«Քաղաքում կարմիր լույսի տակ փողոց անցնելն ավելի վտանգավոր է, քան լեռներով 200 կմ գնալը». Գոռ Հովհաննիսյան (տեսանյութ, լուսանկարներ)
Եթե տարիներ առաջ Հայաստանի լեռները մագլցելու, տեսարժան վայրերը ճանաչելու, քարանձավներում հայտնվելու համար քիչ հնարավորություններ և ցանկություն կար, ապա այսօր վիճակը բավականին բարելավվել է: Այժմ ստեղծվում են բազմաթիվ ակումբներ, որոնք կազմակերպում և իրականացնում են ամենատարբեր բնույթի արշավներ: Այդ ակումբներից մեկն էլ «Հայաստանի էքստրեմալ տուրիզմի, ժամանցի և սպորտաձևի ակումբն» է:
Ակումբի գործունեության, էքստրեմալ սպորտաձևերի, Հայաստանում դրանց զարգացման մասին 168.am-ը զրուցեց ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանի հետ:
– Գոռ, ե՞րբ է ստեղծվել ակումբը, և ովքե՞ր են ակումբի անդամները:
– Ակումբը գոյություն ունի 2002 թվականից, բայց այն ավելի լայն գործողություններ սկսել է ծավալել 2007 թվականից սկսած: Տարեցտարի և՛ ակումբի հնարավորությունները, և՛ ընդգրկված էքստրեմալ սպորտաձևերի մասնագետները, անդամներն ու ուղղությունները երկրաչափական պրոգրեսիայով աճում են: Մեր ակումբը մի քիչ աննորմալ ապրել սիրողների հավաքների վայր է: Ակումբը ո՛չ հասարակական կազմակերպություն է, ո՛չ էլ իրավաբանական անձ, բայց շատ հ/կ-ներից ավելի հայտնի է և ավելի լավ է գործում:
– Ինչպիսի՞ն է արշավներին մասնակցողների պատրաստվածությունը:
– Պատրաստվածությունն այս դեպքում երկու տարբերակ ունի` գիտելիք և ֆիզիկական կարողություն: Գիտելիքի առումով՝ Հայաստանը զրոյի վրա է: Ամենակարևորը` ցանկությունը կա, գիտելիքը ժամանակի ընթացքում փորձով է ձեռք բերվում, չնայած էքստրեմալն այն ոլորտն է, որտեղ փորձը երբեմն դաժան է լինում: Պետք է փորձենք գիտելիքն ու փորձը համատեղել` մեկ քայլ գիտելիք, մեկ քայլ փորձ, ինչն իրականում շատ դժվար է:
– Շա՞տ են լինում դեպքեր, երբ վտանգավոր արշավներ եք կազմակերպում:
– Ամեն ինչ հարաբերական է, վտանգը գալիս է մարդու պատրաստվածության աստիճանից: Օրինակ` գնում ես Լաստիվեր, անցնում ես արահետով, մեկի համար դա ոչինչ է, մյուսի համար, երբ տեսնում է արահետի լայնությունը` մի կողմը ժայռ է, մյուս կողմը` ձոր, չոքերը դողում է: Շատ դեպքերում` չվախեցողը կարող է լինել աղջիկ, վախեցողը` տղա: Իսկ եթե շատ վտանգավոր տեղեր ենք գնում, ապա միմիայն պատրաստված խմբով ենք գնում: Պետք է հասկանալ, որ վտանգը, նույնիսկ շատ պատրաստված մարդու մոտ, գալիս է անսպասելի, և մարդ միշտ անպաշտպան է:
Լեռներում կամ նմանատիպ տարածքներում, որոնք համարվում են էքստրիմ տարածք, ավելի անվտանգ է, քան քաղաքում: Լեռներում ամեն ինչ կախված է քեզնից, եթե դու հոգեպես և ֆիզիկապես պատրաստ ես և գիտելիքներ ունես, անվտանգ է, իսկ քաղաքում կարմիր լույսի տակ փողոց անցնելն ավելի վտանգավոր է, քան լեռներով 200կմ գնալը: Ֆիլմերից տեսել ենք, թե լեռներում մարդկանց վրա գայլեր ու արջեր են հարձակվում, բայց այդպիսի բան չկա: Գայլն ամենազգույշ կենդանին է, արջը` ամենախելացին: Իրենք գիտեն, որ մարդկանցից պետք է խուսափել: Եթե արջին անակնկալի չբերես, չի հարձակվի: Իսկ քաղաքում կարող է հոգեկան հիվանդ վրադ հարձակվի, կամ էլ ոսկե համարներով ինչ-որ Նիվա: Վտանգն ավելի շատ քաղաքում է:
– Այս տարիների ընթացքում կազմակերպե՞լ եք այնպիսի արշավներ, որոնց ժամանակ բացահայտել եք մինչև այդ անհայտ վայրեր:
– Այս տարիների ընթացքում մեր ակումբը գտել է երեք նոր քարանձավ, որոնց մասին ոչ ոք տեղյակ չի եղել: Այս 3 քարանձավներից 2-ը բացառիկ են. մեկը սառցե քարանձավ է և նույնիսկ ամառվա ամենաշոգ օրերին՝ ներսում ձյուն ու սառույց է: Մյուս քարանձավը բավականին մեծ է, ունի մի քանի ելք ու մուտք, պատշգամբներ, այն հին բնակավայր է: Նրանց մասին ոչ մի տեղ տեղեկություն չկար:
– Ի՞նչ անհաղթահարելի բարձունքներ եք գրավել:
– Այս ընթացքում հասցրել եմ Հիմալայներում ռեկորդ սահմանել, որի մասին, երևի, չէի էլ երազում: 6970մ բարձրություն եմ բարձրացել, իսկ խմբով էլ 5416մ բարձրություն հաղթահարեցինք: Մեր բառերով ասած` աննկարագրելի կայֆ էր, անմոռանալի հիշողություններ, ավելի հաստատված ընկերություն և շատ-շատ ծանր ուսապարկեր (ժպտում է.- Գ.Ա.):
– Հայաստանում էքստրեմալ սպորտաձևերը զարգանո՞ւմ են:
– «Էքստրիմ» բառը շատ նորաձև բառ է դարձել: Այսօր ամեն մեկը մի փոքր բան է անում և ասում` «տեսա՞ք՝ ինչ էքստրիմ էր»: Եթե ինչ-որ բան քեզ ադրենալին է պարգևում՝ էքստրիմ է: Էքստրեմալ սպորտաձևն ամբողջությամբ ուրիշ հասկացություն է: Էքստրեմալ ոլորտը Հայաստանում ճաքեր է տվել, ստեղծվել են մի քանի ֆեդերացիաներ, ներքին լարվածություն կա, և այս ամենը խանգարում է էքստրեմալ սպորտաձևերի զարգացմանը: Բացի դրանից էլ, այն զարգացնելու համար շատ լուրջ գումարներ են պետք, էքստրիմը թանկ հաճույք է: Հայաստանում էքստրիմ ոլորտում ամեն ինչ տասնապատիկ թանկ է:
Իմ հանդերձանքն ավելի թանկ է, քան միջին որակի մեքենան: Այդ հանդերձանքը ես կարող է մեկ տարի հետո գցեմ այնկողմ, բայց առանց դրա ես ինձ թույլ չեմ տա լեռներ խումբ տանել: Եթե ցանկանում ենք այն զարգանա, և՛ լուրջ ֆինանսներ են անհրաժեշտ, և՛ դրսից էլ՝ լավ մասնագետներ:
– Ըստ քեզ` ի՞նչ է էքստրիմը:
– Ինձ համար այն կյանքը լիարժեք ապրելու տարբերակ է: Կյանքի ամեն օրը պետք է այնպես ապրես, որ հիշելու գոնե մի բան մնա, թեկուզ վատ հիշողություն: Այդ առումով` էքստրիմ ոլորտում ապրելն օգնում է: Ձեռք ես բերում քեզ նման գիժ, խելառ ընկերներ, օրիգինալ շրջապատ, շատ հիշողություններ: Էքստրիմը ցրտի միջով անցնելն է, քրտնելն է, շոգելը, ուժեղ ցավերն են, պարտություններն են, ոտքերը ցրտահարելն է: Էքստրիմն ուրիշ աշխարհ է: Պետք է այս ամենի միջով անցնեք, որ կարողանաք հասկանալ:
– Իսկ ինչ-որ կառույցների հետ փորձո՞ւմ եք համագործակցել:
– Փորձել ենք պետական կառույցների հետ համագործակցել, բայց ոչ մի արձագանք նրանց կողմից չի եղել: Երևի նրանք շատ խնդիրներ ունեն լուծելու, և մենք նրանց գլխին լրացուցիչ գլխացավանք ենք: Իսկ եթե փորձում ես համագործակցել ինչ-որ ընկերության հետ, դառնում ես նրա ստրուկը: Էքստրիմով զբաղվող մարդիկ հպարտ են, նրանք կյանքում գումարի համար իրենց չեն վաճառի, չնայած կան կազմակերպություններ, որոնք իրենց վաճառել են: Մեր ակումբը ոչ մի դեպքում չի վաճառվի: