Ազատազրկվածից օրգաններ կարող են վերցվել միայն նրա համաձայնության դեպքում
ՀՀ առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքի պահանջները, մշակել է «Ազատազրկման վայրում գտնվող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները հաստատելու մասին» որոշման նախագիծ: Այն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստի օրակարգում:
Ըստ այդմ, մասնավորապես, ազատազրկման վայրում պատիժը կրող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա իրազեկված, կամովին և գիտակցաբար տրված գրավոր, նոտարական կարգով վավերացված համաձայնության դեպքում: Ընդ որում` օրգաններ և հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա մերձավոր ազգականի` ծնողի, զավակի, ամուսնու, քրոջ, եղբոր, համար փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացության հիման վրա, որը տրամադրվում է ՀՀ կառավարության 2008 թ.-ի փետրվարի 7-ի որոշմամբ սահմանված կարգով:
Նախատեսվում է, որ տեղափոխվում է քաղաքացիական բժշկական հաստատություն բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտություն անցնելու համար, որից հետո տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ:
Քաղաքացիական բժշկական հաստատության պատասխանատու բժշկի նշանակած օրը դոնորը տեղափոխվում է քաղաքացիական բժշկական հաստատություն: Օրգանը և հյուսվածքը վերցնելուց հետո, հակացուցումների բացակայության դեպքում, դոնորը բժշկական հաստատությունից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ բուժող բժշկի` դոնորին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության հիման վրա: Հակացուցումների դեպքում դոնորի` բժշկական հաստատությունում գտնվելու ժամկետը կարող է երկարացվել բուժող բժշկի եզրակացության հիման վրա:
Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում դոնորի համար քրեակատարողական հիմնարկի կողմից պետք է ապահովվի դոնորի կողմից հեղուկների ընդունումը` օրվա ընթացքում 2.5-3 լիտր, հետագայում ազատազրկման ողջ ընթացքում ևս, ինչպես նաև դոնորի զարկերակային ճնշման ստուգումը և մարմնի ջերմության չափումը` օրվա ընթացքում առնվազն մեկական անգամ, կենդանական սպիտակուցներով հարուստ սնունդի տրամադրում, համաձայն բուժող բժշկի կողմից նշանակված սննդակարգի:
Օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո երկու, վեց և տասներկու ամիս անց, այնուհետ` տարին մեկ անգամ պետք է իրականացվի արյան բիոքիմիական և ընդհանուր, մեզի ընդհանուր քննություն: Ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց 2 ամիս անց, այնուհետ` տարին մեկ անգամ։ Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն իրականացվում է դոնորին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ, այնուհետ` ըստ բժշկական ցուցման: