Փարավոն Միրզոյանի առանձնատունը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի քարերի՞ց են կառուցված (տեսանյութ)

«Հեծանիվ+» հ/կ նախագահ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ Գառնու տարածքում գտնվող «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ հուշարձանի ավերումը շարունակվում է և մեկ ամիս առաջ Գառնի ձորում ինքն ականատես է եղել, թե ինչպես են «Քարերի սիմֆոնիայի» քարերը կոտրում և բեռնատաներով տեղափոխում:

«Գնացել ենք, գյուղապետին հանդիպել ենք, պատմել ենք եղելությունը, գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը, զարմացավ՝ իբր թե տեղյակ չէ, ասաց, որ ինքը կդիմի ոստիկանություն, համապատասխան միջոցներ ձեռք կառնեն: Մեկ ամիս հետո՝ 2 օր առաջ, նորից մեր ընկերները ականատես եղան, թե ինչպես են քարերը կոտրում, պատրաստվում են տեղափոխել: Նորից ուզում էինք իրենց հետ հանդիպեինք, բայց իրենք գործիքները թողեցին և փախան, ինչպես հանցագործներ: Չկարողացանք հասկանալ՝ ինչո՞ւ են կոտրում, արդյոք հասկանո՞ւմ են, որ դա եզակի հուշարձան է, հայ ազգի հարստությունն է, իսկ իրենք կոտրում էին որպես շինանյութ, քարի տեղ օգտագործում:  Եվ մենք նորից հանդիպեցինք գյուղապետի հետ, այս անգամ գյուղապետը նորից ասաց, որ կդիմի ոստիկանություն»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ իրենք նկարահանել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են քարերը մանրացվել, դասավորվել և նախատապրաստվել տեղափոխելուն. «Վիդեոյի անունն է, թե ով է Գառնու «Քարերի սիմֆոնիան» վերածում Ջուղայի գերեզմանոցի: Եթե այնտեղ թուրքերն էին մեր հուշարձանները վերացնում, ապա այստեղ՝ մեր ներքին թուրքերը, ովքեր գիտակցաբար կամ նունիսկ անգիտակցաբար մեր հուշարձանը քանդում են: Շատ ուրիշ երկրներում իրենք, ոչինչ չունենալով, անապատից անտառ են ստեղծում, օվկիանոսում կղզիներ են ստեղծում և ներկայացնում են իրենց երկիրը աշխարհում, իսկ մեր երկիրը, որ բնությունից այսպիսի պարգև ունի ժառանգած, ինչ-որ մի տգետի կամ անխելք օլիգարխների շնորհիվ վերացնում է»:

Ըստ նրա՝ Գառնիում այդ քարերից տներ կան կառուցված. «Ինչ-որ մեկի ամառանոցն են կառուցել, Փարավոն Միրզոյանի առանձնատունն է կառուցված, ինչ-որ մի երկու հատ մեծահարուստի տուն կա Գառնի գյուղում կառուցված, չեմ կարծում՝ գյուղապետ տեղյակ չէ, որ իր գյուղում մեծ տներ են սարքում այդ քարերից, ու ինքն ասում է՝ ես տեղյակ չեմ: Գյուղապետը դիմել է ոստիկանություն, բայց ինչպես տեսնում ենք՝ նրանք անգործության են մատնված. կամ դիտավորյալ չեն բացահայտում այդ գործը կամ իրենք նույնպես ներքշված են այդ հանցագործության մեջ, որովհետև արդեն հինգ տարի է՝ այդ քարերը կոտրում են, բոլոր գյուղացիները տեղյակ են, ինչու չէ, ոստիկանությունը նույնպես տեղյակ է, բայց մինչ օրս ոչ մեկի չեն պատժել, ու այդ անպատժելիության մթնոլոտը ստիպում է, որ այդ նույն հանցագործները շատանան: Պահանջում ենք, որ համապատասխան մարմինները անեն իրենց գործը»,- ասաց Սամվել Հովհաննիսյանը:

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ հուշարձանն այսօր բարձիթողի վիճակում է, ամենուրեք աղբակույտեր են, ջարդված քարեր: Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ դեռևս 2010թ. ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենք հուշարձանը վերցնում են իրենց հսկողության տակ, տեսուչներ են նշանակում, որպեսզի հսկեն այդ տարածքները, բայց մինչ օրս ոչ մի հսկողություն չկա:

«Կարող է ինչ-որ տեսուչ կա թղթի վրա, գումար է ստանում, բայց այնտեղ ինքը չկա, իր գործը չի անում: Արդեն 5 տարի է՝ նրանք գիտեն այդ խնդրի մասին, արդեն 4 տարի է՝ դա կառավարության որոշումով հատուկ պահպանվող տարածք է, և մինչև օրս անձնագիր չունի: Ո՞ւր են այդ գումարները, որ իրենք դուրս են գրում անձնագրեր հանելու համար, բայց անձնագիր չունի: Հետո պատճառաբանում են, թե անձնագիր չուներ, սահմանները չգիտեինք, դրա համար պահակ չունենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս