Լյուդմիլա Սարգսյանը կընտրի չեզոքությունը
Եթե անգամ Հիլարի Քլինթոնը նման հայտարարությամբ հանդես չգար, ակնհայտ է, որ Եվրասիական միության ստեղծումը պետք է անհանգստացներ ԱՄՆ-ին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այն հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները մտադիր են խոչընդոտել Խորհրդային Միության նոր տարբերակի՝ տնտեսական ինտեգրման տեսքով ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Քլինթոնը մասնավորապես հայտարարել էր, թե նոր ԽՍՀՄ-ն կարող է ստեղծվել նոր՝ «Մաքսային միություն կամ Եվրասիական միություն» անվանումով. «Եկեք սխալներ չանենք։ Մենք գիտենք՝ ինչն է հանդիսանում դրա նպատակը, և կփորձենք գտնել արդյունավետ միջոցներ՝ այդ գործընթացը դանդաղեցնելու կամ կանխելու համար»:
«ԱՄՆ-ն ամենաուժեղ ուժային բևեռն է աշխարհում և, բնականաբար, ցանկություն ունի այս ձեռքբերումը պահպանել՝ չունենալով հակակշիռ: Ռուսաստանի հզորացումը, այն, ինչ Քլինթոնն ակնարկում է, խոսքս ԽՍՀՄ-ի վերստեղծմանն է վերաբերում, կարող է փոքր-ինչ փոխել ուժային հավասարակշռությունը՝ ստեղծելով երկրորդ ուժային բևեռ, որը հակակշիռ կդառնա ԱՄՆ-ին»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Վերջինս հավելեց, որ չնայած ինքն իրատեսական չի համարում Եվրասիական միության ձևավորումը որպես Խորհրդային միություն, բայց այն, որ ԱՄՆ-ն պետք է ամեն ինչ անի՝ նման միավորման ստեղծմանը խոչընդոտելու համար՝ չի կասկածում:
«Այն, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Եվրասիական միության ստեղծումը ոչ թե գալիս է նրանից, որ մտահոգ են տարածաշրջանային զարգացումներով, այլ զուտ իրենց շահերից ելնելով: Նույնիսկ առանց Քլինթոնի հայտարարության՝ դա տեսանելի էր: ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ այս միության ստեղծման ու ինտեգրացման գործընթացները կասեցվեն»,- մասնավորեցրեց ՀԱԿ պատգամավորը:
Մեր հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով պետք է կասեցվի այս գործընթացը, Լ.Սարգսյանը շեշտեց. «Չեմ բացառում, որ հնարավոր է անգամ բաց պայքար ընթանա և ինչու չէ՝ կիրառվի հոգեբանական լուրջ պայքար: Հնարավոր են տնտեսական շահերի միջոցով իրականացվող ճնշումներ, ներքին հետախուզության օգտագործում և այլն: Բայց, որ իրենք լուրջ զբաղվում են այս գործով, որպեսզի Եվրասիական միությունը չստեղծվի՝ դա հստակ է: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ այս պայքարի արդյունքում ուժային երկու բևեռները զոհ չեն տա մնացած բոլոր երկրներին»:
168.am-ի դիտարկմանը, թե Դուք ի վերջո կո՞ղմ, թե՞ դեմ եք Հայաստանի հնարավոր անդամակցությանը Եվրասիական միությանը, Լ. Սարգսյանը պատասխանեց, որ ինքը կողմ է անկախ Հայաստանի գոյությանը և միանշանակ չէ, որ պետք է Եվրասիական կամ Եվրամիության անդամ դառնալ: Ըստ նրա՝ «երկուսի միջև կողմնորոշումը կարող է ցավոտ լինել ու առաջնորդվել պետք է երկրի շահերով»:
Լյուդմիլա Սարգսյանը չբացառեց, որ Հայաստանը կարող է չանդամագրվել միություններից և ոչ մեկին, և համագործակցել դրանց հետ մասամբ:
Հարցին էլ, թե՝ երբ Հայաստանը հայտնվի երկընտրանքի առջև՝ կա՛մ Եվրասական միություն, կա՛մ Եվրաինտեգրում, Դուք որ բևեռը կընտրեք, ՀԱԿ պատգամավորը պատասխանեց. «Կընտրենք չեզոքությունը»: