Եթե գողի ձեռքը բռնող չկա՝ ինքն իր պապու գերեզմանաքարը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերից կսարքի. Մարիամ Սուխուդյան
«Շատ ծիծաղելի է ասվում, որ երեք հոգի են եղել քար գողացողները ու տարել են պապու գերեզմանի համար: Անընդհատ նրանք փորձում են բանվորի մակարդակի իջեցնել կամ սուտ մարդ գտնել, իրար հետ պայմանավորվել` դու սենց ստորագրի’, հետո մենք քեզ կազատենք: Իսկ այդ ո՞վ է, որ բանվորին թողել է ներս, բյուջեից այդքան գումար է հատկացվում անձնագրավորման համար, իսկ անձնագրավորում չի արվում: Կամ էլ մենք այնքան արժեքը գցած հանրություն ենք դարձել, որ չե՞նք արժևորում մեր հուշարձանները: Սահմանենք, որ մենք արժեքը կորցրած ժողովուրդ ենք, ճանաչենք «Քարերի սիմֆոնիան» որպես քարե հանք, և սկսենք այդպես օգտագործել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը՝ խոսելով «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի շուրջ կատարվող իրադարձությոունների մասին:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ բնապահպան-ակտիվիստները ներկայացրել էին մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են կոտրում են «Քարերի սիմֆոնիայի» քարերը: Ոստիկանությունը պարզել էր, որ քար կտրող անձինք են Գառնի գյուղի բնակիչներ 1989 թ. ծնված Ֆելիքս Մ.-ն, 1981թ. ծնված Սևակ Հ.-ն և 1981թ. ծնված Ջիվան Դ.-ն են:
Վերջիններս նույն օրը բերման էին ենթարկվել ոստիկանության Գառնիի բաժանմունք և խոստովանել, որ հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում մոտ 6-7 անգամ Ջիվան Դ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով Գառնիի ձորի ժայռի բազալտե սյուներից տարիների ընթացքում պոկված ու գետնին թափված բազալտե հարթ սալիկները տեղափոխել են նրա պապի գերեզմանատեղն ու պարիսպ կառուցել:
Մարիամ Սուխուդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են անձնագրավորել հուշարձանը. «Մեր պահանջը սա է. ինչո՞ւ մինչև հիմա «Քարերի սիմֆոնիան» չի անձնագրավորվել: Ինչո՞ւ որևէ տեսուչ նշանակված չէ, որպեսզի վերահսկի այդ տարածքը: 2010 թվականին նախարարության այն ժամանակվա հասարակության հետ կապերի բաժնի պետ Պեպանյան Արծրունը հայտարարել էր, որ՝ այո, մենք կնշանակենք մարդ, նա կհսկի: Ո՞ւր է այդ մարդը: Պարզ է, որ գողն ասելու է՝ դռներդ բաց էր, եկել, վերցրել եմ: Ձեռքը բռնող չկա, ինքն էլ պապու գերեզմանաքար ա արել: Չնայած մենք ինքներս էլ տեսնում ենք, որ Փարավոն Միրզոյանի արվեստանոցը կազմված ա այդ քարերից, WWF-ի այցելուների կենտրոնը, որը գտնվում է «Խոսրովի» արգելոցում կազմված է այդ քարերից, ինչ-որ այլ պարսկահայերի առանձնատներ ուղիղ ձոր բերանին կազմված են այդ քարերից»: