ՀԱԿ-ում սպասում են Ծառուկյանի աջակցությանը
Նոյեմբերի 1-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում բացվել է ՀԱԿ տարածքային գրասենյակ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ՀԱԿ բազմաթիվ ակտիվիստներ և համակիրներ,
թվով` մոտ 20 հոգի:
Առաջին հայացքից կատարվածն առանձնապես մեծ իրադարձություն չէ, բացվել է տարածքային գրասենյակ, որի անդամների թիվը չի գերազանցում մեկ տասնյակը: Բայց կա մի կարևոր հանգամանք, որը դժվար է անտեսել: Ինչո՞ւ հենց հիմա ՀԱԿ-ը որոշեց տարածքային կառույց բացել, եթե այդ կառույցը կարելի էր բացել նաև 6 ամիս առաջ, երբ խորհրդարանական ընտրություններ էին, և նույնիսկ դրանից առաջ, քանի որ այն մարդիկ, ովքեր մասնակցել են ՀԱԿ տարածքային կառույցի բացմանը, նոր չէ, որ անդամակցել են ՀԱԿ-ին: Այսինքն` առաջացել է քաղաքական նպատակահարմարություն և ֆինանսական հնարավորություն նոր կառույց բացելու:
Քաղաքական նպատակահարմարության հարցը պարզ է. նման կառույցի բացումը նշանակում է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին, և, ամենայն հավանականությամբ, սեփական թեկնածուով: Այլապես իմաստ չէր լինի հավելյալ տարածքային գրասենյակ բացել, առավել ևս, որ թե Արմավիրում և թե Էջմիածնում ՀԱԿ-ը տարածքային գրասենյակներ ունի: Թե որտեղից ՀԱԿ-ին հավելյալ ֆինանսական հնարավորություններ, կարելի է միայն ենթադրել:
Այդ միջոցառումը հետաքրքիր է եղել այլ առումներով ևս: ՀԱԿ շարքային անդամները, որ արդեն կես տարի հանրահավաքների բացակայության պատճառով հնարավորություն չունեն լսել առաջնորդներին, կարողացել են կամերային պայմաններում ոչ միայն լսել առաջնորդներին, անմիջականորեն շփվել նրանց հետ, այլև ուղղել իրենց հուզող հարցերը:
Իսկ ամենահուզողն այսօր այն հարցն է, թե առաջիկա նախագահական ընտրություններում հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջադրվելո՞ւ է արդյոք նախագահի թեկնածու, թե՞ ոչ: Միանշանակ պատասխան այս հարցին չի տրվել, բայց շարքերին հասկացրել են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցը կարելի է վճռված համարել: Ուղղակի, տակտիկական նկատառումներից ելնելով, այդ որոշման մասին առայժմ չեն հայտարարում:
Շարքերին հետաքրքրել է նաև ԲՀԿ-ի հետ իրենց հարաբերությունների հարցը, մասնավորապես` այն, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կարող է պաշտպանել Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: ՀԱԿ շարքերն այլևս չեն հավատում, որ ինքնուրույն հնարավոր կլինի կազմաքանդել ավազակապետության բուրգը, և հզոր դաշնակից-հովանավոր են փնտրում` ի դեմս ԲՀԿ-ի և նրա նախագահի:
ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները նույն համոզվածությամբ պնդել են, որ ԲՀԿ-ի հետ կան շփումներ, և Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում «Բարգավաճ Հայաստանը» լինելու է իրենց հետ, իսկ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու մասին:
Ավելին, հանդիպման մասնակիցներից ոմանք այնպիսի տպավորություն են ստացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվում է հանուն Գագիկ Ծառուկյանի փրկության: Որովհետև, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվի և չհաղթի Սերժ Սարգսյանին, ապա նախագահական ընտրություններից հետո իշխանությունը կոչնչացնի ԲՀԿ-ն և նրա ղեկավարին: 2008թ. նախագահական ընտրություններից առաջ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, որ իրեն չաջակցող օլիգարխները «բոմժ» են դառնալու:
ՀԱԿ վերնախավի ներկայացուցիչները համոզված են, որ Տեր-Պետրոսյանի տևական լռությունը պայմանավորված է հենց ԲՀԿ-ի հետ վարվող բանակցություններով, որն ընթանում է արտաքին միջնորդների օգնությամբ: ՀԱԿ-ում համոզված են, որ Տեր-Պետրոսյանն արտաքին միջնորդների առաջ պայման է դրել, ըստ որի` ինքը կառաջադրվի միայն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, որը, բացի քաղաքականից, կունենա նաև ֆինանսական արտահայտություն:
Իհարկե, Ծառուկյանի հայտարարությունը` Տեր-Պետրոսյանին պաշտպանելու մասին, ինքնաբերաբար չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանի հաղթանակն ապահովված է: Բայց դա նշանակում է, որ այդ դեպքում Տեր-Պետրոսյանը կխուսափի խայտառակությունից, որը կլիներ, եթե Տեր-Պետրոսյանն առաջադրվեր` որպես միայն ՀԱԿ թեկնածու: Բացի դա, Ծառուկյանի աջակցությունը հնարավորություն կտա հաճելին համատեղել օգտակարի հետ:
Արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կարող է պաշտպանել Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ում ասում են, որ` ինչո՞ւ իրենք կարող էին 2012թ. խորհրդարանական ընտրություններում պաշտպանել ԲՀԿ-ին, իսկ հիմա ԲՀԿ-ն չի կարող պաշտպանել իրենց թեկնածուին: Նրանք կարծում են, որ քաղաքական գործարքի հիմքերը կարող էին դրված լինել դեռևս այն ժամանակ: