Բաժիններ՝

Ժան Տարդյե

Ժորժե դե Լատուր
Նրա հերոսները, ընթերցող, անրջող, կամ կիսախավարում արտասվող, որ ոչ մի խոսքով իրենց չեն մատնում, մնում են իրենց մտքերի մեջ: Բայց այն բանով, թե ինչպես է նրանց ձեռքը ծածկում նեղլիկ և պաղ հուրը, որ յուրաքանչյուրի վրա թեք լույս է նետում, թե ինչպես են աչքերը ձգտում հեռուն, կամ, ընդհակառակը, թաքնվում են իջեցված կոպերի տակ, մենք երկնչելով արդեն համարյա հասկանում ենք` նրանց մեջ, նրանց շուրջը, նրանց գլխավերևում` մեզանից թաքուն և ոչ մեկից չթաքնվելով` տեղի է ունենում ինչ-որ բան, որը ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, ինչ-որ խորհրդավոր և գաղտնիք մնացող մի բան, նետելով մեզ լռության ու սարսափի մեջ:

Պարզ է մի բան` նրանք շնորհառուներ են: Սակայն անկարելի է մասնակից լինել նրանց իմացությանը: Գուցե թե, այդ բեռն այնքան մեծ, անվերջանալի, անչափելի է մարդու ուժի հետ, որ նրան մնում են լոկ համեստ հոգսերը, հնազանդությունը, կարիքը:

Ինչ-որ հրեշավոր գաղտնիք գոյություն ունի մեզանից զատ և շարունակում է ինչ-որ տեղ այնտեղ, գիշերային եթերում, իր վսեմ ու անտարբեր ուղին, այնինչ մարդիկ, նետված ճակատագրի քմահաճույքին` տառապում և մահանում են, արթուն կենում կամ ննջում են: Ինչ ծանր ընդարմացում և բացակայություն է նրանց դեմքերի վրա:

Եվ ծիծաղը, և երազն իսպառ քշված են մեր կյանքից, և տղան ուշ գիշերով բռնում է ջահը աշխատանքի մեջ խրված հյուսնի վրա, հարևանուհին ափի կորվածքով պահում է մոմի կրակը, իսկ երիտասարդ մայրը նորածնին դնում է բրդե շրջազգեստով ձգված ծնկների վրա և նրա վրա է հառում իր հայացքը, որ զուրկ է ամենայն իմաստավորումից։ Ժամանակից դուրս, այդ դարեր տևող արթնության մեջ յուրաքանչյուրին հատկացված է իր անպետք և անհուսալի տեղը, ամեն ինչ ենթարկված է մթությանը, և նույնիսկ ողջերի դեմքերը տարիների ընթացքում մոմե երանգ են ստացելգ Իսկ ինչ-որ տեղ այնտեղ, դրսում, անսահման տարածությունների լռության մեջ, ինչ-որ անըմբռնելի բան Է կատարվում:

Հնարավոր է, դա ինչ-որ աստվածություն է, որ կանխագուշակել է հարգարժան ուսմունքը, և այդժամ պարմանուհի մայրերը, հյուսները, լուսամփոփի մոտ անրջող բոկոտն աղջնակները կարող են դառնալ հնամենի վերերկրային Էպոպեայի հերոսներըգ
Սակայն մենք, որ անծանոթ ենք աստվածաբանությանը և միամտորեն սիրում ենք մարմինների հոծությունը, երբ դրանք, երկու-երեք տեղ լուսավորված, բայց շողեր չկրող իրենց մեջ, դրանով դրսևորում են իրենց քաշն ու նյութականությունը, մենք` տեսնողներս, որ աշխարհի բազմազանությունը, դեմքերը, շարժմունքը, հանդերձները, բոլոր այդ բաները գաղտնաբար կազմավորված են նախնական երկրաչափական նմուշօրինակներով, մենք կանխազգում ենք այդ շողարձակ դեմքերի ձվաձևության, և այդ կիսաթափանց, հանց ալաբաստրե թաս, ձեռքերի հորիզոնական գծերի մեջ, այդ ֆիգուրներում, որ հագնված են, ինչպես հասարակ աղախինները, և դրսևորում են վսեմությունը լոկ շարժմունքի արտասովորությամբ այդ հարթ մակերևույթներում և այդ զգեստների մաքուր ծալքերում, լուսավոր շրջաններով հատած այդ խավարի ամրակուռ կտորներում, մենք, ասում եմ ես, կանխազգում ենք գաղտնիքը, որը մնացյալից շատ ավելի հին է, վսեմագույն ծնունդի գաղտնիքը: Ֆորման Քաոսի վանող կիսախավարից:

Պաուլ Կլեե
Ուրվագծած ասես անհաստատ ձեռքով այդ անձնական և բոլոր մյուսներից փակ այլ մի հանրահաշվի թեթև նշանները կազմավորվում են մտային տարածության մեջ, ուր կարելի է աճպարարություն անել ամենայն ինչով, նրբագույն ցանցը, որ օրորվում է սոճու ասեղների ամեն մի հոգոցից, որ թափվում են անտառում սառնաշունչ ձմեռային օրվա մեջ:
Միշտ կեցած դրանցով ներկայացված առարկայի և դրանք ղեկավարող գիտակցության միջև, այդ արտասովոր գրի հիերոգլիֆները մի ծայրից դեպի մյուսն են լողում, մեկ մոտենալով, մեկ բաժանվելով, «Էհ, չէ՞ որ սա թղթե տնակ է»,- կասի պարզամիտը, վրա բերելով հեռադիտակը: Իսկ մի ակնթարթ անց. «Ոչ, քաղաք է», և մեկ րոպե անց. «Գարուն է»: Կարծես թե ոչնչի չդիպչող օդատեսիլ է, անշուշտ ապշեցուցիչ, բայց այնքան անվնաս, այնքան քնքուշ…

Սակայն արժեր տագնապել, քանզի թելը, որ կապում է այդ առարկաներն ու դադարները, այրված է, իսկ խառնուրդը պայթյունավտանգ է, այնպես որ, ցանկացած պահին իրականությունը կարող է հօդս ցնդել:

Թռչող աշխարհի բեկորներից կազմավորվում է այլ մեկը, քնքշության ներքո այստեղ իշխում է երևակայությունը, և նրանց ձեռք ձեռքի տված գնում են` երազը, հաշվարկն ու ակնարկը: Այդպես է հայտնվում միությունը, զուգորդումների քանակը, որ թվարկման չի տրվում: Կարելի է ելնել ամեն ինչից և ոչ մի բանից, անցնել բնականից առ արհեստականը, ճամփորդությունից առ խաղը` սառույցից և հրից: Ողջ բանակներ անցկացնել դանակի սայրի վրայով, իսկ տները` երկաթգծերի վրայով, տափակեցնելով շարք կանգնեցնել կտավի կտորի վրա լեգենդի բաժան-բաժան մասերը (հեծյալը, ձուկը, աստղը) կամ պատմության (աշակերտը, պատուհանը, սյունակախաղի վանդակները), պատերից անդին կանխագուշակել մեծ քաղաքների հեռախոսալարերը, սահել թղթե նավերով:

Ամեն ոք կարող է մտածել` ինչ կամենում է, և ոչ մի խոսքով չհիշատակել այդ մասին կամ ընդամենը մեկ-երկու խոսքով, և կամ թե խոսել լրիվ այլ բանի մասին, պատկերել ցրված երեխային, խելագարին, գունազարդել մղձավանջները անվանական ալբոմի մեջ, քանի դեռ վրա չի եկել վերջին բեկումը` քաշը կորցնելու ժամն է, որպես երրորդ չափում, և դուրս գալու վերջապես ֆորմաների աշխարհից, տեսանելիից անդին, դեպի գորգի շրջոնքը, ուր մահվան մայրական ցուցումով գլխավոր և դիմակավորված հերոսը անվերջորեն հյուսում է այնքան տարօրինակ նախշազարդերը:

Գուցե թե դիմանկար
Պիեռ Ալեշինսկի

Որոշ գրերից դեպի այլք (թեև ստորագրությունը միշտ նույնն է), վստահ հարվածներով, որից նրբագծի զարկերակն արագանում է, պարույր առ պարույր, մեկ թղթաժապավենով, մեկ օղապարանով, օղակվելով և ենթարկվելով լոկ սեփական քմայքին, մորուքավոր կոբրան կլլում է ժամանակն ու տարածությունը, առարկաներն ու մարդկանց, ալիքն ու նավը, մարդուն և նրա ստվերը, սկզբի համար յուղոտելով ախորժալի ներկերով իր վիթխարի զոհին, որ մեն միայն երազում է, որպեսզի իրեն կուլ տան, և ամեն անգամ այդ փոխակերպություններից հետո կրկին ծնվում է:

Բազմագունության լեզուն այնչափ զվարճալի, ճշգրիտ ու զվարթ է, որ այլևս ոչինչ պետք էլ չէ: Անսահմանությունն ու ընկնող աստղերը բավ են աչքի համար: Ամենայն ինչ` սոսկ առիթ է աշխարհի արարումը դարձյալ կրկնելու համար այդ ուրվագծերի անկշիռ վազքում, անհայտ լեզվով ուրվագրերի հնարամտության մեջ` այն ամենում, ինչին որ ընդունակ են մինչև հատակը պարպած ներկի պարկուճները, տարակերպ մազմզուկներով վրձինները, ածուխը, թեթևագույն տուշը, թղթի վրա թռչող տառերն այնպիսի արագությամբ, որ գրերը վերծանողը դրանց ետքից չի հասնի:

Դե ինչ, ուրեմն, գաղտնագիրը կվկայի ինքն իր մասին, ապշեցնելով մասշտաբների փոփոխությամբ` առագաստի չափի կտավից` մինչև դրոշմանիշի չափի բացիկի վրա արված ջրաներկը:

Ողջույն, ողջույն` լսվում է ամեն կողմից: Ամեն ինչ վայրիվերո գլորվում է, շաղ տալով տրտմալի ու երկար սպասված ընծաները:

Շրջանցելով վերացականի և կոնկրետի, առավելագույնի և նվազագույնի հրվանդանները, այդ ամենը դարձյալ մղում է մեզ նոր գրոհի առ ողջ եղածը, ներառելով դեռ չեկածն ու վաղուց անցածը: Գալարուն շարժումներից անդին թրթուրի, որ վաղ թե ուշ կրծոտում է ամեն ինչ (բնափայտը, կտավը, գրքերը), բրոնզի քրքրված թիթեղների վրա տեսնում ես առօրյա իրականության ականջների ծայրերը, գայլուկի սուր մռութը, որ ծիկրակում է ծակոտված դեկորացիաների միջից, որ ծիծաղում է մեր փութկոտ հաճույքների վրա, և մեզ է հրամցնում մեկ հուշերի պատառները, մեկ ընթերցվածի փշուրները, մեկ էլ լույս աշխարհ եկած մահացածների անորսալի դիմագծերը:

Անվերջանալի շարժումը տանում է քեզ` հայացքդ գամելով ներկապնակին, ուր միախառնված են երազատեսային պրերիաների տաղտկաբեր կանաչը, մարդկանց ու կենդանիների ալ արյունը, ծովային լվացքների ողջ լեղակը և սև գույնը, ցլի գույնը, գրերի նախահոր և հետնորդի, հընթացս տապալված, որպեսզի համեստորեն կարմրի հիմա հիշողության օջախի վրա:

Այսպես թե այնպես, այն ամենը, ինչ մեզ շրջապատում է, ինչին մենք դիպչում ենք օրեցօր, ահագնանում է անհուսալիորեն հնացած և ծիծաղաշարժ թղթերի արխիվով, որոնք լցնում են սնդուկները կամ վաճառում են` առևտուր անելով: Եվ ահա տեսնում ես, թե ինչպես է մրրիկը տանում հաշիվների, շահույթների և ծախսերի նրբացանցը տողատված դեղնավուն թղթերի վրա` լավագույն նյութի, թունավոր, մոլեգնած խզբզոցի համար, որոնք դրանց հրմշտում ու մտրակում են` դարձյալ մաղելով: Արված է գրիչով: Միացեք:

Վերջակետ դնելով երկարաձգվող նավաբեկմանը, որը և սպառնում է, և կանչում, ստեղծագործության բերկրանքը պայթում է աստվածությունների ճշմարիտ լեզվով` ամպրոպով, համրացնում է օրվա փայլով (աղբյուրի ջուրն առավոտ կանուխ, ավելի լավ է` անոթի): Սակայն այդ, տեսքից մանկական, քրքջացող փոթորիկն իրականում հաստատում է հայացքի իշխանությունը: Հայացքի, որից պայթում է թմբկաթաղանթը, հայացքի, որ քշում է աղջամուղջն ու մեգը, հայացքի, որ կանչում է գլխապտույտ պարի:

Դե փորձիր ետ կենալ: Ձեռքի խելակորույս իմպրովիզացիան, որ հընթացս կռահում և առանց նայելու խփում է նպատակակետին, որ ինքնին ծավալվում է, ոչ մի անգամ չկրկնվելով:

Կասեն, թե դա վրձինն է փառաբանում աշխարհի արարումը այն պահին, երբ մոտենում է նրա վախճանը: Սակայն, մենք է, որ չպիտի հասկանանք այդ աճպարարությունները, կյանքի այդ խուսահնարքները, արեգակի այդ արագացված կինոժապավենը, որ ամեն երեկո լքում է բեմը միայն այն բանի համար, որ ուժ հավաքի: Անզուսպ մարդկային ցեղը վախով չես կասեցնի: Բազմանալու ժամանակն ու ցրվելու տեղը նրան բավում է:
Այդ պատճառով ես երջանիկ մոռացության մեջ, ինչպես հմայված, նայում եմ այդ բազմաբղետ շքահանդեսին, կորամանրէների այդ բազմահազարանոց շքահանդեսին, առանց շքախմբի օրիֆլամների շարաներին` այն ամենը, ինչ թափվում է երկրի վրա, որպեսզի պտտի այն շուրջպարում և այրի անվտանգ հրով:

Ես լսում եմ, թե ինչպես է երգում սրինգը, վերադառնալով, որպեսզի բոլոր խոչընդոտները հողին հավասարեցնի, բոլոր ցցվածքները, բոլոր դարուփոսերը և աշխարհը հանգեցնի կտավի երկու չափումներին:

Ոչինչ չի ավարտվում, ամեն բան նոր է սկսվում: Եվ մահանալու ժամանակը չէ։

Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս