
Նոր ՀԴՄ-ների հարցը կլուծվի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նոր ՀԴՄ-ների խնդրին և հիշեցրել, որ պատկան մարմինները պետք է առաջարկություններ ներկայացնեն կառավարություն՝ ՀԴ նոր մեքենաների ներդրման ծախսը փոքր և միջին ձեռնարկությունների ուսերին չբարդելու վերաբերյալ։ «Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները չպետք է մտահոգված լինեն, որ սա իրենց համար ծախսատար է լինելու։ Մինչև դեկտեմբերի 1-ը ՊԵԿ մարմիններ դիմելու դեպքում նրանք կարող են օգտվել այս ծառայությունից»,- շեշտել է Տիգրան Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Կառավարությունն իր նախորդ նիստում որոշում էր ընդունել, ըստ որի հաջորդ տարվա հունվարի 1-ից տնտեսվարող սուբյեկտները պետք է ներդնեն նոր ՀԴՄ-ներ։ Դրանք պետք է ունենան չջրվող հիշող սարք՝ նվազագույնը 128 մեգաբայթ ծավալով, լրացուցիչ հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, SIM քարտի միջոցով 3G և GPRS կապուղիներով ինտերնետին միանալու և տվյալներ փոխանցելու և այլ հնարավորություններ։ Նոր ՀԴՄ-ները կարժենան 180 հազար դրամ:
Մեր ունեցած տեղեկություններով, կառավարությունն արդեն իսկ գտել է փոքր ու միջին բիզնեսի համար այդ մեքենաների տեղադրումը հնարավորինս սահուն կազմակերպելու լուծումը։ Ամենայն հավանականությամբ, ՀԴՄ-ի գումարը կմարվի ժամանակի ընթացքում, հարկերի միջոցով։
Ի դեպ, մասնագետները նշում են, որ ընդհանրապես ՊՈՍ տերմինալները (որոնց միջոցով իրականացվում է անկանխիկ առևտուր) 2 տարվա կյանք ունեն։ Հաշվի առնելով, որ նոր ՀԴՄ-ները հագեցած են լինելու այդ հնարավորությամբ, չի բացառվում, որ կարիք լինի դրանք 2-3 տարին մեկ թարմացնել։