Բաժիններ՝

Ինչպես են խժռում փոքր բիզնեսը (գծապատկեր)

Այն, որ սուպերմարկետներում առևտուր անելն ավելի հաճելի և հեշտ է, նորություն չէ։ Սակայն նորություն չէ նաև այն, որ սնկի պես աճող սուպերմարկետները պարզապես սնանկության են հասցնում մանր կրպակատերերին և գյուղմթերքների մանրածախ վաճառքով զբաղվողներին։ Կարճ ասած, խոցելի խավին։

Տարբեր երկրներում կառավարություններն այս խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում, քանի որ տնտեսական արդյունավետությունն ու շահը երբեմն պետք է ստորադասվեն սոցիալական նկատառումներին։ Դրա համար էլ մի շարք երկրներ կամ օրենքով սահմանափակում են սուպերմարկետների թիվը, կամ էլ այնպիսի հատուկ պայմաններ ստեղծում փոքր բիզնեսի համար, որ դրանք չտուժեն։

Մեր երկրում նույնպես կառավարությունը հաճախ խոսում է փոքր ու միջին բիզնեսի աջակցության և պաշտպանության մասին։ Այդ թվում՝ սուպերմարկետների կործանարար ազդեցությունից պաշտպանելու մասին։

Սակայն, խոսելուն զուգահեռ, իրականության մեջ տեղի է ունենում հակառակը՝ փոքր խանութները, կրպակներն ու գյուղատնտեսական շուկաները դիրքերը զիջում են մեծ խանութներին և սուպերմարկետներին։ Այսինքն՝ առևտրի ոլորտում տեղի է ունենում կենտրոնացում, որը գնալով խորանում է։

Կարդացեք նաև

Սրանք զուտ ենթադրություններ չեն, քանի որ այդ մասին փաստում է նաև պաշտոնական վիճակագրությունը։ Այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել է առանձին զեկույց՝ առևտրի և սպասարկման ոլորտի վերաբերյալ։

Մանրածախ առևտրի շրջանառությունն ըստ առևտրի օբյեկտների և առևտրի իրականացման վայրի տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեսնում եք այդ զեկույցի գծապատկերներից, մանրածախ շրջանառության մեջ կրպակների և գյուղարտադրանքի շուկաների տեսակարար կշիռը 2010 թվականից ի վեր փոքրանում է՝ տեղը զիջելով խանութներին (որոնց մեջ մտնում են նաև սուպերմարկետները)։ Գծապատկերի կապույտ հատվածը գնալով ընդլայնվում է, և նման տեմպերով շարունակվելու պարագայում՝ կարող է խժռել մյուս գույները։ Խանութների միջոցով իրականացված մանրածախ առևտրի տեսակարար կշիռը 2010թ. կազմել է 60.3%, 2011-ին՝ 63.8%, իսկ այս տարվա հունվար-հոկտեմբերին արդեն հասել է 65.4%-ի։

Ընդ որում, տեսակարար կշռից բացի, փոքր օբյեկտները նվազեցնում են իրենց շրջանառության ծավալները։ Այսպես, 2012թ. հունվար-հոկտեմբերին 2011թ. հունվար-հոկտեմբերի համեմատ՝ կրպակներում իրականացվող մանրածախ առևտրաշրջանառության ծավալները նվազել են 13.4%-ով, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներինը՝ 18.1%-ով, մինչդեռ խանութների շրջանառությունն ավելացել է 3.6%-ով։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս