմունքների, օփիումի և գողացված երեխաների առևտրով: Դա մի վայր էր, ուր բրամիններին ուղարկում էին թիապարտության, տաճարները հողին էին հավասարեցնում, ուր տոներն ու ծեսերն արգելել էին, և հարյուրավոր աշակերտներ շարք էին կանգնում «Հայր մերը» կարդալու համար և խորով թքում էին հինդուիստական աստվածություն հիշատակելիս:
Գոայի հավատաքննիչը գրում էր, որ ողջ երկիրը «ծածկված է խարույկներով և հերետիկոսների և ուխտադրուժների մեռյալ մարմինների մոխրով»: Նրանցից բռնագրավված սեփականությունը դառնում էր լավ եկամուտ եկեղեցու համար:
Սակայն միսիոներներին չհաջողվեց էլ ավելի ներթափանցել ավելի հեռու` Հնդկաստան, նրանց նույնիսկ չհաջողվեց հետաքրքրություն առաջ բերել, էլ չասած՝ իրենց հավատին բերել Ամբարի կայսրին, Մեծ Մոգոլին: Նրանց կրոնական խանդավառությունը տեղափոխվեց Ճապոնիա, ուր սկզբում նրանց բախտն ավելի էր բանում, բայց շուտով նրանք հուսահատության և անհաջողության գիրկն ընկան՝ չկարողանալով գլուխ հանել մրցակցող պալատների տարաձայնություններից և դրանց մշտապես փոփոխվող դաշնակիցներից:
Փոխարենը՝ նրանց համար ընծա դարձավ Չինաստանը, որ գտնվում էր կայսր Վան Լիի թույլ տիրապետության ներքո, իսկ երկիրը ղեկավարում էին ներքինիները: Ճիզվիտներն ու Մակաոները հարստացան՝ փող ներդնելով չինա-ճապոնական մետաքսի վաճառքի մեջ, որը մոնոպոլիզացրել էին պորտուգալացիները, և դա, մասնավորապես, շատ օգնեց չինացիներին երկրից գաղութ փախած ստրուկներին վերադարձնելու գործում: 1582 թվականին, Կսավյեի մահվանից երեսուն տարի հետո, կաշառելու տափակ մեթոդների, ծանոթությունների և ստիպողականության օգնությամբ ճիզվիտներին թույլատրեցին բնակվել հենց Չինաստանում:
Այլոց հետ մեկտեղ, ճիզվիտները երկիր ուղարկեցին Մատեո Ռիչիին, ով հինգ տարի անցկացրեց Գոայում, իսկ մնացած քսանյոթ տարին ապրեց Չինաստանում: Ըստ պատմաբան Ջոժեֆ Նիդեմի խոսքերի, նա «պատմության մեջ ամենահիանալի և վառ անձնավորություններից է», և նրա կյանքը Չինաստանում Չինաստանը միավորեց մնացյալ աշխարհին: Չինացիների համար Ռիչին արևմտյան գիտության նորությունների աղբյուր էր, Արևմուտքի համար` նրա օրագրերի և Չինաստանի հրաշքների մասին ապատմություններով նամակների ետմահու հրապարակումները հաստատեցին Մարկո Պոլոյի վկայությունները, ով երեք հարյուր տարի հետո էլ մնաց մարդկանց հիշողության մեջ՝ որպես մեծ սուտասան:
Չինաստան մինչ այդ էլ միսիոներներ էին գալիս, դեռ 8-րդ դարում դրանք նեստորականներն էին, իսկ 13-րդ դարում՝ ֆրանցիսկյան վանականները, բայց նրանք բոլորն անհաջողության մատնվեցին և անհետացան: Ռիչին հաջողության հասավ շատ ավելի վաղ, քան հայտնի կդառնային նրա նպատակները, գործելով ինչպես իմաստուն և «գորշ կարդինալ»: Նա ինչ-որ կերպ Հիսուսի գաղտնի գործակալն էր, Ռիչին թաքցնում էր իր խաչելությունը:
Առաջին վեց տարին, քանի դեռ նա ուսումնասիրում էր լեզուն ու մարդկանց, որոնց, ինչպես ինքն էր համարում, կգրավի իր ճգնակեցական մաքրությունը, նա սափրագլուխ, կարմրադեղին հանդերձանքով բուդդայական վանականի դեր էր խաղում: Այդ ստրատեգիան արդյունք չտվեց, և նա հասկացավ, որ կարող է իր վրա ուշադրություն գրավել հենց այն բանով, ինչը որ կա իրենում` գերարտասովորությամբ: Զգեստափոխումը գիտնականի ծիրանեփայլ պատմուճանի և լեզվի հիանալի իմացությունը նրան հանրահայտ դարձրին:
Նա չինացիների համար բերում էր ժամացույցներ և աստրոլյաբիաներ, կլավեսիններ և հեռադիտակներ: Նա թարգմանեց Էվկլիդես և հատվածներ հույն և հռոմեացի փիլիսոփաներից, կայսրի համար երգեր էր գրում, հաշվարկում էր խավարման ժամանակը, վերափոխում էր օրացույցը, պատրաստեց աշխարհի քարտեզը չինական քաղաքների անուններով, արևային ժամացույցներ սարքեց և չինացիներին ծանոթացրեց հիդրավլիկայի և գեոդեզիայի, երկրաչափության և օպտիկայի, հողագործության և աստղագիտության տեսությանն ու պրակտիկային:
Անշուշտ, նա նրանց չէր ծանոթացնում հենց այդ գիտություններին, այլ նրանց նոր ինֆորմացիա էր տալիս այն բանի վերագնահատման համար, ինչը նրանք արդեն գիտեին: Չին գիտնականների համար դա դարձ էր՝ առ չինական գիտության մեծ դարաշրջանը, որը ձգվեց մոտ հազար տարի և ավարտին հասավ դրանից երեք հարյուր տարի առաջ, մոնղոլական բռնագրավումից հետո:
Ընդ որում, Ռիչին նրանց մեջ չէր տարածում քրիստոնեական դավանանքը` ի բացառյալ մի քանի ընտրյալների: Նա նույնպես երազում էր Չինաստանի քրիստոնեացման մասին և հատկապես հուսով էր իր կամակատարը դարձնելկայսր Վան Լիին (գերագույն բանը, որ նրան թույլ տվեցին, և դա մեծ պատիվ էր, դատարկ գահի առաջ փռվելն էր): Սակայն Ռիչին իր առաջին պարտավորությունն էր համարում հարգարժան վերաբերմունք ձևավորել արևմտյան իմաստության հանդեպ, իսկ գուցեև նրա գերազանցությունը ցուցանել, հենց դրանով էլ ճամփա բանալով Աստծո խոսքին: Իր իսկ խոսքերով ասած, նա «ներթափանցում էր վայրի անտառները և պայքարում էր այնտեղ բնակվող վայրի գազանների և թունավոր օձերի դեմ»:
Հավատի պրոպագանդան սահմանափակվում էր նրա մոտ առանձին գործողություններով, օրինակ, իր սարքած արևային ժամացույցների վրա նա ասույթներ էր գրել մարդու ունայնության և Աստծո գթածության մասին (ինչպես Կրոմվելի «Աստված սեր է» գրությամբ թնդանոթները): Բարեգութ Կույս Մարիամն այնքան էր առանձնացված, որ չինացիները մեծամասնությամբ համարում էին, որ քրիստոնեական Աստված` դա կին է: Երբ պալատական ներքինին հայտնաբերեց Ռիչիին պատկանող խաչելությունը, նա կարծեց, թե դա մի պատկեր է, որ օգտագործվում է սև մոգության մեջ, կայսրին սպանելու նպատակով: (Իրոք որ, ինչի՞ վրա էին հույս դրել միսիոներները, կամենալով երանելի Բուդդայի պատկերը փոխարինել տառապյալ մարդու պատկերով):
Ընդհանրապես չինացիները նրան ալքիմիկոս էին համարում և շփոթում էին մահմեդականների, հուդայականների և նեստորականների հետ, որ հատում էին իրենց երկիրը: Նրանք տարբերություն չէին տեսնում երեք միջերկրածովյան մոնոթեիստական կրոնների միջև, և դրանում, հնարավոր է, ավելի իմաստուն էին, քան Արևմուտքի բնակիչները:
Կասկած չկա, որ չինական հոգեկանության թավուտներում Ռիչին իրեն զգում էր «վայրի գազանների և թունավոր օձերի» մեջ: Նա համարում էր, որ ասիացիները ծնվել են՝ «ավելի շուտ ծառայելու, քան իշխելու համար», և ոչ մի ժխտական վերաբերմունք չէր տածում ստրկության նկատմամբ: (Նա ենթադրում էր, որ դա ուղիներից մեկն է, որ նախատեսել է Աստված՝ դարձի բերելու համար, և նա ինքը մի քանի ստրուկ ուներ): Նա սխալ էր մեկնաբանում Կոնֆուցիոսի ուսմունքը վերին ղեկավարով հիերարխիական կառուցվածքի գլխին՝ որպես մոնոթեիզմի սաղմնային ձև, և համարեց, որ դրանում «ամենաքիչ մոլորություններն են՝ այլ հեթանոսական աղանդների հետ համեմատած»:
Նա որոշեց, որ «Բուդդիզմը` Դա Բաբելոն է», «ուսմունքների» եռացող կաթսա: Դարձի եկողները, իսկ սկզբում նրանք քիչ էին, կողմ էին հեթանոսական քանդակների և գրքերի կործանմանը:
Սակայն զարմանալին և չարագուշակը Ռիչիի մեջ այն էր, որ նա շատ լավ գիտեր Չինաստանը, նրա մեջ ապրում էր համակրանքը հակակրանքի մեջ (կամ հակառակը): Նրա չինարեն գրված քրիստոնեական գրառումները հիշեցնում էին չորս չինական դասական վեպերի տեքստերը. «Մարդը, ում հավատն առ իր Ուղին՝ ամուր է, կարող է քայլել հոսող ջրի վրայով, ինչպես ամրապինդ քարի… Երբ իմաստունը հետևում է երկնքի պատվիրաններին, ապա նրան կրակը չի այրում, սուրը չի կտրում, և նա չի խեղդվում ջրում»:
Նա հիանալի աշխարհի քարտեզ էր ստեղծել վեց մայրցամաքներով (Եվրոպա, Լիբանան, Ասիա, Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա և Մոնալանիխիա` Բարեհուսո Հրվանդանից հարավ ընկած ցամաքի վիթխարի մի հատված), որը կատարված էր մտահնար, շվեյցարական պանիր հիշեցնող, դաոսական էզոթերիկ արվեստի ոճով, ուր ցամաքը նշվում էր դատարկ տեղերով՝ երկնքի «անցքերի միգամածություններով»: Սինոֆիլ և սինոֆոբ, տեղեկատվության անսպառ աղբյուր Արևելքի և Արևմուտքի մասին, նա սարսափելի մենակ էր իր գործի մեջ:
Եվրոպայից նամակը կարող էր տեղ հասնել տասնյոթ տարի անց (սովորական ժամկետը երեք տարին էր), և գրադարանի մեծ մասը պահպանվում էր Ռիչիի գլխում:
Նրա ապշեցուցիչ հիշողությունն ինտենսիվ հուշամարզական վարժությունների արդյունք էր Հռոմի և Ֆլորենցիայի ճիզվիտական հաստատություններում, ուր նա ուսումնասիրում էր հիշողության վարժանքի մեթոդները, որոնք մշակվել էին դեռևս մեր թվարկության 1-ին դարում և օգտագործվում էին մինչև այն պահը, երբ էժանագին տպագրությունը չպարզեցրեց տեղեկատվությանն իրազեկ լինելը:
(Ֆրենսիս Յեյթսն իր «Հիշողության արվեստը» հիանալի գրքում մանրամասն նկարագրել է հուշամարզական տեխնիկաները՝ որպես Միջնադարի և Վերածննդի մշակույթի ճյուղերի մեծամասնության համար կազմակերպող սկզբունք):
Այսօր աշխարհում, ուր գիտելիքի մեծ մասը պահպանվում է ուղեղից դուրս, այդ համակարգը թվում է բացարձակապես անպիտան` այն կախված էր գիտակցության երևակայելի պալատներից, որոնց սենյակները լեցուն էին զուգորդելի պատկերների անջնջելի մանրուքներով:
Ռիչիի առաջին չինարեն գրված գիրքը կոչվում էր «Տրակտատ ընկերության մասին»` գեղեցիկ ժեստ: Երկրորդ գիրքը կոչվում էր «Տրակտատ հուշամարզական արվեստների մասին», և այն, ինչպես նա ճիշտ գլխի էր ընկնում, պիտի գրավեր երիտասարդների ուշադրությունը, որոնց անհրաժեշտ էր իմանալ դասականներին, որպեսզի քննություններ հանձնեին, ինչը որ ապահովում էր նրանց հետագա կարիերան: (Չինական հուշամարզական համակարգը, որը հրաշքներ էր գործում, այդ ժամանակներում համարյա թե իսպառ վերացել էր և այժմ անհայտ է):
Չորս հարյուր տարի հետո այդ հիշողության գիրքը մտավ չինագետ Ջոնաթան Սփենսի կենսագրական գրքի մեջ՝ «Մատեո Ռիչիի հիշողության ապարանքը» վերնագրի ներքո: Ինչը որ հիանալի է, դա հենց այն է, որ Սփենսը թույլատրել է հուշամարզական համակարգին ուղղորդել իր աշխատանքը:
Նա վերցրել է չորս պատկեր Ռիչիի «Տրակտատից» և Աստվածաշնչի չորս նկարազարդում, որոնք Ռիչին տվել էր տպագրիչին՝ որպես արևմտյան արվեստի նմուշներ, և պատկերներից յուրաքանչյուրը Սփենսին հանգեցնում էր ինչ-որ թեմայի` պատերազմի և բռնության, ջրի և ճամփորդությունների, առևտրի և շահույթի, գիտելիքի և կրթության, մեղքի, Սուրբ Մարիամի: Այդ թեմաները դիտարկվում են առանց որևէ ժամանակագրության` գործողությունը մշտապես տեղի է ունենում մեկ Ասիայում, մեկ Հակառեֆորմացիոն Եվրոպայում, արտացոլելով մեկ պատմական, մեկ կենսագրական իրադարձությունները:
Արևմտյան կենսագրության համար դա զարմանալի է`վերցնել մի բառ, ասենք՝ «ջուր», իսկ անուհետև նկարագրել մանրակրկիտ մանրամասներով, ինչ էր այն նշանակում որոշակի դարաշրջանում և որոշակի վայրում ապրող մարդու համար:
Սակայն Արևելքի համար դրանում ոչ մի զարմանալի բան չկար: Հնարավոր է. որ չինարեն գրված լավագույն ինքնակենսագրությունը Շեն Ֆուի «Վեց գրառում կենաց վաղանցիկության մասին» գիրքն է, որ կառուցված է էմոցիաներով` ճամփորդության բերկրանքը, շվարմունքն անհաջողություններից, հաճույքը հանգստից:
Ժամանակագրություն գոյություն չունի: Շեն Ֆուն պարզապես հաղորդում է. «Յունան (նրա կինը) Ցին-յուն անունով աղջիկ ծնեց, որ այդ ընթացքում տասնչորս տարեկան դարձավ»: Վաթսուն տարի անց Ֆլոբերը կգրի իր սկանդալային նախադասությունը, ուր երկու խոսքի մեջ՝ «Նա ճամփորդում էր», կտեղավորի Ֆրեդերիկ Մորոյի կյանքի տասնվեց տարին: Սակայն Շեն Ֆուի գիրքը լեցուն է ժամանակով` հիշողության, կարոտի ժամանակով, ժամանակով, ուր ամեն բան անցյալ ժամանակով է, ուր յուրաքանչյուր իրադարձություն, քանի որ այն վերածնվում է, վերածնում է և իր ելքը:
«Հակառակ կադրի»` Ֆլեշբեքի արևմտյան ավանդույթը` դա, ըստ էության, ժամանակագրական հաջորդականությունների վերակազմումն է, դա հիշողության ժամանակը չէ: Հիշողության մեջ միաժամանակ գոյում են սկիզբը, միջնամասն ու վերջը, ժամանակի զգացողությունը` դա ժամանակի կորուստն է: Վորթսվորտն ու Պրուստն իրենց կորուսյալ ժամանակի որոնումներում ենթադրում են, թե հիշողությունը` դա հոսք է, հոսք, որին իրենք հետևում են՝ հոսանքին հակառակ շարժվելով:
Շարունակելի
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ