
Բացահայտվել է Հին Հռոմի ամենաթանկ սոուսի բաղադրատոմսը

Հնագետներն առաջին անգամ բացահայտել են Հին Հռոմի ամենաթանկարժեք սոուսի բաղադրությունը։ Այս մասին գրում է New Scientist պարբերականը։
Գիտնականները վերծանել են «Գարում» հայտնի ձկնային սոուսի բաղադրատոմսը՝ վերլուծելով Իսպանիայում՝ դրա արտադրության վայրից հայտնաբերված ոսկրային մնացորդները։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ Հռոմեական կայսրությունում տարածված այս սոուսը հիմնականում պատրաստվել է եվրոպական սարդինայից։
«Ոսկորները շատ փոքր էին և կտրտված, բայց մեզ հաջողվեց դուրս բերել ԴՆԹ»,- նշել է Պորտուգալիայի համալսարանի գիտաշխատող Պաուլա Կամպոսը։ ԴՆԹ-ի վերլուծությունը հաստատել է, որ սարդինայի հետ միասին տարբեր շրջաններում օգտագործվել են նաև ծովային ձկներ, մասնավորապես՝ սկումբրիա և անչոուսներ։
Պատմաբանների խոսքով՝ գարումը գնահատվել է իր աղի և կծու համի համար, թեև փիլիսոփա Սենեկան այն անվանել է «փտած ձկների աղիքներ»։ Այնուամենայնիվ, այս սոուսը համարվում էր չափազանց թանկ՝ ժամանակակից արժեքով մեկ լիտրի գինը կարող էր հասնել շուրջ 65 դոլարի։
Գարումը Հին Հռոմում ամենատարածված ձկնային սոուս էր, պատրաստվում էր ձկների արյունից ու ներքին օրգաններից՝ երկարատև ֆերմենտացիայի միջոցով։ Ֆերմենտացիան իրականացվում էր քարից պատրաստված մեծ ավազաններում, որոնք մի քանի ամիս մնում էին արևի տակ։
Պատրաստի սոուսը հաճախ համեմում էին քացախով, աղով, ձիթայուղով, պղպեղով կամ գինով և օգտագործում որպես համեմունք։ Սոուսի ուժեղ հոտի պատճառով Հռոմի քաղաքներում արգելված էր գարում պատրաստել։ Պատրաստի սոուսը փակվում էր կավե փոքրիկ անոթներում և այդպես ուղարկվում Հռոմի պրովինցիաներ։ Որոշ շրջաններում այն լիովին փոխարինում էր աղը խոհանոցում։