Բաժիններ՝

Ստեղծվել է ժեստերի լեզվի հայ-անգլերեն համակարգչային բառարան

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի(ԳՏՏԿ) սաները իրենց դասախոս Սուրեն Ղարագյոզյանի ղեկավարությամբ ստեղծել են ժեստերի լեզվի համակարգչային բառարան: Ժեստերի լեզվի հայ-անգլերեն բառարանը նախատեսված է լսողության հետ խնդիրներ ունեցող անձանց համար:

Այն հնարավորություն է տալիս օգտագործողին անգլերեն կամ հայերեն լեզվով ստանալ ընտրված բառի թարգմանությունը, ինչպես նաև՝ տեսնել տվյալ բառի և նրա թարգմանությանը համապատասխան ժեստերի պատկերները: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը:

Նրա խոսքով՝ բառարանում ընդգրկված են ավելի քան 300 առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստերով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և պատկերներով:

«Ծրագիրն ունի պարզ ինտերֆեյս և հեշտ կիրառելի է: Հիմնական էջն իրենից ներկայացնում է բուն բառարանը: Էջի ձախ հատվածում տրված են բառերը՝ նախօրոք ընտրված լեզվով: Այստեղից օգտագործողը կարող է ընտրել բառը, ապա սեղմել ENTER  կոճակը և էջի աջ հատվածում տեսնել տվյալ բառի թարգմանությունը և նրան համարժեք ժեստի պատկերը»,- ասաց Ա. Եղոյանը:

Բառարանային լեզուն ընթացքում փոխելու համար նախատեսված են երկու կոճակներ` Հայ-Անգլ (Arm-Eng),   Անգլ-Հայ (Eng-Arm):  Բառը չփնտրելու համար օգտագործողը կարող է մուտքագրել տվյալ բառը, և եթե այն լինի բառարանում՝ ստանալ այն:

Ծրագիրը նապատեսված է ինչպես համահարգիչների, այնպես էլ մոբայլ սարքավորումների համար: Առաջիկայում ուսանողները ծրագիրը վերջնական կամբողջացնեն և կոմերցիոն առաջարկ կներկայացնեն: Այն հնարավոր է տեղադրվի նաև Apple ընկերության ինտերնետ խանութում՝ App Store-ում:

Նշենք, որ ծրագիրն իրագործվել է ԳՏՏԿ-ի առաջին կուրսի ուսանողներ` Անահիտ Մանուկյանի, Հռիփսիմե Մարտիրոսյանի, Գևորգ Կոստանյանի, Նարեկ Փահլևանյանի և Լուսինե Խաչատրյանի կողմից` Սուրեն Ղարագյոզյանի ղեկավարությամբ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս