Բաժիններ՝

«Մեր ժայռապատկերներն արտաքին աշխարհի պատճենումները չեն»

Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ քարանձավագետ Սամվել Շահինյանի ժայռապատկերներին և խաչքարին նվիրված երեք գիտական մենագրությունների շնորհանդեսը: Քարանձավագետին շնորհավորելու էին եկել նրա ուսանողները, բարեկամները, ընկերները, պրոֆեսորներ, դասախոսներ և այլք: Շնորհանդեսին ներկա բանասեր Արմեն Դավթյանի կարծիքով` նրանք, ովքեր կփորձեն Սամվել Շահինյանի ճանապարհով շարունակել, չեն կարող այս գրքերը շրջանցել: «Արդեն 15-20 տարի է, ինչ սկսել ենք ազատվել այն հայագիտությունից, որը կա՛մ թյուրիմացաբար, կա՛մ չգիտես ինչպես մեր գլխին էր փաթաթվել:

Կար իրանակենտրոն հայագիտություն, լավագույն դեպքում` հնդեվրոպակենտրոն հայագիտություն, սակայն չկար հայակենտրոն հայագիտություն: Սամվել Շահինյանը հայակենտրոն հայագիտության ներկայացուցիչներից է: Այս մենագրությունները շատ կարևոր քայլ են հատկապես հայակենտրոն հայագիտության ձևավորման համար: Այս գործընթացը պետք է համակողմանի լինի` մի կողմից` լեզվաբանություն, մյուս կողմից` մշակութաբանություն, մյուս կողմից` ճարտարապետության պատմություն…»,- ասաց Արմեն Դավթյանը:

Մեզ հետ զրույցում Սամվել Շահինյանը պատմեց, որ մենագրությունները մոտ 30 տարվա հետազոտական աշխատանքների հետևանք են. «Ես վերջնականապես համոզվեցի, որ մեր ժայռապատկերներն ամենևին էլ արտաքին աշխարհի պատճենումները չեն: Դրանք բոլորը խորհրդակիր պատկերներ են և կենցաղային իմաստավորում չունեն: Նրանք ավելի խորը գաղափարական հենքի վրա են հիմնված, որը մինչև այժմ էլ չի ընդունվում: Բոլորը վաղ թե ուշ համոզվելու են, որ դրանք խորհրդակիր պատկերներ են, ավելին` դրանք ոչ միայն խաչքար դարձան, այլ հիերոգլիֆներ, հետո նաև` տառային կամ գաղափարային համակարգեր»:
Սամվել Շահինյանն ընդգծում է, որ այն, ինչ նա կարողացել է անել, իրեն երջանկացնում է. «Ես կարողացել եմ պարտքերիս մի փոքր մասը վերադարձնել:

Մտքովս երբեք չի անցել, որ ես պետք է խաչքարերի կամ քարանձավների մասին աշխատություններ գրեմ: Պարզապես պատահականություն էր, որ այլ աշխատանք չունենալու պատճառով, ես դարձա գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետ: Աշխատության մեջ փորձում եմ գիտական հիմնավորումներ տալ` սկզբում ապացուցելով, հետո նոր` հրապարակելով»:

Քարանձավագետն ընդգծում է, որ գրքերի հրապարակման գործում իրեն շատ մարդիկ են աջակցել. «Խաչքարերն արդեն երազիս էին գալիս: Եթե սնոտիապաշտ լինեի, պետք է մտածեի, որ մահս եկել է, բայց ես մտածեցի, որ նրանք երազիս են եկել, որ բացահայտեմ իրենց»: Մեր այն հարցին, թե որ վայրերում են ուսումնասիրություններ կատարվել, պրն Շահինյանը պատասխանեց. «Եղել եմ Ղարաբաղի բարձրավանդակում, Ուխտասարում, Վարդենիսի լեռներում, Գեղամա լեռներում, Սառցալիում, Մուրադ լեռում, Հուսո լեռում և շատ ուրիշ վայրերում: Եղել է, որ շաբաթներով միայնակ եմ մնացել լեռներում, եղել է, որ ընկերներս և ուսանողներս են օգնել: Բնության սիրահարներ շատ կան»,- ասաց հուշարձանագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս