«Ես ԲՀԿ-ի լիդերներին հաճույք չեմ պատճառի` ասել այն, ինչ իրենց լեզուն չի պտտվում ասելու»
Հարցազրույց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ
– Պարոն Հովհաննիսյան, քաղաքական ի՞նչ ենթատեքստ եք տեսնում ՀՀ վարչապետի` վերջերս արտահայտած հայտարարության մեջ` ԲՀԿ-ի հետ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու հնարավորության, ինչպես նաև` նոր փոխվարչապետերի ինստիտուտ ստեղծելու մասով:
– Քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Վարչապետն ակնարկում է, թե հանրապետականները համոզված են. ԲՀԿ-ն չի շտապում հայտարարել Սերժ Սարգսյանին սատարելու սեփական մտադրության մասին, քանզի ակնկալում է սատարման դիմաց ստանալ վարչապետի պաշտոնը:
Մինչդեռ Տիգրան Սարգսյանը հասկացնում է, որ սատարման դիմաց «վարձատրության» առավելագույն չափը կարող է լինել ոչ թե վարչապետի, այլ փոխվարչապետի պաշտոնը: Ուզում ես` ուզի, չես ուզում…
– Իսկ ի՞նչ կարծիք ունեք ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի վերջին հայտնի հայտարարությունների վերաբերյալ: Զուրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության հարցը քննարկվել է ՀԱԿ քաղխորհրդում և որոշում է կայացվել, որ քաղխորհուրդն այդ հարցում վստահում է Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությանը, բայց ՀԱԿ-ի մի շարք անդամներ (օրինակ` Ն.Փաշինյան, Հ.Բագրատյան) համոզված են, որ ՀԱԿ-ում նման որոշում չէր կարող ընդունվել:
– Ավաղ, ՀԱԿ-ից այսօր ոչինչ կախված չէ, և ՀԱԿ-ին այլ բան չի մնում, քան ձայնակցել ԲՀԿ-ին: ՀԱԿ-ը հրաժարվել է ակտիվ քաղաքական պայքարից, հանրահավաքներից և երթերից, բռնելով իշխանության մեջ սերտաճման ճանապարհը: Սկզբից` երկխոսության միջոցով փորձեց հասնել այդ նպատակին` ապավինելով հանրապետականների բարի կամքին: Մերժվելով` այսօր փորձում է նույն նպատակին հասնել ԲՀԿ-ի օժանդակությամբ:
Սակայն ԲՀԿ առաջնորդը կորցնելու շատ բան ունի և ոչ միայն` չի արդարացնի ՀԱԿ-ի հույսերը, այլև կօգտագործի ՀԱԿ-ին հանրապետականների հետ սակարկություններում: Այս առումով Նիկոլի մտահոգությունները միանգամայն տեղին են. որևէ քաղաքական ուժին հավատարմությունը չի կարող վերածվել աբսուրդի և հանգեցնել պայծառ և խոստումնալից գործիչների քաղաքական ինքնասպանության:
– Լևոն Զուրաբյանի հայտարարության, թերևս, ամենաուշագրավ մասերից մեկը վերաբերում էր 2013 թ. Սերժ Սարգսյանի «վերարտադրվելու» դեպքում նրա կողմից ֆինանսական և տնտեսական հնարավորություններ ունեցող քաղաքական գործոններին` Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից հեռացնելուն, ինչը դարձավ լայն քննարկման և նաև քննադատությունների առարկա, Լևոն Զուրաբյանն էլ շտապեց բացատրել, որ «Քոչարյանի անունը համագործակցության ենթատեքստում չի կիրառել»: Ինչպե՞ս եք Դուք վերաբերվում դրան:
– Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը գոնե մեկ հարցում օբյեկտիվորեն բախտակիցներ են. երկուսն էլ պաշտոնաթող նախագահներ են և երկուսն էլ ձգտում են ղեկավար քաղաքական դերակատարություն ստանձնել այս նոր պայմաններում: Երկուսն էլ այդ հարցում առայժմ հաջողություն չունեն և չեն կարող դրանից դժգոհ չլինել:
Լևոն Զուրաբյանի այդ արտահայտություններն ապացուցում են, որ ՀԱԿ-ն այսօր մեծապես շահագրգռված է Ռոբերտ Քոչարյանի ակտիվությամբ, ինչն ինձ համար միանգամայն կանխատեսելի էր. ես ամիսներ առաջ եմ կարծիք հայտնել, որ Ռ. Քոչարյանի թեկնածության պաշտպանությունը ՀԱԿ-ի կողմից ամենևին էլ անհավանական չէ: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ ընդհանուր նպատակներով կարող են արդարացվել ցանկացած միջոցներ` դաշինքներ և ձևաչափեր:
– Ըստ Ձեզ` ԲՀԿ-ի վերջնական դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, միանալ ՀԱԿ-ի՞ն, սատարել Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ հանդես գալ սեփական թեկնածուով:
– Ես ԲՀԿ-ի լիդերներին հաճույք չեմ պատճառի` ասել այն, ինչ իրենց լեզուն չի պտտվում ասելու. այս անգամ թող շագանակները կրակից հանեն սեփական ձեռքերով: