Ոչ սիրային եռանկյունի

Որպես ընթերցող` կարող եմ վկայել` ժամանակակից գրաքննադատությունը կաղում է. գրողները, գրաքննադատները նույն շրջանակի մարդիկ են, և, որպես կանոն, միմյանց գործերը մասնագիտական քննության անցկացնելու փոխարեն` գովերգում են իրար:

Չհաջողված գործի դեպքում` լռում: Առողջ, հիմնավորված գրաքննադատությունը, որը կարող էր օգնել ընթերցողին` ճիշտ ընկալել ժամանակակից գրականությունը, եթե կա էլ, տեսանելի չէ: Հետևաբար, ընթերցողն ունի բոլոր հիմքերը` կարծելու, որ ժամանակակից գրողին ընթերցելու համար գրաքննադատի կարծիքը (գովքը) կարող է միայն խանգարել: Գրականագետ, գրաքննադատ, բ.գ.թ. Անի Փաշայանը և գրականագետ, գրաքննադատ, բ.գ.թ. Արքմենիկ Նիկողոսյանն այս կարծիքը մասամբ չեն կիսում: Արձակագիր, բ.գ.թ. Հրաչյա Սարիբեկյանն ինքն էլ, կարծես, խանդավառված չէ գրաքննադատների աշխատանքով: Ակնհայտ է` գրող-գրաքննադատ-ընթերցող եռանկյունին դժվար է սիրային համարել:

– Հրաչյա՛, Ձեզ` որպես գրողի, հետաքրքի՞ր է` ի՞նչ վերաբերմունքի կարժանացնեն Ձեր գործերը գրաքննադատները:

Հրաչյա Սարիբեկյան Իմ առաջին գրքից հետո 8 գրախոսություն լույս տեսավ: Դրանցում եղած նկատումները գրողին օգնում են կողմնորոշվել, գտնել այն լավագույնը, որ կա իր մեջ: Բայց, մյուս կողմից, այդ կարծիքները մի տեսակ կաղապարում են: Իմ կարծիքով, յուրաքանչյուր գրող պետք է ունենա իր պատրաստվածության ընթերցող-գրաքննադատ, որովհետև գրողի համար իր գրքի մասին եղած կարծիքը դառնում է ներքին ցենզ և, ինչ-որ տեղ, խոչընդոտում ստեղծագործելիս: Իսկ դա ճնշող, խանգարող զգացողություն է:

– Անի՛, արդարացե՛ք:

Անի Փաշայան Գրողն ու գրաքննադատը, իմ կարծիքով, տարբեր բևեռներ են: Գրողն իր համար գրում է, իսկ գրաքննադատն ընթերցում է, ամբողջությամբ ընկալում գործը` իր ողջ գիտակցական, մտածական դաշտի միջով: Եվ ամենևին պետք չէ, որ նրանց բևեռները հատվեն: Գրողի գործը գրելն է, նրան չպետք է կաշկանդի միտքը` գրաքննադատն ի՞նչ պիտի գրի իր մասին: Երկուսն էլ պիտի նպաստեն նույն նպատակին` գրականության շուրջ ընթերցողի համար հետաքրքրություն ստեղծելուն:

Գրողի ստեղծագործության մեկնությունը գրաքննադատի աշխատանքն է: Բայց ինքս հաստատ գիտեմ` ամեն գրողի կհետաքրքրի` ի՞նչ է մտածում իր գործի մասին գրաքննադատը: Աղասի Այվազյանն, օրինակ, կարծում էր, որ իրեն գրաքննադատել պետք չէ, բայց իր գրքերին վերաբերող հոդվածներին անմիջապես էր ծանոթանում: Գրողի և գրաքննադատի տառապանքի արդյունքում ծնվում է ընթերցողի սերը գրականության հանդեպ:

Արքմենիկ Նիկողոսյան Գրող-քննադատ հարաբերություններում ընթերցողի դերը չէի բացարձակացնի: Կա թյուրընկալում. նախ` գրողը քննադատին ընկալում է իր մասին գրածի պրիզմայով: Քննադատը երբեք չի գրում գրողի համար: Չի ձգտում դուր գալ այդ գրողին կամ այնպես բացատրել այդ գրվածքը, որ գրողին հարազատ դառնա: Գրաքննադատությունն այն լավագույն հիշողությունն է, որի շնորհիվ գրողը պետք է փոխանցվի սերունդներին: Քննադատողը, ըստ տարածված կարծիքի, պետք է բարձր լինի քննադատվողից:

Մեր այսօրվա գրաքննության վիճակը ստիպում է արձանագրել` քննադատությունն իր ճիգերի մեջ դեռևս չի հասել այդ բարձր մակարդակին, որովհետև, բարեբախտաբար, մեր լավագույն գրողները շատ պատրաստված են: Եվ խզումը գուցե այդտեղից է գալիս: Մյուս կողմից` գրաքննադատը պարզապես պարտավոր է ստեղծել գրական ընթացքի ամբողջական պատկեր: Եվ արդեն ընթերցողի գործն է` միանգամից հարաբերվե՞լ գրականությանը, թե՞ ոչ: Այսօր գրող-քննադատ խնդրում շատ է շահարկվում անձնական համակրանքների գործոնը: Բայց գրողները թող հիշեն` եթե կյանքն իրենց տարածությունն է, և կյանքին ինչպես ուզում` նայում են, գրականությունն էլ գրաքննադատների տարածքն է, և մենք էլ գրականության մասին գրում ենք այն, ինչ ուզում ենք:

– Գրել այն, ինչ ուզում եք, նշանակում է` լինել սուբյեկտիվ. գրողի գործին անդրադառնում եք գիտելիքների, պատրաստվածության և ազնվության չափով: Ի վերջո, գրաքննադատությունը վեր է ածվում գործը մատչելի ներկայացնելու փորձի:

Հրաչյա Սարիբեկյան Կարծում եմ` երբեմն ընթերցողն ունի գրաքննադատությանը ծանոթանալու կարիք: Մարդ կա` գիրքը նրան հետաքրքիր է` զուտ սյուժեի մակարդակով, մյուսին հետաքրքիր են խորքային շերտերը: Եվ պրոֆեսիոնալ քննադատի կարողությունը հենց այն է, որ բոլոր շերտերը կարողանա ներկայացնել ընթերցողին: Այսինքն` քննադատն ընթերցող է, սակայն պրոֆեսիոնալ ընթերցող: Եվ նա պետք է թե՛ տվյալ գրողից, թե՛ ընթերցողներից բարձր լինի: Ի վերջո, գրողը գրում է ենթագիտակցական մակարդակում, իսկ քննադատն այդ ամենը վերլուծում է գիտակցական մակարդակում:

Արքմենիկ Նիկողոսյան – Ուզում եմ «մատչելի» ձևակերպման հետ չհամաձայնել: Պրոֆեսիոնալ քննադատը նպատակ ունի ոչ թե մատչելի բացատրել ընթերցողին` ինչ է խորհրդանշում գրողի գործում, դիցուք, թիթեռը, այլ օգնում է ավելի խորը տեսնել տվյալ գործի ներքին շերտերը, որը գրողը, բնականաբար, չէր կարող բացատրել: Այստեղ ստեղծագործական խանդ կա, և նրանք, ովքեր կասկածանքով են վերաբերվում քննադատի աշխատանքին, թող իմանան` գրաքննադատությամբ զբաղվելը նույնպես ստեղծագործական աշխատանք է` նույն էնտուզիազմով, նույն դեպրեսիաներով, մուսաների սպասումով` ինչ գրողի աշխատանքը: Բացարձակ տարբերություն չկա: Ինչքան գրողն է ձգտում խորը երևալ, խոսել պատկերների լեզվով, նույն ձգտումն ունի նաև քննադատը:

– Պրոֆեսիոնալ ընթերցող լինելու համար պետք է ունենալ կրթական մեծ բազա: Մեր ուսումնական հաստատությունները պատրաստո՞ւմ են որակյալ գրաքննադատներ: Թե՞, ինչպես գրողների դեպքում է, կարևոր է տաղանդի գործոնը:

Անի Փաշայան Լավ գրաքննադատ լինելու համար պետք է տաղանդի նշան ունենալ: Գրաքննադատը միայն մեկ հեղինակով չի կարող վերլուծել ողջ շրջանի գրականությունը: Դա մեծ, ծանր աշխատանք է: Մեզ մոտ գրաքննադատները քիչ են: Դա քաղցր աշխատանք չէ, և շատերը հեռանում են ասպարեզից: Ի՞նչ է ակնկալում ընթերցողը մեզնից` տվեք մի լավ գիրք, կարդամ:

Նրա համար գրողն էական չէ: Բայց գրաքննադատը, ժամանակին ճիշտ կատարած աշխատանքի շնորհիվ, կարողանում է առանձնացնել լավագույններին: Գրաքննադատը տեսնում է նախ գրողին: Լավ հասարակություն ունենալու համար առաջին դասարանից է պետք պրոֆեսիոնալ ընթերցող պատրաստել:

Արքմենիկ Նիկողոսյան Ուզում եմ շարունակել Անիի միտքը` տաղանդի մասին: Գրաքննադատությունը նույնքան տաղանդ է պահանջում, որքան լավ գործ գրելը: 20 բուհ ավարտելով` մարդը չի կարող դառնալ քննադատ, 100.000 գիրք կարդալով` չի կարող դառնալ լավ գրող: Գրաքննադատի գործը գրականության հետ կռիվ է: Կռիվ, երբ ինքը հրճվում է` տեսնելով այն, ինչ ինքը, գրող լինելու դեպքում, կգրեր: Հրճվում է դրանով և քննադատում այն, ինչ, ըստ իր պատկերացումների, չէր ցանկանա տեսնել:

Հրաչյա Սարիբեկյան Արքմենիկը նշեց, որ քննադատը հրճվում է նրանից, ինչ կուզենար ինքն էլ գրել և` հակառակը: Դա, իմ կարծիքով, սիրողական մոտեցում է: Քննադատն իր տեսանկյունից չպետք է նայի` ես ինչ կգրեի: Նա չպետք է գրողի միջով իրեն իրացնի: Քննադատը պետք է ավելի լայնահայաց լինի:

Անի Փաշայան Լուրջ քննադատությունը, համոզված եմ, օգնում է, որ գրողի հաջորդ գործն ավելի լավը լինի: Գրաքննադատի և գրողի փոխհարաբերությունը, այո, կռիվ է, և այդ պայքարում էլ ծնվում է գրականությունը:

Արքմենիկ Նիկողոսյան – Ես չեմ ընդունում գրողների արհամարհանքը գրաքննադատների հանդեպ, իբր` ձեր կարծիքը մեզ համար կարևոր չէ: Անկախ նրանից` ուզո՞ւմ ես, թե՞ չէ, գրողի և գրաքննադատի հարաբերությունը` դիալոգը, գրողի օգտին է: Մեր երկուսի թիրախն էլ ընթերցողն է: Երբ քննադատը մոտենում է այս կամ այն գրողի գրականությանը, դա անում է ոչ թե նրա համար, որ այդ գրողը նրա ճաշակով է, այլ, որ ինքը կարդացել է մնացածին, սակայն ընտրել է հենց այդ գրողին:

Հրաչյա Սարիբեկյան – Ես դասավանդում եմ մագիստրատուրայում և ստիպված եմ կարդալ արտասահմանյան գրականությունից որոշ տեքստեր, որոնք ինձ դուր չեն գալիս: Բայց ես գնահատում եմ գրվածքի վարպետությունը: Այն, որ այդ գիրքն իմ ճաշակով չէ, սուբյեկտիվ մոտեցում չպետք է դրսևորեմ: Ի վերջո, պետք է ամեն ինչ կարդալ:

– Սակայն մի կյանքը բավարար չէ` կարդալու այն, ինչ գրված է կամ գրվում է:

Հրաչյա Սարիբեկյան – Բայց կան արժեքներ, որոնք հաստատված են:

– Իսկ ո՞վ է որոշում` դրանք արժե՞ք են ներկայացնում, թե՞ ոչ:

Անի Փաշայան Որպես գրաքննադատ` պարտավոր եմ գրականության ողջ ընթացքին հետևել` անկախ գրողի ուժեղ կամ թույլ լինելուց: Առաջին մի քանի նախադասությունից, անկեղծ լինենք, երևում է` ում հետ գործ ունենք: Կարդալ ամեն ինչ` իմ մասնագիտությունն է, սակայն ես ունեմ իմ ընտրությունը: Այսօր դանդաղ գրականության ժամանակ չէ (խոսքը արագահոս գրականության մասին չէ): Պարզապես ընթերցողը պետք է բերկրանք զգա ընթերցանությունից: Եթե գրքերը լավն են, դրանք լավ էլ մատուցվեն, գրախանութներում հերթեր կգոյանան:

Արքմենիկ Նիկողոսյան Չմոռանանք, որ գործ ունենք գրական կենդանի ընթացքի հետ, ուր ամեն չնչին նյուանսը կարող է որոշիչ գործոն դառնալ: Սուբյեկտիվիզմը Հրաչը մերժում է, բայց ես կարևորում եմ. սուբյեկտիվիզմի բացակայությունը բերում է համահարթեցման: Եթե Հրաչը պահանջում է, որ չդրսևորեմ իմ սուբյեկտիվ ճաշակը, որին գնում եմ իմ գիտելիքների, լայնահայացության բերումով, կնշանակի` նույն հաճույքով գրել Հրաչի, Պաչյանի, Խանջյանի, Խեչոյանի մասին, հետո` ինչ-որ գորշ մեկի:

– Գերագնահատելով քննադատի աշխատանքը` կարծեմ նսեմացնում եք ժամանակի գործոնը: Ի վերջո, եթե Դուք այսօր չնկատեք, դիցուք, Հրաչյա Սարիբեկյանին, չի բացառվում, որ 10, 20 կամ 100 տարի հետո նրան, այդուհանդերձ, կբացահայտեն, ինչպես եղավ Բիզեի «Կարմենի» դեպքում:

– Երբեք մարդը 100 տարի հետո չի հայտնաբերի այդ երևույթը, եթե բուն ժամանակի մեջ դրա նշմարները չլինեն: Նույն Մեծարենցի օրինակը, ով ժամանակին այդքան քննադատվեց, արհամարհվեց ենոքարմենների կողմից: Անգամ նրանց քննադատության մեջ կա այն ռացիոնալ հատիկը, որը հաջորդ սերունդներին օգնեց բացահայտել հանճարեղ այդ պոետին: Կարող է 1000 քննադատ ցեխ շպրտի Հրաչի նոր վեպի վրա, բայց կարող է լինել մեկ տող, և ժամանակի ընթացքում հենվեն հենց այդ տողի վրա: Եվ հակառակը: Այսօր գրողները քննադատին գնահատում են այսպես` որքան է իմ մասին գրել, ում կողքին է դրել:

Հրաչյա Սարիբեկյան – Մի չափանիշ ունեմ քննադատին գնահատելու` որքանով ինձ հարազատ կմեկնաբանի ինձ: Իմ առաջին գրքից հետո շատերը սկսեցին գրել, թե ես էքզիստենցիալիստ եմ: Ծիծաղելի է: Հիմա ես այդ քննադատին ինչպե՞ս գնահատեմ, եթե նա ինձ էքզիստենցիալիստ է համարում:

Անի Փաշայան – Կան գրողներ, ում գործերում կան և էքզիստենցիալիզմի, և՛ նատուրալիզմի տարրեր: Կա նաև սյուրռեալիզմ:

Արքմենիկ Նիկողոսյան Այսօրվա գրականության հիմնական մեթոդն այն է, որ ինքն անմեթոդ է:

– Հնչեցնեմ ընթերցողի թույլ ձայնը` ընթերցողները ևս գրողին դժվարությամբ են ընկալում, երբ կա երրորդի միջամտությունը: Հիշենք` ինչպես էին դպրոցում մեզ սովորեցնում արտասանել, օրինակ, Շիրազ: Երբ լսեցի ձայնագրությունը, թե ինչպես էր Շիրազն արտասանում իր իսկ գործերը, ուղղակի շոկ էր` ցածր, միատոն, առանց պաթոսի: Այնպես, ինչպես պետք էր: Չե՞ք կարծում, որ ամենից արդարն, այդուհանդերձ, գրողի և ընթերցողի ուղիղ կապն է:

Արքմենիկ Նիկողոսյան Մարդկանց թվում է` գրականություն կարդալու համար իրենք այնքան խելք ունեն` իբր: Գրականություն կարդալու համար նույնքան խելք է պետք, որքան քննադատություն կարդալու:

Հրաչյա Սարիբեկյան Վերջին մի քանի տարում հետաքրքրվում եմ մի գրականությամբ, որից շատ չեմ հասկանում. գաղտնագիտության (օկուլտիզմ) գեղարվեստական գրականությունն է: Ինձ պետք են գրականագետներ, ովքեր մեկնաբանել են այդ գրականությունը:

Արքմենիկ Նիկողոսյան Չմոռանանք, որ աշխարհի ամենապարզ գիրքը` Աստվածաշունչը, որի ասելիքը պետք է հասանելի լիներ յուրաքանչյուրին, այնքան մեկնություններ ունի:

Անի Փաշայան Երբ խորհրդային տարիներին լույս տեսավ Մարկեսի գիրքը, հաջողություններից մեկը, որ հայ ընթերցողն այդպես կապվեց նրա գրականության հետ, Ռուբեն Հովսեփյանի վերջաբանն էր: Որպիսի՜ խելացի մեկնաբանությունգ Ռուբեն Հովսեփյանն առաջին հերթին արձակագիր է, սակայն, խնդրեմ, գրողի գրականագիտական աշխատանքը մոտեցրեց և օգնեց հասկանալու Մարկեսին: Մեր գրականությունը վերջին շրջանում մեծ տարածք վերցրեց: Եվ գրաքննադատները հևում են, չեն հասցնում ամբողջությամբ վերլուծել ժամանակը:

Արքմենիկ Նիկողոսյան Լավ գրաքննություն ունենալու համար պետական հոգատարություն և, ամենակարևորը, ֆինանսավորում է պետք: Գրականագիտությանն ու քննադատությանը շատ ավելի մեծ տեղ պիտի տրվի, քան գրողներին: Պետպատվերով տպագրվող գրքերի ցուցակներից գրականագիտական գրքերը դուրս են մղվում: Հիմնավորումը սա է` առաջնությունը տրվում է գրականությանը: Կարևորը քո երկրի լավագույն գրականագետի լավագույն գրականագիտական աշխատությունն է քո գրականության լավագույն շրջանի վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս