Ինչպե՞ս նախագահի թեկնածուները կօգտվեն ինտերնետից
Առջևում ՀՀ նախագահական ընտրություններն են: Ինչպե՞ս համացանցը կօգտագործեն քաղաքական ուժերը և թեկնածուները քարոզարշավի ընթացքում: Այս մասին է մեր զրույցը մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանի հետ:
– Ինտերնետը, որպես քաղաքական գործիք, ինչպե՞ս կարող է օգտագործվել:
– Կարող են սեփական կայքէջը բացել, պետք է կարողանան ինտերնետային հրատարակություններում տարածել իրենց հաղորդագրությունները: Այսինքն` պետք է կարողանան այնպես աշխատել, ինչպես աշխատում էին ավանդական զանգվածային լրատվության միջոցների պարագայում, որովհետև ցանցային լրատվամիջոցներն այսօր արդեն դառնում են որոշիչ գործոն նաև քաղաքական գործընթացներում:
Ճիշտ է, դրանք իրենց տարածվածության աստիճանով դեռևս չեն հասել հեռուստատեսությանը, տպագիր լրատվամիջոցներին` թերթերին, սակայն, գուցե արդեն հավասարվում կամ գերազանցում են: Ցավոք, ես ուսումնասիրություններ չունեմ, որպեսզի հստակ ասեմ, թե ո՞ր հեռուստատեսությանը դեռ չեն գերազանցում, սակայն, ամեն դեպքում, որոշակի խավի վրա դրանք ազդեցություն ունեն:
Հետևաբար, բոլոր հնարավորությունները կարող են օգտագործել` ինտերնետային կայքեր, սոցիալական ցանցեր, սեփական բլոգ, սեփական էջ, այդ էջի լինքի տարածում սոցիալական ցանցերի միջոցով կամ այդ հաղորդագրությունների անընդհատ տեղադրում, իրենց գործունեության մասին անընդհատ թարմացվող տեղեկություններ և այլն: Այսինքն` այնպես, ինչպես կարելի է աշխատել ավանդական լրատվամիջոցների հետ, և դեռ մի բան էլ ավելի:
– Այսինքն՝ նոր տեխնոլոգիաների բերած հնարավորություններն առաջիկա նախագահական ընտրություններում ակտիվորեն կօգտագործվե՞ն:
– Ոչ թե կօգտագործվի, այլ կարելի է օգտագործել: Ես չգիտեմ` կօգտագործե՞ն, թե՞ ոչ, որովհետև չգիտեմ` մեր քաղաքական կուսակցություններն ընդհանրապես գիտե՞ն ցանցից օգտվել, գիտե՞ն կամ արդյոք կարո՞ղ են օգտագործել դրա ունեցած հնարավորություններն ու ռեսուրսները:
Իհարկե, առցանց լրատվամիջոցները շատ օպերատիվ են և երբեմն օրվա մեջ շատ ավելի այցելուներ են ունենում, քան տպագիր թերթերը կարող են վաճառվել: Չգիտեմ, գիտե՞ն իրենք դա, թե՞ չէ: Եթե չգիտեն՝ խորհուրդ կտամ իրենց մոտ վերցնել մասնագետներ, որոնք կարող են զբաղվել այդ գործով:
– Առաջիկա նախագահական ընտրություններում հնարավո՞ր է, այսպես ասած, «ռուբիլնիկն» անջատեն, և մենք բոլորս ինտերնետից զրկվենք:
– Չեմ կարծում, որ նման բան լինի, որովհետև 2008թ. մարտի 1-20-ն ընկած ժամանակահատվածում, երբ որոշ կայքեր արգելափակված էին, դա չէր խանգարում, որպեսզի մարդիկ, ովքեր գիտեին և տիրապետում էին որոշ տեխնոլոգիաների հմտություններին՝ շրջանցիկ ճանապարհներով ինֆորմացիա ստանային: Ճիշտ է, քիչ մարդ կարողացավ և հնարավորություն ուներ այդ ամենից օգտվելու համար: Հիմա մարդիկ արդեն ավելի են զարգացել և տիրապետում են շատ գործիքների, այնպես որ, չեմ կարծում, թե նման բանի իշխանությունները կգնան: Համենայն դեպս՝ կայքերի արգելափակում չեն անի, որովհետև դա արդյունավետ չէ:
Լավագույն դեպքում հնարավոր է, ինչպես նշեցիք՝ ինտերնետը պարզապես անջատել, բայց հանուն ինչի՞ պետք է դա անեն: Արտակարգ իրավիճակ չէ, իսկ ընտրությունները մրցակցություն են:
– Ընդհանրապես ընտրություններից առաջ շատ կայքեր են ստեղծվում, և լուրջ մրցապայքար է ընթանում: Որպես մեդիա փորձագետ՝ ի՞նչ եք կարծում` դրանք ժամանակավո՞ր կայքեր են, որոնք հետո կփակվեն, թե՞ կշարունակեն գործել: Փորձն ի՞նչ է ցույց տալիս:
– 1990-ական թվականներից սկսած, այն ժամանակ ինտերնետ չկար, կայքեր չկային, թերթեր էին ստեղծում: Ընտրություններից առաջ ինչ-որ թերթեր էին բացվում տարօրինակ անուններով, օրինակ` ինչ-որ վարչական շրջանում մի թերթ էր բացվում, իսկ հետո պարզվում էր, որ դա որևէ քաղաքական ուժի էր պատկանում: Հիմա արդեն կայքերի բումն է սկսվել: Որոշ քաղաքական գործիչների կամ կուսակցությունների համար դա ասես ատրիբուտիկայի մաս լինի. դե, առանձնատուն ունի, շքախումբ ունի, մի քանի ավտոմեքենա ունի, մանդատը ունի, քարտուղարուհի էլ ունի:
Մտածում են՝ էլ ի՞նչ չունենք, որ մնացածը ունեն… եկեք կայք բացենք: Ու կայք են բացում պարզապես երևալու համար: Իրականում նախագահական ընտրություններից առաջ չեմ կարծում, որ կայքերը այդքան շատանան, սակայն ապագայում հնարավոր է, որ իմ նշած՝ 1990-ականներին բացված թերթերի պես նման քայլի գնան նաև կայքերը:
Նախագահական ընտրություններից առաջ, հնարավոր է, որ կայքեր բացվեն, մինչդեռ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի դրանք կարողանան շուկայում տեղ գրավել և ազդեցություն ունենալ հասարակության վրա: Հետևաբար` չեմ կարծում, որ այն մարդիկ կամ այն կուսակցությունները, ովքեր մասնակցելու են խորհրդարանական ընտրություններին՝ հատուկ դրա համար տեղեկատվական կայքեր բացեն:
Հնարավոր է, որ դրանք բացեն իրենց նախընտրական կայքը` քարոզչություն իրականացնելու համար, ինչը նորմալ է: Դա նույնն է, ինչ, օրինակ` նախընտրական բուկլետներ տարածելը, և այլն: Ընդ որում, եթե կայքեր բացեն և օգտագործեն ինտերնետի հնարավորությունները, ապա դրանք կարող են որոշակի չկողմնորոշված խավի վրա ազդեցություն ունենալ: Չկողմնորոշված խավի, որն օգտվում է ինտերնետից, քանի որ կողմնորոշվածի վրա ազդեցություն ունենալը դժվար է:
Անիմաստ է և արդյունավետ չէ փող ծախսել նոր տեղեկատվական կայքեր բացելու համար, քանի որ նոր կայքերը չեն կարող շուկայում մրցակցել, իսկ շուկայում մրցակցությունը մեծ է: Օրինակ, պարզապես հիշեք, թե յուրաքանչյուր օր քանի տեղեկատվական կայքերից եք օգտվում:
Ես հիմա կարող եմ թվարկել ընդամենը 3-4 կայք, որից օգտվում եմ յուրաքանչյուր օր, և գիտեմ էլի շատ մարդկանց, որոնք հիմնականում 5-6 կայքերից են օգտվում: Այսինքն` շուկայում մրցակցությունը շատ մեծ է, և հիմա նոր կայք բացելն արդյունավետ չէ:
Կարծում եմ` առավել արդյունավետ է պարզապես նախընտրական կայք բացել և այդ նախընտրական կայքը սոցիալական ցանցերով և ինտերնետի ընձեռած այլ հնարավորություններով տարածել:
– Նշեցիք, որ ինտերնետային լրատվության դաշտում լուրջ մրցակցություն է, և շատ կայքեր արդեն ունեն իրենց հաստատուն տեղը մեդիա ոլորտում: Որպես մեդիա փորձագետ, ի՞նչ եք կարծում` ավելի վաղ ստեղծված կայքերը հատուկ նախընտրական նպատա՞կ ունեն:
– Դժվարանում եմ ասել: Հնարավոր է, որ դրանք հեռահար նպատակներով են ստեղծվել, հնարավոր է: Ասենք, որոշ կայքերում ես նկատում եմ այդ միտումները, չնայած` ինքս այդ ամենին այդքան էլ չեմ հավատում և կողմնակից չեմ:
Ես, սակայն, տեսնում եմ կայքեր, որոնք որոշակի նուրբ քարոզչություն են իրականացնում, դրանք հանդես են գալիս իբրև ազատ, ըստ իրենց բովանդակության՝ իրենք ազատ են և տալիս են բոլոր կողմերի տեսակետները, սակայն երբեմն այդ չեզոք լրատվության մեջ մի վերնագրով կամ մի փոքր ինֆորմացիայով նրանց որոշակի կողմնորոշումը երևում է:
Ընտրությունների ժամանակ այդ կայքերում նմանատիպ երևույթները մեծանալու են, և, քանի որ ընթերցողն այդ կայքին վստահել է արդեն 4 տարի, ապա այդ վտահությունն օգտագործելով՝ դրանք որոշակի քարոզչություն են իրականացնելու, ինչն ազդելու է որոշակի չկողմնորոշված հատվածի վրա:
Բայց դա նորմալ մեդիա գործունեություն է: Ժամանակին և թերթերն են այդպես աշխատել, և հեռուստատեսությունները, այսինքն` դու ձեռք ես բերում վստահություն ոչ ընտրական շրջանում` ընտրական շրջանում այդ ռեսուրսն ինչ-որ կերպ օգտագործելու համար:
– Խոսենք ինտերնետ գովազդի մասին: Ինտերնետ լսարանն ավելացել է, դրան զուգահեռ` ավելացել է նաև ինտերնետ գովազդը: Ի՞նչ եք կարծում` առաջիկա ընտրություններում ինտերնետ գովազդը կգերազանցի՞ հեռուստատեսությանը:
– Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչ արագությամբ կզարգանա Հայաստանում համացանցը: Գովազդը բիզնեսի մի մաս է, բիզնեսմենները դա կօգտագործեն այն պարագայում, երբ տեսնեն, որ դա արդյունավետ է: Նախագահական ընտրությունները տարբերվում են խորհրդարանականից:
Եթե նախկինում խորհրդարանական ընտրություններում մասնակցում էին մոտ 15 կուսակցություններ, ապա վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական կուսակցություն և դաշինք: Այսինքն` տենդենցը գնում է դեպի կրճատում, հնարավոր կոալիցիայի ստեղծում և միասնական թեկնածուով ներկայանալու միտում: Հետևաբար, առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված ինչ-որ նոր կայքեր ստեղծելու բումը մեծ չի լինելու, իսկ եթե նախընտրական կայքեր ստեղծվեն, ապա ստեղծելու են միայն այդ թեկնածուների շտաբները: Իսկ դա շատ մեծ թիվ չի կազմում:
Ինչ վերաբերում է գովազդին, ապա, իհարկե, ինտերնետում էլ այն կլինի: Իհարկե, ոչ այն չափով, ինչ հեռուստատեսությունում:
Ընդ որում` նկատի ունեցեք, որ ըստ օրենսդրության՝ թեկնածուներին տրվում է անվճար և վճարովի ժամաքանակ: Իհարկե, բոլոր թեկնածուներն անխտիր օգտագործում են այդ անվճար ժամանակահատվածը իրենց քարոզչության համար, իսկ վճարովիից օգտվում են այնքան, որքան նրանց միջոցներն են թույլ տալիս: Ինտերնետում քաղաքական գովազդ կլինի հիմնականում հայտնի և մեծ լսարան ունեցող կայքերում:
Ինտերնետ գովազդի պարագայում պետք է մի բան հաշվի առնել. Ինտերնետ գովազդը դրված է միշտ, այսինքն` պոտենցիալ կերպով այն ցանկացած վայրկյանին հասանելի է և տեսանելի է 24 ժամ անընդմեջ, և ցանկացած կայք մուտք գործող կարող է տեսնել այն: Մինչդեռ հեռուստագովազդը ցուցադրեցին, և վերջ: Նույնը վերաբերում է նաև թերթերին՝ կարդացիր և վերջ: Ինտերնետային գովազդը միշտ կարելի է տեսնել, սակայն չեմ կարծում, որ այն շատ մեծ ազդեցություն կունենա առաջիկա ընտրություններին:
– Լրատվական կայքերի հաճախելիության թվերին հավատո՞ւմ եք:
– Կարճ կասեմ՝ չեմ հավատում: Իհարկե, կան թրաֆիկներ (այցելություններ) առնելու տեխնոլոգիաներ, և այլն: Օրինակ` Facebook-ում, եթե այսքան մարդ like է տվել ինչ-որ տեղեկատվական կայքէջի, ապա դա չի նշանակում, որ տվյալ կայքն այդքան այցելու ունի, և, որ այդքան մարդ մտնում է տվյալ կայք և կարդում է այն: