«Գ. Ծառուկյանի հայտարարությունը ո՞նց կարող է կոնկրետ մարդկանց չվերաբերել, բա հո օդին չի վերաբերում». Բոստանջյան
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի բրյուսելյան այցի վերաբերյալ երեկ տարածվեց երկար հաղորդագրություն: Հաղորդագրության ուշագրավ հատվածը վերաբերում էր ԲՀԿ առաջնորդի «անկաշկանդ» զրույցին, որը նա ունեցել էր Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ: «Անկաշկանդ շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»,- ասված է ԲՀԿ տարածած հաղորդագրության մեջ: Գ. Ծառուկյանի բրյուսելյան հանդիպումների մասին զրուցեցինք ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի հետ:
– Ըստ ԲՀԿ տարածած հաղորդագրության, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահն ասել է, թե առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է «մարդկային և լավատեսական հատկանիշներով»: Եվրոպական պաշտոնայի կողմից հնչեցրած այս գնահատականը, Ձեր կարծիքով, աջակցության ժե՞ստ է:
– Չեմ կարծում, որ դրա կարիքը կա, կամ՝ դա կարելի է որակել որպես աջակցության ժեստ: Պարզապես քաղաքական ուժերի մեջ պարոն Ծառուկյանն ակնհայտորեն, բոլորին էլ հայտնի է, որ արժանի թեկնածու է: Եվրոպական կառույցի որևէ պաշտոնյայի ասածը չի կարող որոշիչ դեր ունենալ մեր հետագա գործողությունների համար:
– Արդյո ք այս հաղորդագրությունը չի վկայում նախագահական ընտրություններում Գ. Ծառուկյանի առաջադրման մասին: Որոշ կայքեր նույնիսկ գրեցին, որ պարոն Ծառուկյանը Բրյուսելից զանգահարել է իր կուսակիցներին և հայտնել, որ առաջադրվում է:
– Անշուշտ, խոսքս կլինի ենթադրությունների ոլորտից, բայց եթե այդպես էլ լինի, ոչ մի բան չկա: Չի կարելի է այդպես որակել, որ հանրությանն արդեն նախապատրաստում են առաջադրմանը, քանի որ կուսակցությունը դեռ հայտարարություն չի արել:
– Շատ ուշագրավ էր հայտարարության նաև այն հատվածը, որտեղ Գագիկ Ծառուկյանն ասում է, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Ստացվում է, որ սա ուղղակի մեղադրանք է երկրի նախագահին և վարչապետին:
– Եթե մի պահ կտրվենք մեղադրանքներից, պարզապես մտածենք այնպես, ինչպես ասել է պարոն Ծառուկյանը… Դուք այլ բա՞ն եք մտածում որպես մտածող մարդ:
– Եթե դա մեղադրանք չէ, ապա ի՞ նչ է նշանակում:
– Եթե ուզում եք՝ էդպես հաշվեք, բայց ես համարում եմ, որ պարոն Ծառուկյանի ասածը բնորոշում է երևույթը:
– Կոնկրետ անուններ չտալը հնարավորությո ՞ւն է տալիս խուսափել մեղադրանքի հստակեցումից:
– Ի՞նչ եք կարծում՝ էդ կոռուպցիոն երևույթներն այդքան բա՞րդ է վերացնել… Եթե գոյություն ունենային համապատասխան միջոցներ, իսկ այդ միջոցները միայն կառավարման համակարգում են, կլինեի՞ն կոռուպցիոն երևույթներ: Իհարկե` ոչ: Դրա համար էլ հասարակ քաղաքացին երբևիցե կոռուպցիոն էլեմենտ չի կարող հանդիսանալ և չի կարող այդ երևույթի դեմ պայքարել:
– Այդ հայտարարությունը էլ ավելի չի սրի՞ ՀՀԿ-ի հարաբերությունները ԲՀԿ-ի նկատմամբ:
– Սրում է, թող սրի: Ամեն մի մրցակցություն պայմանավորում է հենց իր սրությամբ, այսինքն` եթե դա սրելու երևույթ է կամ էդպես է ընկալվում, թող էդպես լինի: Բոլոր դեպքերում, եթե բոլոր նմանատիպ սրացումների արդյունքում ավելի ճիշտ լուծումներ են գտնվում, ի՞նչ վատ բան կա որ:
– Ձեր կարծիքով, այդ հայտարարությունը կոնկրետ մարդկանց չի՞ վերաբերում:
– Ո՞նց կարող է կոնկրետ մարդկանց չվերաբերել, բա հո օդին չի վերաբերում:
– Այսինքն` դա ուղղակի վերաբերում է երկրի առաջին դեմքերին:
– Դուք եք այդպես ասում, անունը դնում եք առաջին, երկրորդ,երրորդ, ես ի՞նչ կարող եմ ասել: Դա վերաբերում է բոլոր այն մարդկանց, ովքեր կոռուպցիան կասեցնելու, մեղմելու համար գործեր պետք է անեին, չեն կարողանում անել, ուղղված է բոլոր այդ մարդկանց:
– Հետաքրքիր էր նաև, թե ինչո՞ւ ԲՀԿ ղեկավարը միայն նախընտրական տարում խոսեց կոռուպցիայից, և այն էլ Հայաստանից դուրս` եվրոպական պաշտոնյաների առաջ, ինչո՞ւ ավելի վաղ չէր բարձրաձայնում դրա մասին:
– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ավելի շուտ` չեմ ցանկանում պատասխանել:
– Իսկ ԲՀԿ-ն կոռուպցիայի դեմ պայքարելու համար ի՞նչ է արել այս տարիների ընթացքում:
– Կարծում եմ, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամները հիմնականում ոչ կաշառք են տվել, ոչ էլ վերցրել են: Այդքան են կարողացել անել, այդքանն են արել: Եթե ունենային ավելի շատ լծակներ, ավելին կանեին: