
Լեոնարդո ԴիԿապրիոն պատրաստ է փրկել «Տապ» ֆիլմի սիքվելը

Puck News պորտալը հաղորդում է Մայքլ Մանի «Տապ» քրեական թրիլերի երկրորդ մասի կուլիսներում տիրող լարված իրավիճակի մասին։
Հրապարակման համաձայն՝ ֆիլմը թողարկող Warner Bros. ստուդիան հրաժարվում է 170 միլիոն դոլար բյուջե հատկացնել արտադրության համար։ Apple Studios-ի հետ համատեղ թողարկումը և Լեոնարդո ԴիԿապրիոյի մասնակցությունը նախագծում կարող են շտկել իրավիճակը։
Հայտնի չէ, թե կոնկրետ ում կարող է մարմնավորել ԴիԿապրիոն։ Warners-ը չի մեկնաբանել իրավիճակը։ Ավելի վաղ Մանը հայտարարել էր, որ սիքվելի սցենարը պատրաստ է։
Սյուժեն հիմնված կլինի Մանի և Մեգ Գարդիների 2022 թվականի համանուն վեպի վրա։ Գործողությունները կծավալվեն ինչպես Ալ Պաչինոյի և Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ 1995 թվականի օրիգինալ ֆիլմի իրադարձություններից առաջ, այնպես էլ հետո։
Ֆիլմի պաշտոնական դերասանական կազմը դեռևս հայտարարված չէ։ Ըստ լուրերի՝ ֆիլմում գլխավոր դերերում կլինեն Ադամ Դրայվերը, Օսթին Բաթլերը, Անա դե Արմասը, Ջերեմի Ալեն Ուայթը և Չենինգ Տատումը։