Կիրակի
Կիրակի օրերին` «Ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահը», «Ե՞րբ կխոսի Լևոն Տեր-Պետրոսյանն» ու «Ե՞րբ կկողմնորոշվի Գագիկ Ծառուկյանը» հարցերին գումարվում է ևս մեկը` ո՞ւր տանել երեխաներին: Խամաճիկների թատրոնն առաջարկում էր խոստումնալից վերնագրով ներկայացում` «Իսկական ընկեր»:
Այն է, ինչ պետք է: Սակայն այդ մտքից անմիջապես հրաժարվեցի, երբ երեխաներիս հայացքից հասկացա` իմ ուրախությունն ակնհայտորեն գերազանցում է նրանցը: Առավել ևս, որ իսկական ընկերոջ մասին լսելիս` ժամանակակից երեխաները ձեռքները մեկնում են IPad-ի ուղղությամբ:
Բայց` ո՞ւր գնալ: Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը գոնե պիտի թույլ չտա ծնողներին հուսահատվել: Բարեբախտաբար, կիրակի «Երեք խոզուկների» օրը չէր: Բայց, ավելի վատ. առաջարկվում էր դիտել «Կարմիր գլխարկը»: Այստեղ, չգիտես ինչու, վստահ են, որ Կարմիր գլխարկի թեման հավերժական է, սյուժեն` անասելի հետաքրքիր:
Փոքրիկս դեռ չի հասցրել հասկանալ այս հեքիաթի ողջ տափակությունը, այնպես որ՝ կարելի է տանել: «Կարմիր գլխարկն» եք գնո՞ւմ»,- ծիծաղը մի կերպ զսպելով` հարցրեց միջնեկս:
Հասկանալի է, հեգնական նման վերաբերմունքից հետո փոքրիկս պահանջեց իրեն, ի վերջո, ծանոթացնել «Կարմիր գլխարկի» «չար» գայլին: Կենդանաբանական այգի: Ահա այն տեղը, ուր երեխայի հետ կարելի է զբոսնել, ծանոթացնել կենդանիներին: Կարճ ասած` մեկ-երկու ժամ հաճելի ժամանակ անցկացնել: Եվ փոքրիկիս հետ էլ ուղևորվեցինք Կենդանաբանական այգի` տեսնելու «խորամանկ աղվեսին», «մեեեծ ու բարի փղիկին» և ծանոթ հեքիաթների մյուս հերոսներին:
Վերջին անգամ կենդանաբանական այգում լինելու հաճույք ունեցել էինք երկու տարի առաջ` Հելսինկիում: Այնտեղ Եվրոպայի ամենամեծ ու հարուստ կենդանաբանական այգին է: Այգի ասվածը կղզի է, որը դրախտ է հիշեցնում:
Ողջ օրն այնտեղ չի դադարում մարդկանց հոսքը. բոլորը` մեծից փոքր, գնում են` լիարժեք հանգստանալու, իրենց զգալու բնության մի մասը:
Կենդանիները վանդակներում չեն. մարդկանցից նրանց բաժանում են թափանցիկ մեծ փողկերը: Յուրաքանչյուր կենդանու համար ստեղծված է բուսական այն միջավայրը և հատկացված է այնքան տարածք, որին նա սովոր է ազատ բնության մեջ: Սակայն հսկայական տարածքներում կենդանի տեսնել այնքան էլ հեշտ չէ. ապակյա պատից այնկողմ բուսականության այնպիսի առատություն է, որ կենդանիները չեն երևում: Կարող ես կենդանիներին տեսնել այն դեպքում միայն, երբ ինքը` կենդանին է հետաքրքրված տեսնել իր կրտսեր եղբայրներից որևէ մեկին: Այսինքն` մարդկանց:
Ավելորդ է ասել, որ կենդանաբանական այդ այգում երեխաների համար օրն իսկական տոն է. խաղահրապարակներ, առագաստանավեր, ծառից ծառ ցատկող սկյուռներ, ազատ շրջող սիրամարգեր, և այլն, և այլն:
Հաճելի այդ հիշողություններով զինված` ուղևորվեցինք Երևանի կենդանաբանական այգի: Մուտքի մոտ ցուցանակը` «Չկերակրել կենդանիներին», արդեն ուրախացնող էր: Այսինքն` կենդանիները կուշտ են, և այցելուների տարած բլիթների անհրաժեշտությունը չեն զգում: Սակայն կենդանիներն ակնհայտորեն տեղյակ չէին ցուցանակի բովանդակությունից. արջերը, տեսնելով մեզ և հատուկենտ մյուս այցելուներին, կանգնեցին ուղղահայաց և ժեստերով ուղղակի հասկացնում էին` գցեք այն ամենը, ինչ հնարավոր է ուտել: Հերթական բլիթը կուլ տալուց հետո արջերը ծափահարում էին, ինչպես կուսակցական համագումարին առաջնորդի ելույթից հետո` իրենց երկոտանի եղբայրները: Ապա թաթերով կրկնում նույն շարժումը` ուտելու մի բան գցեք:
Այգում երկու նորամուծություն կար. գեղեցիկ, ապակեպատ տարածության մեջ կրիաներ կային: Եվ նոր գրություն. տարածքում կա WiFi կապ: Պետք է նկատեմ, որ այն երիտասարդները, ովքեր երբևէ չեն բաժանվում համակարգչից կամ IPad-ից, նախընտրում են սրճարանները: Մասնավորապես` երեկ, Կենդանաբանական այգու հիմնական այցելուները գյուղից եկած սիրահար զույգերն էին: Նրանց ձեռքին համակարգիչ չկար. միայն ադի-բուդիի տոպրակն էր:
Ձեռք ձեռքի` պտտվում էին այգում և շուրջբոլորը նայում: Թվում էր` կենդանիներով են հետաքրքրված, սակայն որևէ ծառ էին փնտրում, որի ետևում կարելի է խուսափել հետաքրքրասեր երեխաների հայացքներից: Վերջիններիս համար, ինքներդ գիտեք, անհամեմատ հետաքրքիր է` տեսնել` ի՞նչ են անում բարալիկ ծառի ետևում միմյանց գրկած երիտասարդները, քան հետևել վանդակում անշարժ պառկած առյուծներին: Այդ մուլտֆիլմում է առյուծը մռնչում, ցատկում, վազում: Իրական կյանքում, երեխաները համոզվեցին, առյուծները լուռ են, ինչպես ձկները, և ապրում են վանդակում, ինչպես թութակները:
Մեր Կենդանաբանական այգու առանձնահատկություններից մեկն անսովոր եռուզեռն ու աղմուկն է կապիկների վանդակի մոտ: Երեկ ցուցադրվում էր միայն մեկ կապիկ, սակայն արժանին պետք է մատուցել նրան. ամեն անգամ, երբ մեջքով շրջվում էր դեպի այցելուները, հրճվալից ճիչեր էին լսվում և հռհռոց:
Երեխաներին հեքիաթներից ծանոթ «չար գայլը» խեղճացած կուչ էր եկել երկու-երեք քմ բետոնապատ տարածքում: Դա մի կեղտոտ ու տխուր տարածություն էր: Նույնատիպ վանդակում էր նաև «խորամանկ աղվեսը»: Գուրգեն Եղիազարյանն էր, կարծեմ, վերջերս պատմում, որ նույն ու անգամ` ավելի վատ վիճակում են մեր կալանավորները` քրեակատարողական հիմնարկներում:
Ուժեղ ու միալար հարվածի ձայներ էին լսվում. փիղն էր, որը` քաղցից կամ գուցե այլ պատճառով, կնճիթով հարվածում էր փակ դարպասին: Դարպասն, ի վերջո, բացվեց: Երեխաների ուրախ ճիչերը փղին խիստ անտարբեր թողեցին. նա նետվեց դեպի խոտի դեզը և սկսեց ուտել կիսաչոր խոտը:
Կենդանաբանական այգում մեր պտույտը տևեց 10-15 րոպե: 16-րդ րոպեին առաջանում է ցանկությունը` անվերադարձ լքել այդ տարածքը:
Առջևում երկուշաբթին է ու նույն հարցերը` «Ո՞վ է լինելու հաջորդ նախագահը»: «Ե՞րբ է խոսելու Լևոն Տեր-Պետրոսյանը»: «Ե՞րբ է կողմնորոշվելու Գագիկ Ծառուկյանը»: Ամեն ինչ հիշեցնում է մեր Կենդանաբանական այգին: Մի տարբերությամբ` կյանքում գիշատիչների պայմաններն անհամեմատ լավ են: