Լևոն Զուրաբյանը կայացրեց ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը

Երեկ չափազանց նշանակալից օր էր քաղաքական դաշտում նոր իրականության ձևավորման առումով: ՀԱԿ-ը բողոքի ակցիա էր կազմակերպել ԱԺ դարպասների մոտ, որի ֆորմալ նպատակն իշխանությունը ներկայացնող ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների վրա ճնշում գործադրելն էր, որպեսզի նրանք մասնակցեն և գրանցվեն ՀԱԿ նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանին:

Ի սկզբանե պարզ էր, որ ՀԱԿ նախաձեռնությունը տապալվելու էր ոչ թե այն պատճառով, որ ԱԺ դարպասների մոտ հավաքվել էր 200ևի մոտ մարդ, որը բավարար չէ պատգամավորներին ճնշելու համար, այլ` որովհետև ՀՀԿ-ական պատգամավորների մեծ մասը երեկ ընդհանրապես ԱԺ չէր եկել, և անկախ ճնշման ուժից, նրանք չէին կարող գրանցվել:

Բայց ինչո՞ւ ՀԱԿ-ն այնուամենայնիվ կազմակերպեց այդ հանրահավաքը, իմանալով, որ չի կարող քիչ թե շատ ազդեցիկ զանգված հավաքել: Հնարավոր է, որ նրանք հույս ունեին, որ դա իրենց փոխարեն կարող են անել ԲՀԿ-ականները, և Գագիկ Ծառուկյանը Աբովյանից բարեգործական երթուղու ավտոբուսներով գոնե մի երկու հազար ցուցարար կապահովի ՀԱԿ-ի համար: Քիչ հավանական է, քանի որ ՀԱԿ-ին ասվել էր, որ` դա ձեր կազմակերպած ակցիան է, դուք էլ մարդ բերեք, որքան կարող եք:

Մտածել, որ ՀԱԿ-ի ունեցած ռեսուրսը սահմանափակվում է այդ 200 հոգով, իհարկե, ճիշտ չէ. ուժերը լարելու և որոշակի գումար ծախսելու դեպքում ՀԱԿ-ը կարող էր քիչ թե շատ պատկառելի միջոցառում կազմակերպել և հավաքել 500-1000 մարդ, գուցե մի քիչ էլ ավելի: Բայց ի՞նչ իմաստ ուներ հավաքել նույնիսկ 2 հազար մարդ, եթե դա որևէ կիրառական նշանակություն չէր ունենալու: Մյուս կողմից, այն, ինչի համար ՀԱԿ-ը հավաքել էր այդ 200 հոգուն, բավարար էր իր ուզածին հասնելու համար:

Կարդացեք նաև

Իսկ ՀԱԿ-ի ուզածն, ըստ ամենայնի, այն էր, որ այդ միջոցառմամբ ֆորմալացվեր արդեն դե ֆակտո գոյություն ունեցող դաշինքը ԲՀԿ-ի հետ: Երեկ ՀԱԿ ակտիվիստների հետ հանդիպելու և նրանց առաջ ելույթ ունենալու համար ԱԺ շենքից միասին դուրս եկան ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և Լյուդմիլա Սարգսյանը, իսկ ԲՀԿ-ից` Վարդան Օսկանյանը և Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցման համար ասենք, որ մի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչներն իրենց կազմակերպած ցուցարարների առաջ դուրս էին գալիս բոլորովին այլ կազմով և այլ թիմով: Լևոն Զուրաբյանից հետո բարձրախոսը վերցրեց և ցուցարարներին դիմեց Վարդան Օսկանյանը:

Կարևոր չէ, թե ինչ խոսեց Վարդան Օսկանյանը, կարևորն այն է, որ ՀԱԿ կողմնակիցները մի քանի անգամ ծափահարեցին Վարդան Օսկանյանին: Այդ ծափահարությունները հենց այն դե յուրե ստորագրությունն են, որով վավերացվեց ՀԱԿ-ԲՀԿ քաղաքական դաշինքը: Մինչ այդ ՀԱԿ որոշ անդամներ հայտարարում էին, որ իրենք դեմ են ԲՀԿևի հետ համագործակցությանը, կամ կասկածում են ԲՀԿևին` մտադրությունների անկեղծության մեջ:

Կասկածո՞ւմ են նրանք, թե՞ չեն կասկածում, այլևս երկրորդական է. Լևոն Զուրաբյանի կազմակերպած այս միջոցառման միջոցով ՀԱԿևը հրապարակային հավանություն տվեց և լեգիտիմացրեց այդ միասնությունը: Այլևս եթե ՀԱԿ որևէ անդամ որոշի իր անհամաձայնությունը հայտնել ՀԱԿ-ԲՀԿ դաշինքին, նա դեմ կլինի ոչ թե Լևոն Զուրաբյանին, այլ ՀԱԿ ընդհանրական տեսակետին, որը արտահայտվել է հանրահավաքում: Իսկ, երբ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ հնարավոր է, որ իրար հետ բանակցող քաղաքական ուժերն ընտրություններում հանդես գան միասնական թեկնածուով, ՀԱԿ կազմակերպած ցույցի մասնակիցները ոչ միայն ծափահարեցին, այլ սկսեցին բացականչել` «Լևոն նախագահ, Լևոն նախագահ»:

Օսկանյանն անարձագանք թողեց այդ վանկարկումները, և ՀԱԿ կազմակերպած միջոցառումից հեռացավ այնքան արագ, որ կարելի էր կարծել, թե տեղեկացվել է, որ հանրահավաքի մասնակիցները ոչ թե ՀԱԿ անդամներ են, այլ ՄԻԱՎ վարակակիրներ: Միայն ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը փորձեց հակադրվել «Ծառուկյան նախագահ» կոչով, որը, սակայն, խլացվեց:

Պարզ է, որ եթե միասնական թեկնածուի հարցը պետք է որոշվի ՀԱԿ-ԲՀԿ համատեղ հանրահավաքում, և այն տրամաբանությամբ, թե ով ում կլռեցնի, կամ ում ձայնը ավելի բարձր կհնչի, ապա ԲՀԿ-ն այնպիսի հանրահավաք կարող է հրավիրել, որ ՀԱԿ ակտիվիստների ձայնը տասնապատիկ և հարյուրապատիկ ավելի թույլ լինի, քան Նաիրա Զոհրաբյանի ձայնը երկուհարյուրանոց հանրահավաքում:

ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները ԲՀԿ-ականների հեռանալուց հետո սկսեցին քննարկել ԲՀԿ-ի մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Նրանց ճնշող մասի համոզմամբ, եթե ԲՀԿ-ն իրենց միանա, ապա իրենք կկարողանան հաջողության հասնել: Սա ցույց է տալիս, որ նույնիսկ ՀԱԿ հավատավոր անդամները, որ դեռ 2011թ. մարտին համոզված էին, որ իրենք կարող են միայնակ տապալել ՀՀԿ-ԲՀԿ դաշինքը, հիմա հասկանում են, որ միայնակ, առանց ԲՀԿ աջակցության իրենք ոչ մի բանի ընդունակ չեն:
Եվս մի կարևոր դիտարկում երեկվա միջոցառումից:

Երբ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ելույթ էր ունեցել, իսկ ՀԱԿ հանրահավաքի մասնակիցները բուռն ծափահարել էին Վարդան Օսկանյանին, և հանրահավաքը, ըստ էության, ավարտվել էր, ԱԺ տարածքից դուրս եկավ և հանրահավաքի մասնակիցներին մոտեցավ ՀԱԿ խմբակցության մեկ այլ անդամ` Նիկոլ Փաշինյանը: Բայց Լևոն Զուրաբյանը հմտորեն այնպես ցրեց հանրահավաքը, որ Փաշինյանին բաժին հասավ միայն ԱԺ դարպասների մոտից տուն շտապող հանրահավաքի մասնակիցների հոսքը:

Պարզ է մի բան. Լևոն Զուրաբյանը կարողացավ կայացնել ՀԱԿ-ԲՀԿ դաշինքը` անկախ նրանից, թե ՀԱԿ ակտիվի որ մասն էր կողմ դրան և որ մասն էր դրան դեմ, կարողացավ այնպես անել, որ Վարդան Օսկանյանն ընկալվի ոչ թե մարտի 1ևի դեպքերի քաղաքական պատասխանատու, այլ ռեժիմի դեմ կենաց ու մահու պայքարի դուրս եկած նվիրյալ գործիչ: Համաձայնվեք, որ սա այնքան էլ հեշտ չտրվեց Լևոն Զուրաբյանին, բայց նա կարողացավ գլուխ բերել գրեթե անհնարինը: Այնպես որ, նրանք, ովքեր պնդում են, թե հնարավոր չէ, որ ՀԱԿ-ևը պաշտպանի ԲՀԿ թեկնածուին (կարևոր չէ, թե ինչ ձևով), այլևս նման բան ասելուց առաջ թող լավ մտածեն, որովհետև սխալվելու հավանականությունը գրեթե 100 տոկոսանոց է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս