Բաժիններ՝

Պետական բյուջեի նախագիծը կհարստացանա առաջարկություններով

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում 2013թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները հաջողված էին և չափազանց լավ հիմք էին նախագիծը ԱԺ լիագումար նիստերում քննարկելու համար: Քննարկումները մեկ նպատակ էին հետապնդում, որպեսզի պատգամավորները հասկանան պետական բյուջեի առանձնահատկությունները, խորամուխ լինեն և կարողանան անել առաջարկություններ: Նոյեմբերի 6-ին, ամփոփելով նախնական քննարկումների արդյունքները, այս մասին նշել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«Մինչև ուրբաթ օրն ունենք ժամանակ` առաջարկություններ անելու և այդ առաջարկություններով պետական բյուջեի մեզ ներկայացված նախագիծը հարստացնելու համար»,- ասել է նա` հավելելով, որ հանձնաժողովներն այս տեղեկատվության հիման վրա պետք է կատարեն առանձին քննարկումներ և պատրաստեն իրենց եզրակացությունները ԱԺ լիագումար նիստում ներկայացնելու համար:

Գալիք տարվա պետբյուջեի նախագիծը կներառվի առաջիկա` նոյեմբերի 12-15-ի լիագումար նիստերում: ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով նախագիծը քննարկվելուց և մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը կհայտարարի բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով:

Վերսկսվելիք քննարկմանը կառավարությունը կներկայացնի 2013թ. պետբյուջեի լրամշակված տարբերակը, որտեղ հաշվի առնված կլինեն իր համար ընդունելի` մշտական հանձնաժողովներում նախնական և ԱԺ լիագումար նիստում քննարկումների արդյունքում արված առաջարկությունները, ինչպես նաև կառավարության նախաձեռնությամբ կատարված ուղղումներն ու տարադրամի փոխարժեքի փոփոխման հետ կապված ճշգրտումները:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, նախագծի վերջնական տարբերակը կհաստատվի քվեարկությամբ: Եթե այն ընդունելու մասին կառավարության առաջարկը քվեարկության արդյունքում չի ստանում ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է բյուջեի հաստատման առնչությամբ դնել իր վստահության հարցը ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով: Եթե կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ չի ներկայացվում, կամ նման որոշում չի ընդունվում, ապա բյուջեն, կառավարության կողմից ընդունված ուղղումներով, համարվում է հաստատված:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս