Ո՞ւմ է ծառայում Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբին Հուդի՞ն, թե՞ дядя Սերժիկին
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը քննադատաբար է մոտենում այն ձևաչափին, որն այսօր վարում է ԲՀԿ-ն ստորին օղակներում՝ առանց առաջին դեմքերի ներկայության: Անդրադառնալով ԲՀԿ-ի քաղաքական կոնսուլտացիոն առաջարկություններին՝ Դ. Հակոբյանն հիշեց Չերչիլի և Ստալինի պատմական դեբատը, երբ Չերչիլը Ստալինին պարտադրեց, որ` «о судьбе будущей европы пусть думают наши генералы»:
«Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ Գագիկ Ծառուկյանն անձամբ չեն հանդիպում: Ժամանակ չկա: Այս է պատճառը, որ ժողովրդի մոտ վստահության առումով մեծ խնդիրներ ունի Գագիկ Ծառուկյանը: Ես ամեն օր ժողովրդի հետ եմ քայլում, գիտեմ: Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը, ո՞ւմ է ծառայում՝ վիկինգների առաջին էշելոնի՞ն՝ Ռոբին Հուդի՞ն, թե՞ երկրորդ էշելոնին՝ дядя Սերժիկին, սա է հետաքրքրում ժողովրդին: Եթե նա ինքնուրույն քաղաքական համոզմունքների տեր քաղաքական գործիչ է, ուրեմն պետք է ապացուցի իր ինքնուրունությունը:
Նա պետք է ապացուցի ժողովրդին, որ ոչ մեկի ազդեցության որոգայթներում չի գտնվում, գալիս է ոչ թե որպես անցումնային ֆիգուր, էստաֆետային միջանկյալ օղակ, այլ որպես նոր պետական մեքենայի գլխավոր ճարտարապետ»,- նշեց նա:
168.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք Դավիթ Հակոբյանի համար համոզի՞չ էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արված հայտարարությունը, թե այն «խելամիտներին», այսինքն նրանց, ովքեր ամենուր իր ստվերն են փնտրում, «առաջարկում եմ` լավ բացել աչքերը, որպեսզի վերջապես տեսնեն, որ ԲՀԿ-ում հավաքվել է քաղաքական թիմ, որն ի զորու է ինքնուրույն ձևավորել կուսակցության քաղաքական օրակարգը»:
Ի պատասխան, Դավիթ Հակոբյանը շեշտեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը 20 տարի էլ «թագավորած լիներ, ինքը նրան լուրջ քաղաքական գործիչ չէր համարի»:
«Նա թալանչիական կապիտալի ներկայացուցիչ է: Նա էլեմենտար, տարրական քաղաքագիտական ո՛չ կուլտուրա ունի, ո՛չ գիտելիքներ: Ընդհանրապես՝ այդ ֆիգուրան ես չեմ ընդունել: Ինչ մնում է նա ճամարտակություններ անի, թե ո՞րն է լավը, ո՞րը՝ վատը, ինքնուրույն է, թե՞ չէ: Ինքնուրունությունը պետք է այդ կուսակցության առաջնորդն ապացուցի, իր ամբողջ կեցվածքով:
Եթե այսօր նա հանդես գա միայնակ, այսինքն՝ չմասնակցի ընդդիմադիր միասնական ճամբարի ձևավորմանը, ժողովուրդը նրան չի հավատա: Այ, երբ ինքը կձևավորի ընդդիմության միասնական ճամբարը և ինքն էլ կմասնակցի դրան, այդ ժամանակ ժողովրդի մոտ կապացուցի, որ ինքը ռեալ ընդդիմություն է: Ընդդիմությունը խռովյալ հոգիների խառնամբոխ չէ՝ իշխանավորության տենչանքով, այն առաջին հերթին քաղաքական ալտերնատիվ այլախոհություն է, գաղափարոխոսություն»,- եզրափակեց նա:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ