ՀԱԿ-ը և ՀՀԿ-ն համաձայնության եկան

Քիչ առաջ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի ներկայացուցիչներ Գագիկ Ջհանգիրյանի ու Դավիթ Հարությունյանի միջև համաձայնություն ձեռք բերվեց 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը հետաձգել մինչև մեկ տարով:

Ինչպես հայտնի է, ՀԱԿ խմբակցությունը որոշման նախագիծ էր ներկայացրել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ:

Այսօր կայացած նիստի ժամանակ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը կողմ կլինեն հանձնաժողովի ստեղծմանը, եթե այն գործի նախագահական ընտրություններից հետո:

Նախագիծը հանձնաժողովում ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանն առաջարկեց, որ հանձնաժողովի ստեղծման որոշումը կայացվի այսօր, բայց սահմանվի, որ հանձնաժողովը գործելու է նախագահական ընտրություններից հետո. և սահմանվի հանձնաժողովի գործունեության սկզբի կոնկրետ ժամկետ, օրինակ՝ մայիսի 1-ը: Այս առաջարկությունը պաշտպանեց նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սակայն Դավիթ Հարությունյանը պնդեց, որ հարցը հետաձգվի մինչև մեկ տարի ժամկետով, և ՀՀԿ անունից խոստացավ, որ եթե Գագիկ Ջհանգիրյանը կատարի իրենց կողմից ներկայացված մի քանի նախապայմանները, ապա ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը նախագահական ընտրություններից հետո կողմ կքվեարկեն հանձնաժողովի ստեղծմանը:

Նախապայմանները հիմնականում երկուսն են. առաջինն այն է, որ հանձնաժողովի կազմը լինի հավասարակշռված: Ջհանգիրյանի առաջարկած տարբերակում խմբակցություններից յուրաքանչյուրը հանձնաժողովում պետք է ունենար մեկական անդամ, իսկ դա նշանակում էր, որ ՀՀԿ-ՕԵԿ խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովում լինելու էր փոքրամասնություն: Հարությունյանի առաջարկը հավասարակշռված կազմ ունենալու վերաբերյալ վերաբերում էր նրան, որ հանձնաժողովում ՀՀԿ-ՕԵԿ զույգն ունենա 50 տոկոսանոց ներկայություն: Մյուս առաջարկը վերաբերում էր նրան, որ նախագծի հեղինակը խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու նախագծի հիմնավորումների միջից հանի քաղաքական հատվածները՝ թողնելով զուտ իրավականները:

Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց Դավիթ Հարությունյանի ներկայացրած բոլոր պահանջներին,  ինչի արդյունքում հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ իր համար կարևոր է, որ հանձնաժողովը ստեղծվի, և ինքը հույս ունի, որ ՀՀԿ-ն կկատարի ձեռք բերված ջենթլմենական համաձայնությունը: Եթե Գագիկ Ջհանգիրյանը չհամաձայներ ՀՀԿ առաջարկներին, ապա հանձնաժողովը կքվեարկեր հարցը և բացասական եզրակացություն կտար դրան: Նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու կդրվեր նաև լիագումար նիստի քվեարկությանը և այնտեղ կմերժվեր:

Այս հետաձգման առիթով իր վրդովմունքը հայտնեց հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչ Տիգրան Ուրիխանյանը, ով հայտարարեց, որ ինքը հանուն այս նիստին մասնակցելու՝ միջանկյալ օդանավից եկել է հանձնաժողովի նիստին, և չի մեկնել մի միջազգային միջոցառման, որտեղ քննարկվելու էին երկրի համար խիստ կարևոր նշանակություն ներկայացնող հարցեր: Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենք այսուհետ ևս նպատակ չունեն հանձնաժողովի նիստերի ժամանակացույցը նախապես համաձայնեցնել Ուրիխանյանի չվացուցակի հետ: Ուրիխանյանի վրդովմունքը վերաբերում էր նրան, որ եթե ինքը ներկա չլինի նիստին, ապա ԲՀԿ-ին կարող էին մեղադրել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը տապալելու կամ դրան դեմ լինելու մեջ:

Այսպիսով, ՀՀԿ-ի համար այս հանձնաժողովի ստեղծումը և Մարտի 1-ի իրադարձությունների քննարկումը նախընտրական շրջանում կարող էր քարոզչական բնույթի խնդիրներ առաջացնել՝ այն իմաստով, որ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին կմեղադրեին մարտի 1-2-ի իրադարձությունների արդյունքում իշխանության գալու մեջ: Նախագահական ընտրություններից հետո, այդ հարցի քննարկումը և նույնիսկ ամենախիստ եզրակացությունն այլևս որևէ նշանակություն չեն ունենա, քանի որ հանձնաժողովի եզրակացությունը կվերաբերի նախկին նախագահական ընտրություններին, որոնք որևէ իրավական կամ քաղաքական կապ չեն ունենա նոր ընտրությունների և դրանցում արձանագրված արդյունքների հետ:

Ի՞նչ է ստանում այս որոշումից ՀԱԿ-ը: Քաղաքական իմաստով, իհարկե, ոչինչ: Ընդհակառակը՝ համաձայնելով, որ հարցի քննարկումը հետաձգվի նախագահական ընտրություններից հետո, համաձայնելով հավատալ ՀՀԿ-ի տված «ջենթլմենական խոստմանը», ՀԱԿ-ն ընդունում է, որ նախագահական ընտրություններում ՀՀԿ թեկնածուն հաղթելու է, և նախագահական ընտրություններից հետո էլ քաղաքական օրակարգի ձևավորումը պայմանավորվելու է ՀՀԿ դիրքորոշմամբ և բարի կամքի դրսևորմամբ: Այլապես, ՀԱԿ ներկայացուցիչը կարող էր հայտարարել, որ նախագահական ընտրություններից հետո, իրենց համար այսպիսի հանձնաժողովի ստեղծումն անիմաստ է, քանի որ նորընտիր նախագահն արդեն իրավապահ մարմինների մակարդակով հետամուտ կլինի այս գործի բացահայտմանը, և խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը կկորցնի իր իմաստը:

Այս հարցում ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև համաձայնության ձեռքբերումն ավելի սրեց հարաբերությունները ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև: ԲՀԿ-ականներն այլևս Գագիկ Ջհանգիրյանին էլ են համարելու ՀՀԿ-ի հետ գործարքի գնացած գործիչ, և նրանց միակ հույսը ՀԱԿ-ում մնալու է Լևոն Զուրաբյանը, ով գոնե առայժմ անդավաճան վարքագիծ է դրսևորում:

Տեսանյութեր

Լրահոս