Փիղ: Տանկ: Ինքնաթիռ

Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածու Ռոբերտ Սարգսյանը, ըստ հրապարակված արդյունքների, ստացավ 18.805 քվե: Վերջինս ընտրողներին հայտնի էր նույնքան, որքան 2010թ. հունվարի 10-ին, թիվ 10 ընտրատարածքում ԱԺ թափուր տեղի համար առաջադրված և հաղթանակած «Ազգային Միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը: Այսինքն` ընդհանրապես հայտնի չէր:

Եվ թող ոմանք պնդեն, որ 2010-ին դեռևս անազատության մեջ գտնվող մյուս թեկնածուն` Նիկոլ Փաշինյանը, ընտրողներին ավելի հայտնի էր, քան Արա Սիմոնյանը, կամ` որ «Ժառանգությունից» Ստյոպա Սաֆարյանը անհամեմա՛տ հայտնի է, քան Ռոբերտ Սահակյանը: ԿԸՀ-ի արդյունքները միանշանակ ասում են` դուք սխալ եք:

Եվ այդ մասին վկայում են թվերը` Ստյոպա Սաֆարյանի օգտին քվեարկել է 3680 ընտրող (ի դեպ, այդ 3680 ընտրողներից մեկը ես եմ): Քվեաթերթիկում կար երրորդ և դարձյալ անհայտությունից եկած մի թեկնածու ևս` Էդվարդ Պետրոսյանը, որը ստացավ 461 ձայն:
Հաղթանակած թեկնածուի` Ռոբերտ Սարգսյանի մասին տեղեկատվությունը խիստ համառոտ է: Նա հանրապետական է:

Սակայն սա նրա միակ արժանիքը չէ. պարոն Սարգսյանը նաև ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ է: Թեև նրա հաղթանակը նենգաբար վերագրվում է նրա` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի տիկնոջ եղբայրը լինելու բարեբախտությանը: Նախընտրական պաստառից ընտրողներս իմացանք կարևոր մեկ այլ տեղեկություն` թեկնածուն օպտիկական ակնոց է կրում։ Գյուղերում նման դեպքերում հիացած ասում են` կարդացած է:

Այս անգամ էլ, ինչպես ահազանգում են պարոն Սաֆարյանի վստահված անձինք, ընտրություններն անցել են` ինչպես միշտ. մարդկանց ընտրակաշառք են բաժանել, ապա լցրել տաքսիներ, երթուղայիններ…

Եվ հենց այս թեմայով էլ ՀՀԿ-ն ներկայացնող, կյանքի` կարծես թե երկարատև փորձ ունեցող պատգամավոր Սամվել Նիկոյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ուղղակի ասել է. «Ես ձեզ հարցնում եմ` արգելո՞ւմ է գործող Ընտրական օրենսգիրքը տաքսիով կամ մարշրուտնիով մարդ տեղափոխելը»:

Պարոն Նիկոյանը, ում ժամանակին վստահված էր նաև ԱԺ նախագահի պաշտոնը, նաև նկատել է. «Դուք պետք է ասեք հետևյալը. եթե ընտրողը մոտեցել է ընտրական տեղամասին, արդյոք նա ունեցե՞լ է հնարավորություն` գաղտնի պայմաններում իր տեսակետը հայտնի, գաղտնի պայմաններում քվեարկի, տեղամասում նրա վրա ճնշում չլինի, նրա քվեարկության ձայները ճիշտ, հրապարակային հաշվարկով ապահովվի: Դա ապահովվա՞ծ է: Եթե ապահովված է, ուրեմն նորմալ է»:

Սա չափազանց անլուրջ զրույց է. նույնքան անլուրջ կլինի այն մեկնաբանելը: Այս ընտրություններին իշխանությունների մասով ոչ մի նոր բացահայտում չեղավ` բացի Ռոբերտ Սարգսյան անուն-ազգանունից: Ընդդիմության վարքագծում էլ նորություն չեղավ: Չընդգրկվելով հարազատ կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ տեղում` Ստեփան Սաֆարյանը մնաց խորհրդարանից դուրս: Թեև ԱԺ-ում ներկայացված բոլոր ուժերն էլ, ընտրողներն էլ կարող են վկայել, որ նման պատգամավորի անհրաժեշտությունը մեր ԱԺ-ում իրո՛ք կա:

Ընդդիմություն ներկայացող ուժերը, սակայն, անգամ չփորձեցին աջակցել մրցակից կուսակցության ներկայացուցչին: ՀԱԿ-ը, հասկանալի է, իրեն թույլ չէր տա պաշտպանել «Ժառանգության» թեկնածուին: ԲՀԿ-ն, որն իր ակտիվ պատգամավորների շուրթերով բղավում է, թե ինքն ընդդիմություն է, բառ անգամ չթոթվեց` ի պաշտպանություն Սաֆարյանի:

«Ժառանգության» առաջնորդը, ինչպես գրեթե միշտ, այս անգամ էլ ոչ այնքան հասկանալի վարքագիծ դրսևորեց` ընդհանրապես մեջտեղում չերևաց: Թեև արդար ու նաև արդյունավետ կլիներ, որ նա էլ, իր կուսակցի հետ, շրջի բակ առ բակ: Հատկապես որ` նախագահ դառնալու հավակնություններ ունի:

Ի՞նչ եղավ. Ստյոպա Սաֆարյանը` իր մի քանի կուսակցական ընկերների հետ, բակ առ բակ շրջեց ու ստացավ արդեն նշված թվով ձայն` 3680: Իհարկե, ի տարբերություն հանրապետական թեկնածուի ընտրազանգվածի` Ստյոպա Սաֆարյանի ընտրողներն ընտրատեղամասեր են գնացել բացառապես սեփական ցանկությամբ և սեփական միջոցներով: Թեկնածուի համար սա լուրջ ձեռքբերում է:

Գուցե նրան ձայն տվողները շատ լինեին, եթե ընտրողներին հասկանալի լիներ «Ժառանգություն» կուսակցության քաղաքականությունը: Ստեփան Սաֆարյանը փարատում է իր ընտրողներին, թե խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել: Արդարության համար պետք է ասել` ՀՀԿ թեկնածուն, հասկանալի է, առանց ընտրակաշառքի ու երթուղայինների, ձայն չէր ստանա: Սակայն նույնքան խոսուն է նաև Ստյոպա Սաֆարյանի հավաքած ձայների համեստ թիվը: Սա լուրջ ուղերձ է ընդդիմադիր հավակնություններ ունեցող կուսակցություններին: Նրանք պատրաստ են պայքարել հանուն վեհ, մեծ գաղափարների, բայց հանուն կոնկրետ մարդու հաղթանակի` պարզապես չեն ձգում: ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել անգամ ԲՀԿ-ի հետ` տապալելու «ատելի ռեժիմը»:

Եթե կուզեք` ռեժիմը տապալելու միակ կոնկրետ քայլն ԱԺ-ում ընդդիմությունից Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի ներկայությունն է: Տեսեք, թե իշխանությունների համար որքան անհարմարություններ է ստեղծում նրանց ներկայությունը, որքան նյարդայնացնող են նրանց հարցադրումները: Եթե նրանց միանար ևս մեկը` «Ժառանգությունից», խորհրդարանում կլիներ 3 կամ գուցե 4 վստահելի, աշխատող պատգամավոր:

Սակայն ընդդիմության դրած խնդիրները մեծ են` փիղ, տանկ, ինքնաթիռ: Լավագույն դեպքում` առյուծ: Բայց ոչ մարդ…

Տեսանյութեր

Լրահոս