Ցնցուղատապ՝ բրոնխիտ
Մարդու բնականոն կենսագործունեության գլխավոր չափորոշիչը շնչառության հստակությունն է։ Եթե ըստ բազմաթիվ փաստերի` մարդը կարող է բավականին ժամանակ գոյատևել առանց սնունդի և նույնիսկ ջրի, ապա կյանքն առանց օդի` անհնարին է։ Շնչառությունն այն օղակն է, որ ապահովում է կապը մարդու և արտաքին միջավայրի միջև։
Հանգստի վիճակում մենք կատարում ենք մոտ 16 շնչառական գործողություն` մեկ րոպեի ընթացքում շնչելով և արտաշնչելով 60-90 լիտր օդ։ Այդ քանակությունը փոփոխական է և մարզիկների մոտ հասնում է մինչև 160 լիտրի։
Օրվա ընթացքում մարդը շնչում և արտաշնչում է մոտ 23.000 անգամ։ Շնչառության ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, իսկ ածխաթթու գազը` հեռացվում. գազերի նման փոխանակությունը տեղի է ունենում թոքերում։ Մինչև թոքերը հասնելը օդը խոնավանում և ջերմանում է վերին շնչառական ուղիներում, շնչափողում և բրոնխներում, իսկ փոշու միկրոմասնիկները նստում են այդ օրգանների լորձաթաղանթի վրա և հեռացվում թքի և խորխի հետ։
Շնչառական օրգանները և համակարգն ունեն շրջակա պայմաններին հարմարվելու հատկություն։
Ինչպես ապացուցել են գիտնականները` աջ և ձախ քթանցքներով անցնող օդի հոսքերը ներթափանցում են համապատասխանաբար` աջ և ձախ թոքի մեջ։ Կա կարծիք, որ աջ թոքի մեջ ավելի շատ օդ է «տեղավորվում», քան ձախում։
Շնչառական գործողությունների գերակշռող մասը կատարվում է մեխանիկորեն։ Շնչառական համակարգն ընդգրկում է նաև ավշատար և անոթային համակարգերը։ Ուղեղը սնող անոթներում օդը նույնպես բաժանվում է երկու հոսքերի։
Թոքերը գլխավոր շնչառական օրգաններն են. դրանց միջև է գտնվում սիրտը։ Թոքերի ծավալի մասը զբաղեցնում են ալվեոլները` թոքաբշտիկները, որոնց թիվը հասնում է կես միլիարդի։
Ալվեոլի տրամագիծը 0,025 սմ է, այն նման է օդով լցված փուչիկի։ Բնությունը տվել է ալվեոլին այս ձևը, քանի որ գնդի մակերեսը նույն ծավալի դեպքում առավել մեծ մակերես ունի այլ երկրաչափական ձևերի նկատմամբ։ Ալվեոլների հսկայական գումարային մակերեսը` մոտ 100 քառակուսի մետր, և արյան ու օդի մեջ առկա չնչին տարածություններն ապահովում են անխափան գազափոխանակումը։ Ալվեոլներում արտադրվում է հատուկ նյութ` սուրֆակտանտ, որն իջեցնում է մակերեսային ձգվածությունը (լարվածությունը), ինչի շնորհիվ պահպանվում է ալվեոլի ձևը։
Ալվեոլներն ունեն ևս մեկ պաշտպանիչ հատկություն, որը պահպանվում է սպիտակ արյան բջիջների` մակրոֆագոցիտների միջոցով։
Բջիջներն ունեն տափակ ձև, ինչի շնորհիվ շատ արագաշարժ են։
Մակրոֆագոցիտները թոքերի սանիտարներն են, որոնք սնվում են այն վնասակար աղտոտող նյութերով, որոնք շրջանցել են շնչառական ուղիների այլ պաշտպանական պատնեշները։
Թոքերի ներքին ճյուղավորումները շատ գեղեցիկ և արդյունավետ են. բրոնխներից առանձնացող բազմաթիվ խողովակաձև շնչառական անցուղիների վերջույթների վրա կան օդով լցված պարկիկներ` իրար միացրած բազմաթիվ ալվեոլներ։ Թոքերը ծածկված են լանջաթաղանթով, որը բաղկացած է երկու մասից։ Բրոնխների պաշտպանիչ թաղանթը` էպիթելիումը, ունի թարթիչավոր ծածկույթ, որի միջոցով կուտակված լորձը դուրս է բերվում, այդ դեպքում հաճախ հազ է առաջանում։ Բրոնխներն ունեն նաև լորձաթաղանթ։
Բրոնխները թոքերի մասն են, դրանք սկսվում են շնչափողից, որը մինչև բրոնխների հետ միանալը բաժանվում է երկու ճյուղերի։
Բրոնխիտը վերին շնչուղիների հիվանդություն է, որի ժամանակ բրոնխների վերին մասի լորձաթաղանթը բորբոքվում է և կոշտանում` հաստանում։ Այդ պատճառով նեղանում կամ նույնիսկ շրջափակվում են մանր օդատար անցուղիները։ Առաջանում է հազ, խորխ, շնչարգելություն։
Հիվանդությունը կարող է ունենալ սուր կամ քրոնիկ ընթացք։
Սուր բրոնխիտի հարուցիչները հիմնականում վիրուսները և բակտերիաներն են, սակայն նաև չոր, սառը կամ տաք օդը, ազոտի օքսիդը, ծխախոտի մեջ պարունակվող տասնյակ վնասակար նյութերը, ալկոհոլը, քթով շնչառության խանգարումը, կրծքավանդակի մեխանիկական վնասվածքըգ
Վնասող` վարակ, ջերմային կամ քիմիական հանգամանքները հասնում են շնչափողին և բրոնխներին (բրոնխների ծառին) մթնոլորտից ներշնչած օդի հետ։
Սուր բրոնխիտի ընթացքը կարող է լինել թեթև, միջին ծանր կամ ծանր։ Թեթև ընթացքի դեպքում նկատվում է չոր, երբեմն` նաև խոնավ հազ, ընդհանուր թուլություն, նորմալ կամ մի փոքր բարձր մարմնի ջերմություն, թոքերով շնչառության դժվարություն, խզոց։
Միջին ծանրության բրոնխիտի դեպքում նկատվում է հևոց, ցավեր կրծքավանդակի ցածր հատվածում և որովայնում։ Ժամանակի ընթացքում թոքերից սկսում է արտադրվել լորձաթարախային զանգված, ջերմությունը տատանվում է 37-38C սահմաններում։
Սուր բրոնխիտի թեթև և միջին ընթացքի դեպքում ծայրանդամներում շրջանառվող արյան բաղադրության փոփոխություն չի նկատվում։
Սուր բրոնխիտի ծանր ընթացքը ախտորոշվում է բրոնխիտի ինչ-որ հատվածի վնասման դեպքում։
Բրոնխիտի սուր ընթացքը, որպես օրենք, տևում է 4 օր և ճիշտ բուժման դեպքում դադարում է 7 օրից, սակայն, եթե բրոնխների անցանելիությունը չի հաջողվում ամբողջությամբ վերականգնել, ապա հիվանդությունը ստանում է քրոնիկ ընթացք։
Եթե բրոնխիտը արտահայտվում է պարբերաբար կամ հաճախ կրկնվող հազով. արտադրանքը խոնավ է, և նման վիճակը շարունակվում է 3 ամիս, և նաև` դա տեղի է ունենում երկու տարի անընդմեջ, ապա հիվանդությունը ախտորոշվում է` որպես քրոնիկ։
Հիվանդությունն առաջանում է այն դեպքում, երբ բրոնխները երկար ժամանակ վնասակար ազդեցությունների են ենթարկվում։
Հիվանդության քրոնիկ ընթացքը կարող է նաև ժառանգական բնույթ ունենալ։
Նախնական փուլում քրոնիկ բրոնխիտը արտահայտվում է վաղ առավոտյան` խոնավություն պարունակող հազի ձևով, հազն ավելի ուժեղ է տարվա ցուրտ և խոնավ եղանակներին և որպես օրենք` դադարում է տարվա չոր, տաք եղանակներին։
Մարմնի ջերմաստիճանը մոտ է նորմային։ Եթե քրոնիկ բրոնխիտով հիվանդը չի ստանում ճիշտ բուժում, ապա առաջանում են հազի նոպաներ, հևոց, շնչառության անբավարարություն, սրտխփոց, այտուցներ, մեծանում է լյարդը, խախտվում է երիկամների աշխատանքը և նվազում միզարտադրությունը։ Քրոնիկ բրոնխիտով հիվանդները, որպես օրենք, հակված են գիրության, քանի որ այդ հիվանդության դեպքում խախտվում է օրգանիզմի նյութափոխանակությունը և աղաջրային հավասարակշռությունը։ Հիվանդության զարգացման հիմնական հարուցիչը ծխախոտի ծխի մեջ պարունակվող վնասակար նյութերն են և աշխատանքի նստակյաց բնույթը։
Ծխողների շրջանում քրոնիկ բրոնխիտն ախտորոշվում է 5-7 անգամ ավելի հաճախ, քան չծխողների մոտ։ Ծխող մարդկանց մոտ տասից ավելին է թոքերի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Ըստ վիճակագրական տվյալների` թոքերի քաղցկեղից մահացողների 90 տոկոսը մոլի ծխողներն են` 20-40 գլանակ մեկ օրում։
Ալկոհոլի չարաշահումը քայքայում է թոքերը պաշտպանող հյուսվածքների սպիտակուցային նյութերը. նման վիճակում հայտնված թոքն անվանվում է «ալկոհոլային»։
Բրոնխիտի բուժումը կախված է հիվանդի վիճակից։ Նախ և առաջ պետք է հրաժարվել ծխախոտից, խոնավացնել սենյակի օդը։ Խորհուրդ է տրվում խմել խոտաբույսերի տաք թուրմեր։
Հիվանդությունն ունի արտահայտված կլինիկական փուլեր, որոնցից յուրաքանչյուրի դեպքում խորհուրդ են տրվում տարբեր դեղաբույսերից ստացված պատրաստուկներ։
Բրոնխիտի նախնական փուլում նպատակահարմար է օգտագործել հակամանրէ, հակաբորբոքային, պարուրող հատկություններ ունեցող դեղաբույսեր, օրինակ` տուղտ, տատրակ, ջղախոտ (եզան լեզու)։ Այս բույսերի պատրաստուկները կանխարգելում են հազի հաճախակի առաջացումը։
Տատրակն առավել հաճախ օգտագործվող դեղաբույսն է.
- 3 ճ/գ մանրացրած տերևին ավելացրեք 500 մլ եռջուր, 30 րոպե թրմեք ջերմապահում։ Խմեք 70-ական մլ` օրը 3 անգամ։ Քամեք նախքան խմելը։
Հիվանդության ընթացքը կթեթևացնեն մատուտակի արմատը, երիցուկի ծաղիկը, նիվենու տերևը, ուրցը և այլն։
- Խառնեք 3 մաս տատրակի տերև, 2 մաս սրոհունդի խոտ, 1-ական մաս մատուտակի արմատ, խնկածաղկի և կատվալեզվի խոտեր։ 2 ճ/գ հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 1 ժամ թրմեք ջերմապահում։ Խմեք 70-ական մլ, օրը 3 անգամ` տաք վիճակում։ Կատվալեզուն օգտակար է բրոնխների ասթմայի դեպքում։
Երբ բրոնխիտը տարածված է նաև շնչափողի ճյուղավորվող հատվածում, այսինքն` կոշտացած և բորբոքված է նաև շնչափողը, ապա շատ օգտակար է եղեսպակի կաթնային եփուկը.
- Եփեք 200 մլ կաթ, երբ եռա` ավելացրեք 1 ճ/գ մանրացրած եղեսպակի խոտ, թրմեք 30 րոպե։ Քամեք և խմեք քնելուց առաջ, տաք վիճակում։
Ծանր, ճնշող հազի դեպքում օգտակար է տաք կաթնաշիճուկը, կարտոֆիլի թուրմով ինհալացիաները, որի մեջ պետք է ավելացնել 2 կաթիլ եղևինի յուղ, մանանեխի սպեղանի դնել։
Սուր բրոնխիտ. Աղացեք 2 կիտրոն` կեղևով և առանց սերմերի, խառնեք 1 ճզմած սխտոր, 300 գ շաքարավազ, 500 մլ բաց գույնի գարեջուր։ Խառնուրդը 30 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա` փակ տարայի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
- Հալվեի թարմ տերևը լվացեք եռջրով, 10 օր պահեք սառնարանում, մանր կտրատեք. այնքան, որ լցվի 200 մլ ծավալի բաժակի մեջ։ Հալեցրեք 1 լ լորենու մեղր, ավելացրեք հալվեի կտրատած տերևը, կես ժամ պահեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Առանձին տարաների մեջ պատրաստեք կեչու բողբոջի և լորենու ծաղիկի թուրմեր.
- 150 գ կեչու բողբոջը կես ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ։
- 50 գ լորենու ծաղիկը կես ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ։
Միացրեք թուրմերը, հասցրեք եռման ջերմաստիճանի և 1-3 րոպեից անջատեք կրակը։ 15 րոպեից քամեք թուրմը և մզեք հումքը։
Լուծեք մեղրի և հալվեի խառնուրդը դեղաբույսերի թուրմի մեջ։ Ստացված դեղամիջոցը լցրեք 500 մլ տարողությամբ շշերի մեջ և յուրաքանչյուր շշին ավելացրեք 50-ական մլ ձիթապտղի յուղ։
Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ։
Դեղամիջոցը գերազանց բալասան է քրոնիկ բրոնխիտով հիվանդների համար, հատկապես տարվա ցուրտ և խոնավ եղանակներին։
Խորխաբեր. Խառնեք հավասար մասնաբաժիններով տուղտի արմատ, ջղախոտի և հազրեվարդի տերևներ, սև թանթրվենու ծաղիկներ, մանուշակ եռագույնի խոտը։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 300 մլ սառը ջրի մեջ, որից հետո 5 րոպե պահեք եռացող ջրային բաղնիքի վրա։ Խմեք ողջ չափաբաժինը օրվա ընթացքում` փոքր կումերով, քամեք խմելուց առաջ։
Հազ. 5 ճ/գ ցորենի սերմը խառնեք 1-ական ճ/գ պատրինջի և դաղձի խոտերի հետ, ավելացրեք 500 մլ ջուր։ Դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, եփեք 1-3 րոպե։ Թրմեք 8-10 ժամ, քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ` բրոնխիտի, մրսածության դեպքում։
Քրոնիկ բրոնխիտ. 2 ճ/գ նիվենու տերևին ավելացրեք 400 մլ եռջուր, 10-15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա` փակ կափարիչով։ Քամեք երկտակ ծալած թանզիֆով։ Խմեք 70-ական մլ` օրը 4-5 անգամ, սնվելուց 25-30 րոպե առաջ։