««AMAP»-ը մեզ հավաստիացրել է, որ բոլոր նյութերը կհամաձայնեցվեն ոլորտի պատասխանատուների հետ»
Նշված է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի` «168 Ժամին» տրամադրած գրավոր պատասխանի մեջ
Հայաստանի հուշարձանների տարածքում ամերիկյան «AMAP» ընկերության կողմից 2008-ից տեղադրված խեղաթյուրված տեղեկատվություն պարունակող բազմալեզու վահանակների մասին աղաղակող փաստերին մենք անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարներում:
Հիշեցնենք, որ, ըստ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության Աղբյուրագիտության և խմբագրության բաժնի վարիչ Արգամ Այվազյանի՝ «AMAP» ընկերության և Մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագիր գոյություն չունի, հետևաբար` այդ ընկերությունը հուշարձանների զարգացման ծրագիրն իրականացրել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի բանավոր համաձայնության հիման վրա:
Այլ կերպ ասած՝ իրավական դաշտը կարգավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ամերիկյան «AMAP» ընկերությունն այս երեք տարիների ընթացքում մեր հուշարձանների տարածքում անարգել տեղադրել է պատմական անճշտություններ պարունակող վահանակներ՝ հաստատելով Ադրբեջանի թագավորությունը մեր երկրում:
Թեև մեզ հետ զրույցում մասնագետները տեղեկացրել էին, որ «AMAP»-ին ֆինանսավորել է Մշակույթի նախարարությունը, այդուհանդերձ, Ա. Այվազյանը վստահեցրեց (ինչպես նաև` ներկայացրեց փաստաթղթեր), համաձայն որոնց` ընկերությունը հուշարձանների ճանաչմանն ուղղված իր գործունեությունը ծավալել է դոնոր կազմակերպությունների տրամադրած գումարներով, որոնցից մեկն էլ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է եղել:
«Կազմակերպությունն այդ աշխատանքները կատարել է 3 աղբյուրներից՝ հովանավորել են «ՎիվաՍել- ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Գյումրիում՝ Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն և ԱՄՆ-ից CAPS-ի ղեկավարները (Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»), Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը»,- մեզ հետ հարցազրույցում նշել էր Ա. Այվազյանը:
Նա նաև հավաստիացրել էր, որ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին բազմիցս զգուշացվել է այն մասին, որ իր տրամադրած գումարներով «AMAP» ընկերությունը հուշարձանների տարածքում հակահայկական տեղեկատվություն է տարածում և պատմական փաստերը խեղաթյուրում է: Մենք օրերս դիմել էինք «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն՝ այս խնդրի կապակցությամբ որոշակի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Երեկ նույն ընկերությունից մենք ստացել ենք գրավոր մի պատասխան, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
««ՎիվաՍել-ՄՏՍ»-ը համահովանավորել և ֆինանսապես աջակցել է Հայաստանի պատմական հուշարձանների տարածքներում «AMAP» ծրագրերով տեղեկատվական վահանակների տեղադրման աշխատանքներին` առաջնորդվելով մեկ նպատակով. Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնել հանրությանն ու այն համակարգված ձևով հասանելի դարձնել զբոսաշրջիկներին:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը «AMAP»-ի շրջանակներում տպագրված բազմալեզու նյութերի բովանդակության համար որևէ պատասխանատվություն չի կրում: Դա վեր է ընկերության իրավասություններից և պահանջում է մասնագիտական մոտեցում: Հովանավորչական փաթեթի շրջանակներում ներդրում կատարելուց առաջ, ընկերությունը պահանջել է, և «AMAP»-ը, նախքան պայմանագրի կնքումը, մեզ հավաստիացրել է, որ բոլոր տեսակի նյութերը կհամաձայնեցվեն համապատասխան քաղաքականություն մշակող և ոլորտի համար պատասխանատու մարմինների, գիտական և փորձագիտական կառույցների հետ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ֆինանսական ներդրում է կատարում մշակույթի ոլորտի ամենատարբեր նախագծերում՝ իրեն երբևէ իրավունք չվերապահելով ներգրավվել աջակցվող նախագծերի, կառույցների ստեղծագործական, կազմակերպական աշխատանքներում կամ ոլորտի ռազմավարության մեջ:
Մեր ընկերությունը իրավասու չէ մասնագիտական փորձաքննություն իրականացնել մշակութային հուշարձաններին վերաբերող հարցերի շուրջ: Ընկերությունն աշխատանքներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մասնագիտական գնահատական կարող է տալ բացառապես այդ ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, ընդ որում՝ ընկերության գործունեության արտոնագրի շրջանակներում: Կարծում ենք, որ եթե պաշտոնապես հաստատվի, որ համապատասխան տեղեկատվական վահանակներում տեղ են գտել խեղաթյուրված, աղավաղված տեղեկություններ, և գիտական-փորձագիտական հանրությունը վերջնական համաձայնության գա տեքստերի վերաբերյալ, ապա տեղեկատվական վահանակներում անհրաժեշտ շտկումները պետք է կատարի ծրագրի իրականացման համար պատասխանատու կազմակերպությունը, այլ ոչ թե Հայաստանի պատմամշակութային ժառանգության պատշաճ ներկայացման գործին աջակցող հովանավոր ընկերությունը»:
Ի դեպ, մեր հարցին, թե ի՞նչ պատճառով է համաֆինանսավորումը դադարեցվել, ընկերությունից պատասխանեցին. «Ֆինանսավորումը դադարեցնելու երկու գործոն կար՝ զուտ բյուջետային խնդիր էր, և ֆինանսավորումը չերկարացնելու նպատակահարմարություն կար, և, բացի դա, հանրության կողմից ոչ միանշանակ գնահատականներ էին հնչում վահանակների տեղեկատվության մասին»: Հիշեցնենք, որ այդ «հակահայկական» տեքստերը խմբագրվել և հաստատվել են Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի կողմից և համաձայնեցվել են Մշակույթի նախարարության հետ:
Հ.Գ. Մի քանի օր առաջ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից հետաքրքրվեցինք Հայաստանի հուշարձանների տարածքում ամերիկյան «AMAP» ընկերության (Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր) կողմից տեղադրված խեղաթյուրված տեղեկատվությամբ վահանակների մասին, որոնցից մեկում Ադրբեջանը ներկայացվել էր` որպես թագավորություն:
Մեր հարցին, թե ինչո՞ւ Մշակույթի նախարարությունը նախքան այդ վահանակների տեղադրվելը` չէր ծանոթացել դրանց բովանդակությանը, և ինչո՞ւ են թերացել, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Այո՛, մենք պետք է նայեինք: Մենք չենք թերացել, պարզապես ժամանակին այդ տեքստերը չեն տեղադրվել, և մենք, այսպես ասած` փաստի առաջ ենք կանգնել, բայց երբ ահազանգ եղավ, մենք հանեցինք դրանք: Խնդրահարույց վահանակները հանվել են: Ինձ հարց են տալիս` արդյո՞ք, տիկին նախարար, Հաղպատում դեռ կա այդ վահանակը, ինչն ինձ համար անսպասելի է:
Որպես պատասխան` ասեմ, որ չկա: Իսկ երբ իրենք նորից ֆինանսավորեն, ապա այդ նոր տեքստերով ցուցանակները նորից կհայտնվեն իրենց տեղերում»: Իսկ հարցին, թե արդյո՞ք նախարարությունը կատարվածից հետո կվերանայի վահանակների բովանդակությունը, Հ. Պողոսյանն այսպես պատասխանեց.
«Բա ոնց»: Իսկ մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ նախարարությունը չկատարեց իր գործառույթը, երբ 2008թ. խեղաթյուրված տեքստերով վահանակները տեղ գտան պատմամշակութային հուշարձանների կողքին, տիկին նախարարն այսպես պատասխանեց. «Հիմա դուք ի՞նչ եք ուզում ասել, ուզում եք ասել, որ Մշակույթի նախարարությունը շատ վատ է, շատ սխալ է` ասե՛ք, դրա համար պետք չի ինձ երկու տարվա վաղեմության իրավիճակով երկար հարցեր տաք: Ես Ձեզ արդեն ասացի, չէ: Ի՞նչն է անհասկանալի»: