Նկարիչների միությունն 80 տարեկան է (լուսանկարներ)

Այսօր Երևանի Նկարիչների միությունը տոնում էր իր ստեղծման 80-ամյակը: Նկարիչների միության առաջին նախագահը եղել է Արա Սարգսյանը, ապա` Մարտիրոս Սարյանը:

Նկարիչների միության ներկայիս նախագահ Կարեն Աղամյանը միության թվով 10-րդ ղեկավարն է: Այսօր նկարիչներին շնորհավորելու, իրենց ուղերձն ու մաղթանքները հայտնելու էին  եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար  Հասմիկ Պողոսյանը, ով, բացի իր ողջույնի խոսքից, կարդաց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը:

Ուղերձում երկրի նախագահը շնորհավորում էր նկարիչներին` նրանց երկար տարիների բեղուն աշխատանքային գործունեություն մաղթելով: Ողջույնի խոսքերից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը շրջեցին ցուցասրահներով, ծանոթացան ներկայացված աշխատանքներին:

Ցուցահանդեսին մասնակցում էին  464 արվեստագետներ` համապատասխանաբար՝ 464 աշխատանքներով: Յուրաքանչյուր նկարչից ընտրվել էր մեկական աշխատանք: Կային նաև անկախ նկարիչների աշխատանքներ, որոնք, մինչ ցուցահանդեսին մասնակցելը, հանձնվել էին հատուկ խորհրդի քննությանը:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հայտ ներկայացրած նկարիչների ուղիղ կեսի աշխատանքները մերժել են ցուցահանդեսի շրջանակներում ցուցադրել: «Մերժել ենք մի պարզ պատճառով, որ նախ՝ այդքան նկարներ մեզ մոտ չէին տեղավորվի, հետո էլ` թեմատիկային չէին համապատասխանում»,- ասաց Կարեն Աղամյանը:

Նկարիչների միության անդամ, բազմաթիվ աշխատանքների հեղինակ, գեղանկարիչ  Մեխակ Էլբակյանի աշխատանքները նույնպես այսօր ներկայացված էին. դրանք կրում էին  «Սեր և Միություն» խորագիրը:

«Այս տարի եմ ստեղծել այս աշխատանքը: Ունեմ շատ հետաքրքիր և բազմաբովանդակ աշխատանքներ: Այսօր ներկայացնում եմ այն աշխատանքը, որը ներկայացրել եմ մեկ ամիս առաջ իմ անհատական ցուցադրության ընթացքում: Այս գործը հատկանշական է նաև այն առումով, որ զետեղվելու է Միության 80-ամյակին նվիրված գրքում»,- ասաց գեղանկարիչ Մեխակ Էլբակյանը:

«Շատ նկարիչների մեծագույն խնդիրն արվեստանոց չունենալն է: Շատ նկարիչներ միությունից սպասում են ֆինանսական օգնություն, սակայն մենք այդ օգնությունը տրամադրել չենք կարող: Հաճախ նկարիչներին աջակցում ենք ցուցասրահ տրամադրելով, օգնելով, որ իրենք  ցուցադրեն իրենց աշխատանքները: Իսկ եթե հաջողվի արվեստագետին վաճառել իր աշխատանքը, դա նրա համար մեծագույն հաջողություն կլինի»,- մեզ հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի խնդիրներ ունեն այսօր նկարիչները:

Լուսանկարները` Սերժ Դավիդովի

Տեսանյութեր

Լրահոս