«Նախախորհրդարանը» կանոնակարգ է սահմանել

«Նախախորհրդարան» նախաձեռնության ստեղծման վերաբերյալ նոյեմբերի 15-ի հայտարարությունից 5 օր անց՝ նոյեմբերի 20-ին, Նախախորհրդարանի հերթական նիստում հաստատվել են վերջինիս նպատակներն ու խնդիրները սահմանող և նրա գործունեությունը կարգավորող «Նախախորհրդարանի ծրագրային հիմնադրույթները և Կանոնակարգը»: «Նախախորհրդարան» նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասված է.

«Համաձայն այդ փաստաթղթի՝ «Նախախորհրդարանի նպատակն է՝ ապահովել ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության (այսուհետ՝ Կառավարման նոր համակարգով պետություն) ձևավորման գործընթացի մեկնարկը»: Նշված նպատակին հասնելու համար Նախախորհրդարանը լուծում է հետևյալ խնդիրները՝

1. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման և զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի մշակում և ընդունում (նախագիծը մշակելու են դրա ընդհանուր դրույթների և ոլորտային բաժինների պատասխանատուների համակարգմամբ գործող աշխատանքային խմբերը, որոնցում ներգրավվելու են նաև համապատասխան փորձագետներ ու խորհրդականներ),

2. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման Հռչակագրի նախագծի մշակում և ընդունում,

3. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման նպատակով քաղաքացու հետ կնքվելիք պայմանագրի նախագծի մշակում և ընդունում,

4. Կառավարման նոր համակարգով պետության ձևավորման նպատակով կազմավորվելիք Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ընտրազատման չափանիշների, ինչպես նաև ընտրության կարգի մշակում և հաստատում,

5. Հիմնադիր խորհրդարանի Ընտրական հանձնաժողովի ընտրություն,

6. Հիմնադիր խորհրդարանի կազմավորում,

7. «Այլընտրանքային իշխանության ձևավորման ինտելեկտուալ ճակատ»-ի ստեղծում, որը բաղկացած կլինի Նախախորհրդարանի անդամներից և դրա ոլորտային աշխատանքային խմբերի փորձագետներից ու խորհրդականներից, ինչպես նաև վերը նշված նախագծերի հանրային քննարկումների գործուն մասնակիցներից:

Նախախորհրդարանի Համակարգող ընտրվեց Գարեգին Չուգասզյանը, Համակարգողի տեղակալ՝ Սյուզան Սիմոնյանը:

Նախախորհրդարանը հաստատեց նաև Քարտուղարության կազմը և ըստ վերը նշված Ռազմավարական հայեցակարգի նախագծի կառուցվածքի (Ընդհանուր դրույթներ ու Անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի, Արտաքին հարաբերությունների, Բնապահպանության, Գիտության և կրթության, Դատաիրավական, Համազգային հարցերի, Պետական կառավարման, Մշակույթի, Սոցիալական, Ֆինանսատնտեսական և Տեղեկատվական (մեդիական) ոլորտային բաժիններ) սահմանեց իր գործունեության ուղղությունները, ընտրեց համապատասխան ոլորտային աշխատանքային խմբերի պատասխանատուներին ու ձևավորեց դրանց կազմը:

Նախախորհրդարանի գործունեության հանրային իրազեկումն իրականացվելու է Համակարգողի, Համակարգողի տեղակալի և Քարտուղարության միջոցով»:

 

Նախախորհրդարանի Քարտուղարություն
21-ը նոյեմբերի 2012թ.

Տեսանյութեր

Լրահոս