Լիվնիի սիրային վարժությունները մի ոլորտ են, դիվանագիտությունը` այլ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ զրույցի առիթը նրա «Հետաքրքրաշարժ դիվանագիտություն» մատենաշարի երկրորդ հատորի լույսընծայումն էր: Մեր հանդիպմանը նախորդեցին Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիի խոստովանությունը, Բոլիվիայի նախագահի հումորը: Դրանք ստիպեցին նորից համաձայնել պարոն Նավասարդյանի հետ, որ դիվանագիտությունն, իրո՛ք, անչա՛փ հետաքրքրաշարժ է:

– Դիվանագիտությունը համարվում է էլիտար, խորհրդավոր մասնագիտություն: Այդպես է, իհարկե, սակայն Վիկիլիքսի բացահայտումներից հետո արդեն գրեթե ջնջվեց դիվանագիտության և լրտեսության սահմանը: Իսկ թե ինչ սահման ջնջվեց Իսրայելի նախկին արտգործնախարար Ցիպի Լիվնիի խոստովանությունից, կարծում եմ, կասեք Դուք: Հիշեցնեմ, որ «Times»-ին տված հարցազրույցում տիկինը պատմել էր, որ «Մոսսադի» իսրայելական հետախուզությունում աշխատելու տարիներին զբաղվել է սեքսով արաբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով:

– Սահմանի մասին կարող է խոսել նա, ով, ինչպես ասում են, «մոմ է բռնել»: Իսկ եթե հրեա նախարարի սեքսուալ արկածները նպաստեն արաբաիսրայելյան հարաբերությունների կարգավորման գործին, կարելի է ողջունել և փորձի փոխանակման կարգով տարածել հակամարտող այլ պետությունների վրա:

Դիվանագիտությունը լուրջ գիտություն է, շատ ավելի լուրջ, քան Լիվնիի սիրային վարժությունները: Պետության «աքսեսուար» հանդիսացող այս «ինստիտուտը» մեր երկրում ունի 20-21 տարվա պատմություն, որն, առաջին հերթին, խորհրդանշում է մեր անկախությունը, միջազգային ընտանիքի լիիրավ անդամ լինելու մեր իրավունքը: Համաձայնեք, որ սա գեղեցիկ ու գրավիչ իրողություն է: Եվ թերևս դա է պատճառը, որ երիտասարդներից շատերն են ցանկանում դիվանագետ դառնալ:

Մյուս կողմից` դիվանագիտության շուրջ անհարկի գաղտնիության շղարշ կա, և մարդիկ լավ չեն պատկերացնում` ինչ է դա: Դիվանագիտության մասին խոսելիս` անտեղյակ մեկը կարծում է` դա հազարումի գիշեր է…

– Կարմիր համարանիշերով ավտոմեքենա, ֆուրշետներ, բարձրաշխարհիկ ընդունելություններ…

– Այո, գեղեցիկ կանայք, առնական տղամարդիկ, սմոքինգներ, դեկոլտեներ, և այլն: Մինչդեռ` իրականում դա չարքաշ, սև աշխատանք է` գիշեր-ցերեկ ներկայացնել և պահել երկրիդ շահերը դրսում: Հետո, Դուք նկատեցիք, թե հետախուզության և դիվանագիտության սահմանը ջնջվել է:

Դրանց միջև ընդհանրություն, այդուհանդերձ, կա` երկուսն էլ ունեն անհրաժեշտ ինֆորմացիա ձեռք բերելու նպատակ: Տարբերությունն այն է, որ այդ ինֆորմացիան դիվանագետը ձեռք է բերում բաց ճանապարհով, դեսպանընկալ և միջազգային օրենքների սահմաններում: Այդ գործառույթում դիվանագետն անձեռնմխելի է, պաշտպանված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիայով: Հետախույզներն այդ նույնն անում են անօրինական ճանապարհով, և երբ գործակալը բացահայտվում է, խստորեն պատժվում է:

– Ո՞րն է մեր դիվանագիտության առաքելությունը, օրակարգը: Կարո՞ղ ենք ասել, որ մեր դիվանագիտության հիմնական խնդիրը գոնե հարաբերական խաղաղության ապահովումն է:

– Համաձայն եմ այս ձևակերպման հետ: Սակայն դիվանագիտության մեջ առհասարակ ընդունված չէ խոսել հաղթանակների մասին: Չպարտվել դիվանագիտության մեջ` արդեն հաղթանակ է, պատերազմից խուսափելը` արդեն խաղաղություն:

– Ձեր գրքերում ներկայացնում եք դիվանագիտության պատմությունը` անտիկ շրջանից: Ժամանակակից դիվանագիտության մեջ նախնիների ավանդույթները շարունակո՞ւմ են իրենց արդարացնել: Ամեն դեպքում, նկատենք` անհաջողության մատնված դիվանագետին ուտելու ավանդույթը մնացել է վաղնջական ժամանակներում:

– Իհարկե, ժամանակակից դիվանագիտությունն օրգանական կապ ունի իր ակունքների հետ: Նկատեք, որ դիվանագիտության հիմքում մարդկային հարաբերություններն են, մարդկային կապերը. ո՛չ ավել, ո՛չ պակաս: Եվ երբ բանական մարդը կանգնեց երկու ոտքի վրա, երբ ցեղերը, միմյանց հետ հանդիպելիս, չհարձակվեցին, չկերան միմյանց, այլ նստեցին որսի սեղանի շուրջ և ձեռք բերեցին անձեռնմխելիության ստատուս-քվո` սա արդեն դիվանագիտության առաջին քայլն էր: Իսկ ինչ եղել է մարդկային հարաբերություններում վաղնջական շրջանում, կա նաև այսօր: Նույն որոգայթները, խարդավանքները, հաղթանակներըգ

– Նշեցիք, որ դիվանագիտության ալֆան և օմեգան մարդկային հարաբերություններն են: Նշանակո՞ւմ է դա, որ այդ աշխատանքի համար կադր ընտրելիս շեշտը նախընտրելի է դնել մարդկային որակների վրա, թե՞, այդուհանդերձ, մասնագիտական:

– Մասնագիտությունը ձեռքբերովի է: Իսկ դիլետանտիզմը բոլոր ոլորտներում դժբախտություն է: Գիտե՞ք, բժշկի սխալը մարդ է սպանում, սակրավորինը` հենց իրեն, դիվանագետի սխալը կարող է մեծապես վնասել պետությանը: Մի քանի առիթով ասել եմ` դիվանագետի աշխատանքը սակրավորի աշխատանք է` սխալը երկրորդ անգամ չի լինում: Դրա համար շատ եմ կարևորում` չկա՛ պրոֆեսիոնալիզմ, չկա՛ դիվանագիտություն:

– Կա կարծրատիպ, թե Արևելքին հատուկ է ի՛ր դիվանագիտությունը, Արևմուտքին` իր, որ կա, դիցուք, թուրքական դիվանագիտություն, որը շողոմությամբ, խորամանկությամբ, սակայն նպատակին ամեն գնով հասնելու դիվանագիտություն է:

– Դա կեղծ կատեգորիա է: Էթնոհոգեբանական հատկանիշներն աշխատում են, իհարկե, սակայն, տարիների ընթացքում մարդիկ, դիվանագետները` հատկապե՛ս, հղկվում են: Մարդիկ ձեռք են բերում պրոֆեսիոնալ այնպիսի հմտություններ, որ ազգային բնավորության առանձնահատկությունները դառնում են երկրորդական:

– Այսօր, երբ աշխարհը փոքրացել է, տեղեկատվական տեխնոլոգիաները թույլ են տալիս համացանցի միջոցով վայրկյանների ընթացքում հայտնվել աշխարհի ցանկացած կետում, ի՞նչ եք կարծում` պետության համար շռայլություն չէ՞ աշխարհի տարբեր երկրներում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություններ, շենքեր վարձակալել, այլ ծախսեր հոգալ: Հատկապես որ` մեր դիվանագետներն առավելապես վիզայի հետ կապված խնդիրներով են ծանրաբեռնված: Իսկ նման հարցերը կարելի է վիրտուալ ճանապարհով լուծել:

– Իմ պրակտիկ աշխատանքում եղել են պահեր, երբ սկսնակներն ասել են` ինչո՞ւ է անհրաժեշտ գրառել այս զրույցը կամ այս ինֆորմացիան, երբ կարող ենք կոճակը սեղմել և ամեն ինչ իմանալ: Դա այդպես չէ. որքան էլ տեխնիկան զարգացած լինի, որքան էլ «վիկիլիքսները» մտնեն մարդկային կենցաղի, միջազգային հարաբերությունների մեջ, միևնույն է` առանց մարդկային գործոնի ոչինչ հնարավոր չէ անել: Նույնը` նաև ռազմական գործում. ինչ տեխնիկա ուզում ես` ունեցիր:

Սակայն այդ ամենը կառավարում է մարդը: Դիվանագիտական իսկական աշխատանքը, ինֆորմացիայի ձեռքբերումը, դրա մշակումը և առաջարկներ ներկայացնելը, ինչը դիվանագիտության հիմքերի հիմքն է, միայն և միայն մարդն է անում` փորձված դիվանագետը:

– Չե՞ք կարծում, որ փոքր-ինչ չափազանցնում եք դիվանագիտության դերը ժամանակակից աշխարհում: Դիվանագիտությունը` դիվանագիտություն, սակայն նավթի ու գազի պաշարներն ավելի լավ են ներկայացնում տվյալ պետության շահերը:

– Այնքանով` որքանով: Մի մոռացեք, որ դիվանագիտությունը քարացած գիտություն չէ: Այն նաև արվեստ է, որը պահանջում է ճկունություն և հմտություն այլ երկրների հետ հարաբերություններ մշակելիս և կիրառելիս:

– Նկատի ունեք նաև հայկակա՞ն դիվանագիտությունը:

– Անշուշտ: Այսօրվա հրամայականը մեր արտաքին գերատեսչության համակարգային բարեփոխումն է: Այն է` բարձրակարգ դիվանագիտական կորպուսի ստեղծում, կադրային ճիշտ քաղաքականություն, արտասահմանյան ապարատի օպտիմալացում: Ռուսաստանի նման հարուստ երկիրն, օրինակ, սառը պատերազմից հետո մի շարք դեսպանություններ փակեց, մի քանիսը վերամիավորեց: Իսկ մենք երբեմն դիվանագիտական ներկայացուցչություն ենք բացում ոչ թե անհրաժեշտությունից ելնելով, այլ ինչ-որ մեկին աշխատանքի տեղավորելու ցանկությամբ: Սա պետության վրա շատ թանկ է նստում:

– «Վիկիլիքսի» գաղտնազերծումներից պարզ դարձավ, որ որոշ դեսպանատների ներկայությունը տվյալ երկրում կարող է ազդել նույն երկրի ազգային անվտանգության վրա: Բոլիվիայի նախագահը մի զվարճալի միտք է հայտնել: Ըստ այդմ` միակ երկիրը, որտեղ հեղաշրջում հնարավոր չէ, ԱՄՆ-ն է, քանի որ այնտեղ չկա ԱՄՆ դեսպանություն:

– Կարծում եմ, դա ֆոլկլորի ժանրից է:

– Եվ չեմ կարող Ձեզ չհարցնել` Սիրիայում հայկական համայնքի գլխին կախված վտանգները ստի՞պում են մեզ` քննադատել մեր դիվանագիտությունը, այն համարել կրավորական:

– Իսկ Ձեր կարծիքով` ի՞նչ կարող էր անել մեր պետությունը, որ չի արել:

– Օրինակ` ԱՄՆ-ում մեր դեսպանությունը կարող էր դիմել այդ երկրի ղեկավարությանը` նկատելով, որ Սիրիայի դեմ ուղղված պատերազմը պատերազմ է նաև Հայաստանի դեմ, քանի որ այդ երկրում ունենք մեծ հայկական գաղութ: Արդեն ճիշտ է ասել` ունեինք…

– Ձեր միտքը բարի ցանկություն է, բայց, ցավոք, ոչ ռեալ: Իսկ իրականում` սիրիահայ համայնքի գլխին, իմ կարծիքով, մահացու վտանգ է կախված: Այնպիսի վերաձևում է կատարվում աշխարհի այդ մասում, որ նման ընթացքն է տրամաբանական: Այնտեղ հավաքվել է մահմեդական խուժանը, 5000-ից ավելի մարտական սվիններ` ուղղված տեղի խաղաղ բնակչության դեմ: Ցավն այն է, որ այսօր խաղաղ բնակիչների դեմ նույն բանը կատարում է նաև կառավարական զորքը: Սա վերջի սկիզբն է: Ժամանակի և տարածության մեջ, իմ կարծիքով, արաբական աշխարհում հայերն ապագա չունեն:

Տեսանյութեր

Լրահոս