Հայրենաստրուկներ

Ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտևի վերջին ցինիկ արտահայտությունները Հայաստանի վերաբերյալ, ըստ էության, մնացին անպատասխան: Լրագրողական, փորձագիտական շրջանակներն, իհարկե, իրենց վրդովմունքն արտահայտեցին այդ լկտիության վերաբերյալ: Սակայն Լեոնտևի հայտարարությունների հիմնական հասցեատերը` ՀՀ իշխանությունները, ինչպես միշտ, գերադասեցին պատասխանել խոնարհ լռությամբ:

Երևում է, սակայն, ռուսներին լռությունը չի բավարարել  և Հայաստանից ավելի որոշակի ու ավելի հնազանդ պատասխան են պահանջել: Հայաստանի իշխանությունն էլ` ամբողջությամբ չխայտառակվելու համար, դա հնչեցրել է հայտնի ռուսասեր, սակայն ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի շուրթերով: Լեոնտևի գրառման հիմնական իմաստն այն էր, որ առանց Ռուսաստանի՝ Հայաստանը կորած է, և Հայաստանը Եվրասիական միությանն անդամագրվելու այլընտրանք չունի: «Куда вы денетесь без России»,- գրել էր հայաստանյան իշխանական քարոզչության վերլուծաբաններից ոմանց համար կրկնօրինակման առարկա դարձած Լեոնտևը: Եվ ահա Արտաշես Գեղամյանն այսօր հանդես է եկել հայտարարություններով, որոնք անուղղակիորեն կարելի է համարել ռուս վերլուծաբանի հնչեցրած հռետորական հարցի պատասխանը:

«К чёрту»,- ըստ էության ասել է Արտաշես Գեղամյանը: Այլ կերպ դժվար է գնահատել նրա այն հայտարարությունները, որ Հայաստանում գործող ռուսական կապիտալը կարող է դառնալ արտագաղթը կանխելու միջոց:

«Հայաստանում ռուսական մասնավոր կապիտալի գործունեության մեջ առկա հսկայական ռեզերվները  գործի դնելու դեպքում, մեր տնտեսությունն արագընթաց տեմպերով զարգացում կապրի և այնպիսի ծավալների կհասնի, որ մենք հարկադրված կլինենք ինքներս կոչով դիմել մեր և՛ ԱՊՀ տարածքի, և՛ Միացյալ Նահանգների հայրենակիցներին, որ՝ «եկե՛ք տուն», քանզի հայ-ռուսական տնտեսական համագործակցությունը բոլորիս առաջ բացում է վիթխարի ասպարեզ, որը մարդկային ներուժ է պահանջում»,- tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Արտաշես Գեղամյանը: Նա, սակայն, դրանով չի սահմանափակվելու և առաջիկայում պատրաստվում է հանդես գալ «համապարփակ վերլուծությամբ»` նվիրված «հայ-ռուսական բարեկամության ու ռազմական-քաղաքական դաշնության հիմնական շերտերին»:

Ի պատասխան հարցին, թե լայն հնարավորություններ ասելով՝ նկատի ունի Եվրասիական Միությո՞ւնը, Գեղամյանն ասել է. «Ես առայժմ խոսում էի զուտ հայ-ռուսական համագործակցության մասին»: Մեկ այլ հարցի էլ, թե՝ այսինքն, հայ-ռուսական հարաբերություններում նոր վերե՞լք է նախանշում, պատասխանել է, որ ընդամենն արձանագրում է, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի ՀՀ-ն, համագործակցելով տնտեսական ոլորտում նախ և առաջ՝ ՌԴ-ի, և, ինչո՞ւ ոչ` Եվրասիական Միության հետ, մեր երկրի առաջ շատ մեծ հնարավորություններ բացի:

Արտաշես Գեղամյանի հայտարարությունների իմաստը մոտավորապես հետևյալն է. Առանց Ռուսաստանի Հայաստանը ոչինչ է, քանի որ Ռուսաստանն էլ այստեղ հսկայական կապիտալ ունի, եթե այն աշխատի ամբողջ ծավալով, ապա արտագաղթած հայերը կարող են վերադառնալ և աշխատել ռուսական գործատուների մոտ: Ռուսական կապիտալի զարգացման վերաբերյալ Գեղամյանի մտահոգությունը հասկանալի է: Նա ընդամենն ուզում է, որ այդ զարգացումից օգտվեն նաև ՀՀ քաղաքացիները` աշխատելով ռուսական «օբյեկտներում»:

Այսինքն` Գեղամյանն ասում է` հայերը ստրուկի պես աշխատում են Ռուսաստանում, հիմա ռուսները թող իրենց ձեռնարկություններն աշխատեցնեն, որպեսզի հայերը վերադառնան ու ստրկությունը շարունակեն մայր հողի վրա: Հայրենասիրության բացառիկ դրսևորում: Գեղամյանի հայտարարությունները այսպես չէինք գնահատի, եթե նա իր մեկ այլ հայտարարությամբ հերթական անգամ չբացահայտեր Ռուսաստանի նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքը:

Պատասխանելով հարցին, թե՝ հաշվի առնելով մասնավորապես նույն Լեոնտևի վերջին հայտարարությունները,  հայ-ռուսական հարաբերությունները շարունակում է համարել ցանկալի բարձրության վրա՞, Գեղամյանը մեջբերել է ամերիկյան վերլուծական կենտրոններից մեկի հրապարակումը, ըստ որի՝ «Զանգեզուրում, մասնավորապես՝ Գորիսում, տեղակայված են զենիթահրթիռային S 300 հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից հրթիռները, որոնք իրենց հովանու տակ են վերցնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես նաև Նախիջևանը»: Այսինքն` Գեղամյանը վերահաստատում է ռուսական իշխանությունների, փորձագետների այն հիշեցումները, որ Ռուսաստանն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Պարոն Գեղամյանին հիշեցնենք, որ վերջերս Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հայտարարել էր, որ Ռուսաստանն է պատմության ընթացքում ապահովել հայերի ոչ միայն անվտանգությունը, այլև ինքնությունը:

Գեղամյանի հայտարարություններին կարելի էր որևէ կերպ չարձագանքել: Ի վերջո, Հայաստանում կան բազմաթիվ շարքային ու «քաղաքական» քաղաքացիներ, ովքեր մտածում են, որ առանց Ռուսաստանի Հայաստանը կկործանվի: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Գեղամյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Այսինքն` Գեղամյանի տեսակետը նաև ՀՀ իշխանության տեսակետն է: Ընդ որում, ինքը` Գեղամյանն է ամեն ինչ անում իր հայտարարությունները հենց այդպես ներկայացնելու համար: Մասնավորապես, ի պատասխան հարցի` արդյո՞ք ՀՀԿ-ի ներսում այս խնդրի շուրջ միանշանակ դիրքորոշում կա, Գեղամյանն ասել է. «Ճիշտ սրանից 8 ամիս առաջ իմ գրքի շնորհանդեսն էր, որի վերնագիրն էր՝ «Եվրասիական Միությունը մեր ապագան է»: Այդ գրքի շնորհանդեսին իրենց մասնակցությունը բերեցին հարգարժան Սերժ Ազատի Սարգսյանը, Գալուստ Գրիգորի Սահակյանը, Հանրապետական կուսակցության իմ մի շարք այլ գործընկերներ»:

Այնպես որ, Արտաշես Գեղամյանի հայտարարությունները կարելի է ինչ-որ իմաստով համարել նաև պատասխան Հայաստանում Ռուսաստանի դեսպանի այն հանդիմանանքին, որ «Հայրենակիցներ» ծրագրով ՀՀ քաղաքացիներին որևէ մեկը չի ստիպում մեկնել Ռուսաստան, և արտագաղթը կանխելու համար ՀՀ իշխանությունները պետք է ոչ թե քննադատեն այդ ծրագիրը, այլ մարդկանց համար ապրելու նորմալ պայմաններ ստեղծեն: Գեղամյանը, փաստորեն, ասում է, որ այդ պայմանները կարող են ստեղծվել կրկին ու միայն ռուսների միջոցով:

«Ты трус, ты раб, ты армянин»,- գրում էր Ալեքսանդր Պուշկինը: Հայաստանի քաղաքական վերնախավն ամեն ինչ անում է ռուս դասականի` մեր ինքնությունը, մեղմ ասած, չշոյող այս տողերը հիմնավորելու համար:


 

Տեսանյութեր

Լրահոս