Կյանքի կենարար ջրերը
«Հին աշխարհի պատմություն» գրքում (Ստրուվե) նկարագրված է Շումերական աստվածների պանթեոնը։ Բացի յոթ աստեղային աստվածություններից, որոնք, ի դեպ, համապատասխանում են շաբաթվա օրերի անվանումներին, նրանք պաշտել են երեք այլ հիմնական աստվածությունների։ Դրանք են. Երկնքի` Անու, Երկրի` Էնլիլ և Էա` ստորերկրյա ջրերի աստվածությունները։
Ըստ հին բաբելական առասպելի` ստորերկրյա աշխարհում կա մի սար, որի վրա է հենվում վերին աշխարհը։ Շատ հայտնի պատմաբաններ նույնացնում են այդ Araltu կոչվող լեռը Մասիս լեռան հետ։
Սակայն, ո՞ր Մասիսի մասին է խոսքը. չէ՞ որ, ըստ Հովհաննես Թումանյանի` նման անունով լեռ կա նաև Հիմալայներում, կամ Նեխ-Մասիս է կոչվել Սիփան լեռը (Վանա լճից հյուսիս), և այլն։
Բ. Տուրաևն իր «Դասական Արևելքում» գրում է. «Դեպի կենարար ջրերի աղբյուրները տանող ճանապարհը անցնում էր Մասիսի վրայով` մթության միջով, և այն պահպանում էին սղոցաձև ձեռքեր ունեցող մարդիկգ»։
Իհարկե, ժամանակն էլ է ջրի պես` անընդհատ հոսում է ու հոսում և ինչ-որ բաներ էլ քշում և փորձում անվերադարձ տանելգ
Սակայն և ժամանակը, և ջուրը ունեն հիշողություն, ինչպես և մարդն ունի, բացի գիտակցական և ենթագիտակցական հմտություններից, նաև անգիտակցական հիշողություն։ Վերջինում է կուտակված ինֆորմացիան բնության էվոլյուցիոն զարգացման պատմության վերաբերյալ։
Կան մարդիկ, որոնք կարողանում են ներթափանցել ժամանակի ընդերքը և համադրությունների շնորհիվ կարևորագույն հետևություններ անել։
Մ. Աբեղյանը («Վիշապներ կոչվող կոթողները») գրում է. «Մասիսի Սբ. Հակոբա վանքի աղբյուրից ջուր էին բերում և անդաստան անելու ժամանակ շաղ տալիս, նույնն անում էին և մորեխի ժամանակ»։ Այդ ավանդույթը հարատևել է մինչև 20-րդ դարի 30-ական թվականները։
«Հայաստանի որևէ այլ վայրում «կյանքի ջրեր» կոչված աղբյուրներ չկան, և սա, իհարկե, պատահական չէ (Գ. Ղափանցյան)»։
Մենք, իհարկե, գիտենք աղբյուրի ջրի օգտակարության մասին, սակայն, այնուամենայնիվ, բնության հրաշալիքներն անվերջ են։
Մի քանի տարի առաջ իմ հոդվածներից երկուսը տպագրվեցին «Տոլակայի» ամսագրերում։ Որպես շնորհակալություն` խմբագրությունից ստացա մի բնական աղբյուրի լուսանկար։ Աղբյուրի անվանումն է` «Իստոչնիկ Գալեչյեյ գորի», որի ջուրն ունի հրաշալի բուժիչ հատկություններ։ Աղբյուրը «բացվում» է տարին երկու անգամ. հունվարի 18-19 և Հովհաննես-Մկրտչի` հունիսի 24, տոների օրերին և շատ կարճատև է հոսում։
Հայտնի է, որ Սուրբ Մկրտության օրը հավաքված ջուրն ունի յուրահատուկ բուժիչ հատկություններ և բավականին երկար է պահպանվում։
Խմբագրության կողմից ուղարկված բացատրական նամակում գրված է, որ լուսանկարը պահպանում է աղբյուրի հոսող ջրի բուժիչ հատկությունները. «Նկարը տպելու ընթացքում օգտագործվում է նաև գլիցերին, որն ունի ցանկացած տեսակի ինֆորմացիա գրելու և հիշելու հատկություն։ Հիշվում է տիեզերքից եկող և հոսող աղբյուրից անդրադարձող լույսի մեջ պարունակվող ոչ միայն պատկերավոր, այլ նաև կենսաբանական տեղեկատվությունը։ (Զգուշացում. պահպանեք ձեր անձնական լուսանկարները չարակամներից)։
Հետաքրքիր է, որ հոսող աղբյուրի լուսանկարը կարողանում է հայտնաբերել մարմնի նվազ առողջություն ունեցող օրգանները։ Պետք է դնել այն բարակ պոլիէթիլենային թաղանթի մեջ, հպել մարմնի հիվանդ մասին և քնել։ Բուժիչ ջուր ստանալու համար պետք է ամրացնել աղբյուրի լուսանկարը բաժակի թափանցիկ ապակուն, և 12 ժամից ջուրը կստանա աղբյուրի ջրին բնորոշ հատկությունները։ Չի կարելի լցնել ծորակի ջուր։ Ջրի մակարդակը պետք է լինի նկարի եզրից բարձր։ Բնական է, որ ջրով լցված բաժակի մեջ լուսանկարը (կախված տեսանկյունից) լրիվ կամ մասամբ կանհայտանա»։
Մկրտության օրվա ջրի հրաշքը։ Այդ օրերին վերցված ջուրը երկար է պահպանվում և բուժում է ոչ միայն մարդու մարմինը, այլ նաև հոգին։ Գիտնականները բացատրում են նման երևույթը Երկիր մոլորակի մագնիսական դաշտի հատկություններով։ Այդ օրերին այն շեղվում է իր բնորոշ դիրքից, և բոլոր ջրերը մագնիսանում են։ Իսկ թե ինչու է դա այդպես լինում, բացահայտված չէ։ Այնուամենայնիվ, երկարամյա հետազոտությունների արդյունքում պարզվել են որոշ փաստեր.
– Մկրտության օրվա ջուրը, ինչպես նաև դրա խառնուրդը սովորական ջրի հետ` արձագանքում է այլ կերպ, քան սովորական ջուրը,
– սովորական ջուրը մկրտվածն ավելացնելիս նույնպես մկրտվում է,
– մկրտված ջրից լույսն անդրադառնում է և բեկվում է այլ անկյան տակ, քան սովորականից,
– մկրտության օրվա ջրի օպտիկական խտությունը մոտ է Հորդանան գետի ջրի խտությանը,
– Առավել բուժիչ է համարվում եկեղեցում օրհնված ջուրը։
Ճիշտ է, որ մկրտության օրվա ջուրը հավաքեք միշտ նույն ապակե տարայի մեջ, երբ ստիպված լինեք ազատվելու այդ օգտագործած տարայից, ապա նախօրոք չորացրեք այն։
Ջուրն ունի հիշողություն։ Մենք արդեն գիտենք, որ ջուրը զգայուն է մագնիսական դաշտի փոփոխության հանդեպ, ինչից միանշանակ հետևում է, որ այն պետք է զգա նաև այլ էլեկտրամագնիսական դաշտերը։ Ջրի բյուրեղիկների ձևը և բովանդակությունը, դրանց կազմած երկրաչափական պատկերները զգայուն են գույնի, խոսքի առոգանության և բովանդակության, երաժշտության, լույսի բաղադրության, քիմիական, ջերմաստիճանային և այլ արտաքին ազդեցությունների հանդեպ։ Այս ամենը բնական է թվում, քանի որ ջուրը գոյություն ունի բնության մեջ բոլոր երեք ագրեգատային վիճակներում` գազային, հեղուկ և պինդ։ Առավել կարևոր է, որ ջուրը զգալի քանակություններով պարունակվում է բոլոր կենդանի մարմինների և բույսերի մեջ։
Ճապոնացի գիտնական Մասարա Էմոտոն գտել է ջրի հիշողությունն ուսումնասիրելու լավագույն ձևը։ Նույն տեղից վերցված ջուրը լցրել են հազարավոր միանման տարաների մեջ և ենթարկել են զանազան բնույթի փորձարկումների։ Ջուրը հիշել և համապատասխան ձևով արձագանքել է նույնիսկ ոչ բարձր արտահայտված մտքերին, գրավոր խոսքին և նկարչական պատկերներին։ Արձագանքի երկրաչափական պատկերը ի հայտ է գալիս, երբ ջուրը սառեցնում են։ Եթե ազդեցությունը կրել է ներդաշնակ, բարի, նուրբ, հոգատար բնույթ, ապա բյուրեղները ունեն համաչափ կառուցվածք և կազմում են գեղեցիկ պատկերներ։
Սառեցրած-հալեցրած ջուր։ Հայտնի բժիշկ և կենսաբան, աշխարհահռչակ գիտնական Գ. Բերդիշևը պատմում է. «Համոզված եմ, որ եթե մենք սովորական (ծորակից) ջրի փոխարեն խմենք 100 մ խորությունից վերցված սառույցից ստացված ջուրը, ապա մեր կյանքը մեկ և կես անգամ կերկարի։ Օրինակ, երբ Լ. Ի. Բրեժնևի առողջական վիճակը կտրուկ վատացավ, Անտարկտիդայից բերեցին նման սառցաբեկորներ։ Ստացված ջրով նաև պատրաստում էին Երկրի ղեկավարի սնունդը։ Նրա կյանքը մի քանի տարով երկարեց։
Անձամբ ինձ համար սառեցնում եմ սովորական, քամիչով (թղթով) զտված ջուրը, երբ ամանի մեջ մնում է ձվի մեծության սառցակտոր, հեռացնում եմ այն։ Այդ գործողությունը կատարում եմ երեք անգամ։ Յուրաքանչյուր անգամ սառույցի հետ հեռանում են նաև վնասակար ռադիոակտիվ նյութերը։ Մեզ հայտնի են երկարակեցության 100 չափորոշիչներ և մոտ այդքան էլ գեներ, որոնցից նույնիսկ մի քանիսի վրա ազդելու դեպքում մարդու կյանքի տևողությունը կաճի տասնապատիկ անգամ։ Մենք դեռ չենք տիրապետում այդ մեթոդներին»։
Արծաթաջուր։ Գիտականորեն ապացուցված է, որ արծաթաջուրն ունի ուժեղ հակամանրէ ազդեցություն, չի իջեցնում օրգանիզմի դիմադրողականությունը և կարող է ճնշել նաև վիրուսների և սնկերի որոշ տեսակներ։ Արծաթի դրական իոնները լուծվելով ջրի մեջ` պահպանում են իրենց ակտիվությունը, քանի որ ջրի մոլեկուլները շրջապատում են այդ իոնը` առաջացնելով կայուն և շարժունակ միացություն։ Այդ վիճակում իոնը հայտնվում է աղեստամոքսային համակարգում և անցնում արյան մեջ։
Գիտնականներն ապացուցել են, որ արծաթի իոնների առկայության դեպքում արագանում է բջիջների բաժանման (բազմացման) գործընթացը։ Այսպիսով վերականգնվում են հյուսվածքները, և լավանում է բջիջների հյուսվածքը։ Ազատորեն շարժվելով արյան հետ օրգանիզմում իոնները «ոչնչացնում» են վնասակար մանրէներին, սնկերին, դրանք չեն կարողանում դիմագրավել (կայունություն ձեռք բերել), ինչպես դա տեղի է ունենում հակամանրէ դեղորայքի դեպքում։ Առավել հետաքրքիր է, որ արծաթի դրական իոնները ոչ միայն չեն «նեղացնում» օգտակար բիֆիդո և լակտո-բակտերիաներին, այլ նաև նպաստում են աղիների միկրոֆլորայի բարելավմանը։
Լույսի մեջ պարունակվող միկրոմասնիկները (ֆոտոն) քանդում են ջրի մոլեկուլների պաշտպանիչ «վահանը», և արծաթի դրական իոնները կորցնում են իրենց շարժունակությունը. միանում են քլորի կամ այլ` ջրի մեջ գտնվող տարրերի հետ։ Արծաթի ակտիվացված իոններն անվնաս են մարդու օրգանիզմի համար։ Արծաթաջուրը թրմեք գիշերվա ընթացքում և խմեք վաղ առավոտյան, կատարեք շաբաթը 1-2 անգամ։
Ինչո՞ւ են յոթ անգամ տեղափոխում ջուրը։ Ա. Մատիկյանը գրում է. «Իսկ երկրորդ անունը (առաջինը Արայ է)` Օնան, երևի նույնպես աստվածական տեսք ունի. համեմատիր Օանն (Էս) անունը, որը ծովածին է և մարդկանց կուլտուրայի է սովորեցրել»։ Սակայն մարդը շատ է փոխվել և հեռացել այն հոգևոր բարի կերպարանքից, որ տվել է նրան Արարիչը։
Դավիթ Անհաղթը գրում է, որ ինչ-որ բան պետք է հավասարակշռի Բարուն, և, քանի որ չարը տեղ չունի հզոր և իմաստուն Աստծո մոտ, այն տեղափոխվել է մարդու մեջ։ Երբ հայ մարդը վերցրել է Սուրբ Հակոբա վանքի «Կէանքի կենարար ջուրը», նա նպատակ է ունեցել բարձրացնել իր նոր մշակած անդաստանի սերմի պտղաբերությունը։
Այուրվեդայում ջրի կենարար ուժը բարձրացնելու համար, նախօրոք եփած կամ սառեցրած-հալեցրած ջուրը տեղափոխում են մեկ տարայից` մյուսը։ Դա անում են բազմաթիվ անգամներ և բաց լուսամուտի մոտ։ Տեղափոխությունների քանակը արտահայտող թիվը պետք է բաժանվի յոթի։ Պյութագորասականների տեսությունը հիմնված էր նաև թվերի հատկությունների վրա։
Օրինակ, վեցը առաջին կատարյալ թիվն էր, տասը` երկրորդ, ինը անկատար թիվ է, իսկ յոթը միակ կուսական թիվն է։ Եթե մեկը բոլոր թվերի սկիզբն է, իսկ երկուսի բազմապատկելիս ստացվում են զույգ թվերը, ապա յոթը կուսական է, քանի որ որևիցե այլ թվի բաժանելիս չի ստացվում ամբողջ թիվ, իսկ բազմապատկելիս դուրս է գալիս տասի սահմաններից։ Ջրի տեղափոխությունը կատարող մարդը խնդրում է, որ այն վերադարձնի իրեն նախնական բարի և արդար վիճակին, քանի որ ջուրը նույնպես նախապես զտված է։ Այդ ջրի մեկ գավաթն ընդունված է խմել առավոտյան, անմիջապես արթնանալուց հետո։ Կա կարծիք, որ նման մշակում անցած ջուրն ունի երիտասարդացնող հատկություն։
Ինչպես օգտագործել մկրտված ջուրը։ Բավարար է, որ 10 լ ջրին ավելացնեք ընդամենը 2 միլիլիտր մկրտության օրվա ջուր։ Մայրս պատմում էր, որ ծանր հիվանդ տատիկիս համար ջուրը վերցնում էին Քանաքեռի Սբ. Հակոբ, Եղիպատրուշի Սբ. Աստվածածին և Մուղնիի եկեղեցիներից։ Այս դեպքում ջուրն առավել բուժիչ է. կարևոր է, որ մի եկեղեցու զանգերի ղողանջը չլսվի երկրորդում, նույնը` և երրորդում։
Ջուրը պահպանեք առանձին տեղում. լավագույնը, որ բնակարանում ունենաք սուրբ անկյուն։ Սուրբ ջուրը չի կարելի եռացնել, դրանով կարելի է ցայել պատրաստի ուտեստները։ Մայրս, որ քահանաների շառավիղ էր, հաճախ ցայում էր տան պատերը և սպասքը։
(շարունակելի)