Ինչո՞ւ է ԱԺ-ն «ձեռք քաշում» բյուջեի վերահսկողությունից
168.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կբնութագրեք 2013թ. պետական բյուջեի նախագիծը` հաշվի առնելով այն, որ 2012թ. բյուջեն որակվում է՝ որպես գոյատևման բյուջե, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Քաղաքական գործունեության ընթացքում ես անոտացիաներին կամ նման գնահատականներին վերապահումով եմ վերաբերվել, և հիմա նույնպես վերապահումով եմ վերաբերվում, որովհետև պարզվել է, որ որևէ սկզբնական գնահատական, ըստ էության, չի համապատասխանել բյուջեին»:
Իսկ հարցին, թե, այնուամենայնիվ, ի՞նչ ընդգծումներ կանեիք 2013թ. բյուջեից, ի՞նչ թերացումներ կնշեիք, Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Մեր բյուջեն միշտ մեկ թերություն է ունեցել: Ազգային ժողովը հաստատում է բյուջեն, և եթե չհաստատվի, բնականաբար, բյուջեն չի կարող իրականացվել, բայց դրանից հետո ԱԺ-ն հետ է կանգնում կամ չի փորձում իրականացնել իր գլխավոր ֆունկցիան, որպեսզի վերահսկողություն իրականացնի բյուջեի իրականացման վրա: Կյանքը ցույց է տվել, որ ընդամենը բյուջեն հաստատելուց հետո այլևս ձեռք է քաշում`չիրականացնելով ֆունկցիաների մյուս կարևորագույն մասը, որպեսզի վերահսկողություն իրականացնի: Դրա համար որևէ բյուջե հետագայում չի դառնում թափանցիկ: Ինձ այս բյուջեներում ավելի շատ հետաքրքրում է, թե արդյո՞ք ապահովված են այն գործնական մեխանիզմները, որպեսզի ԱԺ-ն կարողանա իր վերահսկողությունն իրականացնել: Ցավոք, այդ մեխանիզմները չկան»:
Իսկ ինչո՞ւ չկան այդ մեխանիզմները: Ռ. Հակոբյանը նշեց, թե խնդիրն ԱԺ-ի մեջ է, որը չի փորձում իրականացնել իր ֆունկցիան, այն դեպքում, երբ այդ հնարավորություններն ԱԺ-ն ունի: Իսկ ԱԺ-ն չի գործադրում այդ հնարավորությունները, քանի որ, ըստ Ռ. Հակոբյանի, «քաղաքական կամք չի ցուցաբերում» բյուջեի վերահսկողություն իրականացնելու համար: