Ո՞ր պաշտոնյաները կծակեն իրենց ականջները

«Այսօր դատական իշխանության համակարգում աշխատավարձն ավելի բարձր է, քան գործադիր և օրենսդիր իշխանություններում: Առաջին ատյանի դատավորը ստանում է ավելի շատ, քան պատգամավորը կամ նախարարը»,- այսօր խորհրդարանում հայտարարել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նա ԱԺ-ին է ներկայացրել մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծեր և դատավորների աշխատավարձի մասին խոսել է դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի թեմայի շրջանակներում: «Կան 1 միլիոնից ավելի ստացող դատավորներ, իսկ նորանշանակ դատավորները 300 հազար դրամ են ստանում»,- ասել է Հրայր Թովմասյանը` ավելացնելով, որ բարձր աշխատավարձը կոռուպցիոն ռիսկերը բացառելու տեսակետից՝ կարևոր, բայց միակ պայմանը չէ:

Թե էլ ուրիշ ի՞նչ պայմաններ նկատի ունի Հրայր Թովմասյանը, կարևոր չէ: Քանի որ նա կարող է որակել դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարևոր մի քանի տասնյակ պայման, բայց չխոսել ամենակարևոր պայմանի` հարցի քաղաքական բաղադրիչի մասին: Դրա վերաբերյալ խոսելու դեպքում գործազուրկ կդառնա ոչ միայն Հրայր Թովմասյանը, այլև նրա անմիջական ու ոչ անմիջական վերադասները:

Դատավորների բարձր աշխատավարձը, անշուշտ, շատ կարևոր է նրանց կողմից հնարավոր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից: Այդ մոտեցումը գործում է գրեթե ողջ աշխարհում, սակայն, միաժամանակ, աշխարհում կան երկրներ, որտեղ դատավորներն այլ պաշտոնյաներից ցածր աշխատավարձ են ստանում, սակայն կաշառք չեն վերցնում:

Խոսենք կոնկրետ թվերով, Հրայր Թովմասյանի ներկայացրած թվերով: 1 կամ 1.5 մլն դրամը Հայաստանում համեմատաբար նորմալ, միջինից բարձր կենսամակարդակով ապրելու համար բավարար աշխատավարձ է: Բայց կարո՞ղ եք գտնել, արդյոք, Հայաստանում որևէ դատավոր, ով ապրում է միջինից թեկուզ մի փոքր բարձր կենսապայմաններում: Եթե անգամ գտնեք, ապա դրանց թիվը ընդհանուրի մեջ շատ չնչին կլինի:

Հայաստանում դատավորները հանրային ընկալման մեջ ասոցիացվում են գրեթե օլիգարխների հետ: Դատավորների զգալի մասն ապրում է մեծահարուստներին բնորոշ բոլոր «ատրիբուտներով»` թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, անշարժ գույք և բիզնես արտերկրում, բուրժուական հաճույքներ: Դա իրողություն է, որի մասին, եթե անգամ չեն բարձրաձայնում, սակայն գիտեն գրեթե բոլորը: Այսինքն` իրականում դատավորներն ապրում են այնպիսի կենսապայմաններում, որոնք ապահովելու համար ոչ թե՝ 1, այլ՝ անգամ 10 միլիոն դրամ աշխատավարձը հաստատ չի բավականացնի:

Բայց խնդիրը շատ ավելի խորքային է, քան դատավորների ընչաքաղցությունը կամ ճոխ ապրելակերպի նկատմամբ գայթակղությունը: Իրականում դատավորները Հայաստանում ոչ թե արդարադատության համակարգի, այլ իշխանական համակարգի ներկայացուցիչներ են: Խոսքը նրանց ֆորմալ, հաստիքային պատկանելության մասին չէ, այլ այն գործառույթների, որ դատավորներն իրականացնում են իրենց աշխատանքում: Հայաստանում դատավորների քննած գործերը բաժանվում են պայմանական երեք խմբի` քաղաքական երանգ ունեցող գործեր, ոչ քաղաքական, սակայն աղմկահարույց գործեր, որոնցում ներգրավվածներն իշխանության հետ առնչություն ունեն, և «շարքային գործեր», որոնցում իշխանությունը հետաքրքրություն չունի:

Առաջին երկու խմբի գործերով վճիռները կայացվում են բացառապես իշխանության այս կամ այն մարմնի կամ պաշտոնյայի հետ համաձայնեցնելուց հետո կամ ուղիղ հանձնարարությամբ, ինչի դիմաց երրորդ խմբի գործերում դատավորներն ունեն հարաբերական անկախություն, ինչն էլ օգտագործում են «կոռուպցիոն նպատակներով»:
Այս հարցում մեղադրել միայն դատավորներին, մեղմ ասած, արդարացի չի լինի:

Դատավորների մեծ մասը` ապրելով բարեկեցիկ պայմաններում, իրականում գտնվում է հոգեբանական ոչ այնքան հաճելի վիճակում: Այնպես չէ, որ դատավորները հաճույքով են կատարում իշխանության պատվերը այս կամ այն գործով, քանի որ, նրանք իրենց կաշվի վրա են զգում դատական համակարգի կախվածություն ու գիտակցաբար խախտում են ոչ միայն Ֆեմիդային տված խոստումը, այլ նաև Սահմանադրությունն ու օրենքները: Այլընտրանքը` հեռանալն է դատական համակարգից: Այդպիսի դեպքեր նույնպես լինում են, սակայն՝ շատ հազվադեպ:

Մի խոսքով, դատավորներն իրենց կախվածության դիմաց վճարում են բարոյական ու հոգեբանական ապրումներով, ինչն էլ իշխանությունը փոխհատուցում է` կոռուպցիոն դրսևորումների հնարավորություն տալով: Արդյունքում՝ դատավորներն ինտեգրվում են իշխանական համակարգին, իրենց համարում են այդ համակարգի պահապաններից մեկը և «արդարացիորեն» (իրե՛նց տեսանկյունից արդարացիորեն) ցանկանում են ապրել այնպիսի պայմաններում, ինչպես իշխանության մյուս սպասավորները` նախարարները, պատգամավորները, օլիգարխները, և այլք:

Այսինքն` դատավորների աշխատավարձն իրականում դատական համակարգի անկախության բարձրացման հետ գրեթե առնչություն չունի: Եթե դատավորը ամսական ստանա 10 կամ 100 միլիոն դրամ աշխատավարձ, դա նրան չի ազատելու իշխանության պատվերը կատարելու պարտավորությունից:

Դատական համակարգն իրապես կարող է անկախ, հետևաբար՝ նաև կոռուպցիայից զերծ լինել միայն այն դեպքում, երբ իշխանությունը ցանկանա դա: Բայց Հայաստանում դա ուտոպիա է, քանի որ իշխանությունը ներկայացնողների զգալի մասն ապրում ու գործում է քրեական և մնացած օրենսգրքերի խախտումներով: Այսինքն` իշխանության ներկայացուցիչները կցանկանան ունենալ անկախ դատական համակարգ միայն այն դեպքում, երբ միաժամանակ ցանկանան հայտնվել ազատազրկման վայրերում: Բայց դա քրեակատարողական հիմնարկների ներկայիս ծանրաբեռնվածության պայմաններում անթույլատրելի է:

Բացի այդ, ՔԿՀ-ներում, ինչպես Հրայր Թովմասյանն է ասում, բերան և աչքեր կարելն աղջիկների` ականջները ծակելու նման սովորություն է: Պատկերացրեք, ինչ ապազգային տեսարան կլինի, եթե հանկարծ նժդեհականությամբ տոգորված մեր քաղաքական վերնախավի մի մասը տարվի այդ սովորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս