Կապիտալն արտահանում են՝ հանուն երեխաների ապագայի
Օրեր առաջ Միգրացիոն պետական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների միգրացիոն տվյալները։ Դրանց համաձայն, այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանից մեկնողների թիվը 88 241-ով գերազանցել է ժամանողների թիվը։
Ինչպես ցույց է տալիս նախորդ տարիների պրակտիկան, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սովորաբար նկատվում է հակառակը՝ ավելի շատ ժամանում են, քան մեկնում (ինչը պայմանավորված է հիմնականում ամանորյա տոներին հայրենիք վերադարձող միգրանտների հոսքով)։ Սակայն համեմատության մեջ արտագաղթի տեմպերն աճում են։ Օրինակ՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին անվերադարձ մեկնած հայերի թիվը 6.7 հազարով կամ 8.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր 2011թ. անցկացված մարդահամարի նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ ՀՀ-ում առկա բնակչության թվաքանակը 2011թ. եղել է 2 871 771, իսկ մշտական բնակչության թիվը՝ 3 018 854 մարդ: Ակնհայտ է, որ ընթացիկ տարվա արդյունքներով՝ բնակչությունն ավելի է նվազելու։ Այսինքն՝ արտագաղթի ահագնացող չափերի մասին մտահոգություններն ամենևին չափազանցված չեն։
Դեմոգրաֆիական տեսանկյունից սա, իհարկե, շատ վատ է։ Սակայն պակաս կարևոր չէ նաև հարցի տնտեսական կողմը։ Այն, որ Հայաստանն անվերադարձ լքում և օտար երկրներում հաստատվում են նաև մեր ապահովված հայրենակիցները, զուտ ենթադրություն չէ։ Այդ մասին կան կոնկրետ փաստեր։ Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե պարզապես ապահովված, այլ բավականին ունևոր մարդկանց մասին, որոնք իրենց հետ Հայաստանից դուրս են հանում նաև իրենց կապիտալը և պատրաստ են այնքան ներդրումներ կատարել օտարերկրյա տնտեսության մեջ, որ այդ պետությունները նրանց գրկաբաց ընդունում են։ Այդ թվում՝ այն երկրները, որոնք վարում են միգրացիոն խիստ քաղաքականություն և ոչ բոլորին են մուտքի արտոնագիր տրամադրում։ Օրինակ՝ Մեծ Բրիտանիան։
Այս տարվա կեսերին բրիտանական «The Business Courier» պարբերականը մի հոդված էր հրապարակել Բրիտանիայում հաստատված ունևոր միգրանտների մասին։ Հրապարակումը նվիրված էր հիմնականում Ռուս միգրանտներին, սակայն դրանում հիշատակվում էր նաև Հայաստանը։
«Անգլիական McGrigors իրավաբանական ընկերության տվյալներով՝ վերջին երեք տարիներին նկատվում է ունևոր օտարերկրյա ներդրողների զգալի աճ, որոնց մուտքի արտոնագիր է տրամադրվում՝ բրիտանական տնտեսության մեջ ներդրումներ անելու հիմքով։ 2011թ. այդ ծրագրով մուտքի արտոնագիր ստացել են 320 օտարերկրյա քաղաքացիներ, մինչդեռ 2008-ին նրանց թիվն ընդամենը 43 էր։ Նրանց 21%-ը ռուսներ են, 30%-ը՝ արևելյան բլոկի երկրների քաղաքացիներ (ինչպես, օրինակ, Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան)։ Ներդրողներն իրենց երեխաներին ուղարկում են բրիտանական դպրոցներ, և չափահաս դառնալուց նրանք ստանում են Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն»,- նշել էր է «The Business Courier»-ը։
Ավելացնենք նաև, ըստ պարբերականի, բրիտանացիները ռուսներին համակրանքով են վերաբերվում։ «Նրանք օրինապաշտ են, ագրեսիվ չեն, աշխատասեր են և արագ ադապտացվում են։ Էմիգրանտական մյուս էթնոսները բրիտանացիներին ավելի շատ են անհանգստացնում»,- գրել էր պարբերականը։