«Սաֆարովի արտահանձնումը կարող էր զարմացնել Եվրոպային, բայց ոչ Հայաստանին և Ադրբեջանին»

1992 թվականից մինչ օրս շատ բան է փոխվել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մեջ. մի՞թե բազմաթիվ Գուրգեն Մարգարյաններ չեն սպանվել 1992-1995թթ., և ճիշտ չի՞ լինի մտածել, որ Սաֆարովի գործի հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խումբը կդադարեցնի իր գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Սաֆարովի արտահանձնումը  կարող էր զարմացնել Եվրոպային, բայց ոչ Հայաստանին և Ադրբեջանին:  Իհարկե, այս գործը լավ առիթ էր՝ ինչ-որ մեկին բացատրելու, թե ում հետ գործ ունի Հայաստանը, և արդյո՞ք այս պետության կազմում կարող է լինել Արցախը: Ես զարմանում եմ, որ Հայաստանում կրկին «բացահայտել են» Ադրբեջանի կերպարը՝ Սաֆարովի արտահանձնումից հետո»,- ասաց Ալ. Իսկանդարյանը:

Քաղաքագետի համոզմամբ, այդ միջադեպն, անկասկած, հնարավոր է օգտագործել դիվանագիտության մեջ, բայց միայն մի քանի տարի անց:

Անդրադառնալով հոկտեմբերի 23-ին Չեխիայի կոմիտեի Միջազգային, պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կողմից ընդունած Սաֆարովի արտահանձնումը դատապարտող բանաձևին, Ալ. Իսկանդարյանը ողջունեց այս քայլն ու ասաց, որ սա բնորոշ է եվրոպական երկրներին:

«Նկատեք, որ հունգար ժողովուրդը, հասարակությունն իրենց շատ արժանավայել են պահել: Ինձ մի քանի նամակներ են եկել հունգարացիներից, որոնք ափսոսում էին իրենց իշխանությունների արարքի համար: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կհետևե՞ն չեխական բանաձևին նման այլ բանաձևեր եվրոպական երկրներում, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է՝ վերաբերվել այս երևույթին այլ կերպ` կարող են միայն ադրբեջանցիները»,- նշեց Ալ. Իսկանդարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս