Առայժմ քաղաքական բազիս են ձևավորում
Քիչ առաջ տեղի է ունեցել ԲՀԿ ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի և Վարդան Օսկանյանի հանդիպումը ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի և Արսեն Համբարձումյանի հետ: Ինչպես 168. am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ն ներկայացրել էր բանակցությունների իր օրակարգը, ՀՅԴ-ն՝ իր պլատֆորմը, և բանակցությունների նպատակն էր՝ պարզել, թե ինչ ընդհանրություններ ունեն այս երկու կուսակցությունները:
«Առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մենք ունենք սկզբունքային ընդհանրություններ. օրինակ՝ կառավարման խորհրդարանական համակարգին անցնելը, խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելը, համակարգային այլ փոփոխություններ իրականացնելը»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ բանակցությունները շարունակվելու են, և երկուշաբթի օրը ԲՀԿ պատվիրակությունը հանդիպելու է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ, պայմանավորվածություն կա հանդիպելու նաև ՀԱԿ ներկայացուցիչների հետ, սակայն հանդիպման օրը և ժամը դեռ ճշտված չէ:
«Այսօր ես պաշտոնապես դիմելու եմ ՀՀԿ և ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչներին՝ նրանց հետ ևս մեր ներկայացրած օրակարգով քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Ճիշտ է, մամուլի հրապարակումներից նրանց դիրքորոշումը մեզ հայտնի է, սակայն ես կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, եթե նրանց հետ ևս անմիջական բանակցություններ անցկացվեն, որի ընթացքում կհստակեցվի նրանց պաշտոնական դիրքորոշումը»,- ասում է ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Մեր այն հարցին, թե արդյոք ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկվե՞լ է ապագա նախագահական ընտրություններում միասնական թեկնածուով մասնակցելու հնարավորության հարցը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք առայժմ քննարկում են այն հարցերը, որոնք միավորում են իրենց, որպեսզի հնարավոր լինի ձևավորել միասնական քաղաքական օրակարգ, միասնական քաղաքական բազիս.
«Երբ միասնական քաղաքական օրակարգը ձևավորված կլինի, այն ժամանակ էլ մենք արդեն կկարողանանք տեսնել՝ հնարավո՞ր է անցնել նախագահական ընտրություններում թեկնածուների հարցի քննարկմանը, թե՞ ոչ: Այժմ կարող եմ ասել, որ բանակցությունների ընթացքում կոնկրետ անձերի խնդիր չի քննարկվել»:
Ըստ էության, կուսակցություններն այժմ բանակցում են՝ բանակցելու համար, առանց կոնկրետ նպատակ հետապնդելու: Այն, որ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» միասնական տեսակետ ունեն խորհրդարանական ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու կամ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ, պարզ է՝ առանց բանակցելու: Նախագահական ընտրություններից առաջ կարևոր է այլ հարց. կարո՞ղ են այս կուսակցությունները պայմանավորվել մեկ թեկնածու առաջադրելու շուրջ, թե՞ նրանք ունենալով շատ ընդհանրություններ՝ ունեն տարբեր նախագահի թեկնածուներ:
Ինչո՞ւ են նրանք ձեռնպահ մնում թեկնածուի հարցը քննարկելուց. քանի որ կարևորն այս պահին ոչ թե արդյունքն է, այլ բուն պրոցեսը: Իսկ անձերի հարցը քննարկելու դեպքում պրոցեսը կդադարի. քանի որ ՀԱԿ-ը կոնկրետ հարց կդնի. «Պաշտպանելո՞ւ է ԲՀԿ-ն Լևոն Տեր-Պետրոսյանին, թե՞ ոչ»:
Այդ դեպքում ԲՀԿ-ն ստիպված կլինի հստակ պատասխան տալ: Եվ եթե պատասխանը բացասական լինի, ապա բանակցությունները չսկսված՝ կվերջանան: Նույն վերաբերում է ԲՀԿ-ին, որը կարող է ՀԱԿ ներկայացուցիչներին հենց առաջին հանդիպման ժամանակ հարցնել. «Պաշտպանելո՞ւ եք դուք մեր թեկնածուին, թե՞ ոչ»: Իսկ այսպես`առանց անձերի հարց քննարկելու, կարելի է ևս մեկ ամիս բանակցել, մինչև թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Իսկ դրանից հետո բանակցություններն օգտագործել սեփական շահերի համար: Օրինակ՝ վաղը ԲՀԿ ներկայացուցիչները կարող են հայտարարել, որ իրենք ամեն ինչ արեցին քաղաքական դաշտը համախմբելու, միասնաբար իշխանության դեմ հանդես գալու համար, սակայն կուսակցությունների և դրանց լիդերների անձնական ամբիցիաները խանգարեցին հասնել միավորման: