Բաժիններ՝

ՄԻՊ գրասենյակը հրաժարվում է դրամաշնորհներից

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն այսօրվանից պաշտոնապես հրաժարվում է դրամաշնորհներից և դրանք ուղղորդում է հասարակական կազմակերպություններին: «Որպեսզի, նախ, զարգանա քաղաքացիական հասարակությունը, իսկ մենք էլ արդեն կայանանք որպես պետական կառույց, որը ոչ թե սնվում է այս կամ այն դրամաշնորհով, այլ ապրում է պետական միջոցներով և ծառայում է պետական բյուջեի բուն նպատակներին: Սա է մեր նպատակը, և մենք մյուս տարի փորձելու ենք ձեզ հետ նաև լուծել այդ խնդիրը»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում` «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսավորման հարցի քննարկման ժամանակ, նշեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

2013թ. պետական բյուջեի նախագծով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պահպանման ծախսերը նախատեսված են շուրջ 176,56 մլն դրամ` 2012թ. 164 մլն դրամի դիմաց: Աճը պայմանավորված է հունվարի 1-ից կիրարկվելիք «Եկամտային հարկի մասին» օրենքի պահանջներին համապատասխան աշխատավարձի ֆոնդի վերահաշվարկմամբ:

Գումարի գերակշռող մասը` 118 մլն դրամը, կուղղվի աշխատավարձի ֆոնդին:

Ինչպես նշեց Կ.Անդրեասյանը, իրենք խնդրում են կառավարությունից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումն ավելացնել ևս 11 մլն դրամով` «որպես ազգային կանխարգելման մեխանիզմ գաղութներ, զորամասեր, ոստիկանության բաժիններ, մանկատներ, հոգեբուժարաններ սիստեմատիկ այցեր կատարելու համար, այսինքն` բոլոր այն տեղեր, որտեղ մարդու հետ կարող են անմարդկային վերաբերմունք դրսևորել»:

Ըստ նրա, դա անելու համար անհրաժեշտ կլինի տարեկան առնվազն 350 այց կատարել: Այդ իսկ պատճառով գրասենյակը հայտ էր ներկայացրել օրապահիկի, հավելյալ չափաքանակով բենզինի, նաև մոնիտորինգ իրականացնելու համար հավելյալ չորս հաստիքի` սոցաշխատողի, բժշկի և երկու իրավաբանի, ֆինանսավորման համար:

Կառավարությունը, թեև նախապես մերժել էր լրացուցիչ 11 մլն դրամի հատկացումը, սակայն, ինչպես համատեղ նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, երկու հաստիքի համար, ըստ ամենայնի, կառավարությունը կտրամադրի հավելյալ 5,6 մլն դրամ:

2013թ.-ին արտաբյուջետային գումարներից ՄԻՊ գրասենյակի աշխատակազմին կփոխանցվի ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից «Հայաստանի Հանրապետությունում 2012-2013թթ. ընտրությունների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի իրականացման նպատակով կնքված համաձայնագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման երկրորդ` վերջին մասը: Ըստ Կ.Անդրեասյանի, դա գրեթե այնքան է, որքան պետբյուջեից տարեկան տրամադրվող գումարը:

Արտաբյուջետային լրացուցիչ այս ֆինանսավորման շրջանակներում, մասնավորապես, լուծվելու են 6 մարզային` Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու գրասենյակների վարձակալման, արագ արձագանքման խմբի ֆինանսավորման հարցերը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս