Վաճառվում է հանրապետություն
«Ցանկացած շենք ենթակա է վաճառքի, եթե լավ գին տան»,- այսօր հրավիրված ասուլիսում նման հայտարարություն է արել ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` անդրադառնալով Արտաքին գործերի նախարարության շենքի վաճառքի շուրջ բարձրացված աղմուկին ու դժգոհություններին:
«Օրինակ, եթե ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության շենքի վաճառքի վերաբերյալ լավ առաջարկ ներկայացվի, ապա այդ հայտը ենթակա կլինի քննարկման»,- ավելի պատկերավոր լինելու համար՝ ասել է Արման Սահակյանը:
Այս հայտարարություններն ուշագրավ են նրանով, որ Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավարի որդին ու կառավարության անդամն իրականում արտահայտել է այն մտածողությունը, այն արժեքային համակարգը, որով ապրում, գործում է երկրի քաղաքական վերնախավը, և որը դրվում է որոշումների կայացման հիմքում:
«Ցանկացած շենք» արտահայտությունը տվյալ դեպքում կարելի է ընդհանրացնել ցանկացած երևույթի նկատմամբ: Այդ տրամաբանությամբ կարելի է քննարկել ամեն ինչի` երկրի տարածքի, ինքնիշխանության, սեփական քաղաքացիների անվտանգության վաճառքի հարց, եթե լավ գին տվող լինի: Համեմատականը գուցե այնքան էլ գեղեցիկ չհնչի, բայց այս մոտեցումը բովանդակային իմաստով գրեթե չի տարբերվում աշխարհի ամենահին մասնագիտության տեր կանանց գործունեության «սկզբունքից»: Նրանք էլ ապրում ու աշխատում են «փողին մուննաթ» սկզբունքով:
Նախկինում նախարարության կարգավիճակ ունեցող Պետական գույքի կառավարման վարչության գոյության իմաստը պետական գույքի կառավարումն է՝ ոչ միայն ֆիզիկական իմաստով, այլ նաև այն առումով, որ «պետական գույք» հասկացության ներքո հաճախ նկատի է առնվում շատ ավելին, քան զուտ որևէ շենքի կամ շինության տարածքն ու կառույցը: «Պետական գույք» արտահայտությունը ենթադրում է նաև որոշակի ռազմավարական նշանակություն և, ի թիվս այլ պատճառների, նաև այդ պատճառով է պետական գույքի կառավարման առանձին գերատեսչություն գործում: Հակառակ դեպքում կառույցի գոյությունն ընդհանրապես անիմաստ կլիներ, քանի որ գույքի ֆիզիկական պահպանության և օտարման ֆունկցիաները կարող էր կատարել որևէ այլ պետական գերատեսչություն:
Բայց Արման Սահակյանը, լավ իմանալով Հայաստանի պետական համակարգի «ուղն ու ծուծը»՝ շատ լավ հասկացել է, թե որն է իր պաշտոնի իմաստը` «լավ գին տվողներին» պետական շենքերի օտարումը: Լայն իմաստով, այդպես գործում է Հայաստանի ողջ քաղաքական ու պետական կառավարման համակարգը:
Երբ Ազգային ժողովը վավերացնում է ռուսական ռազմաբազաների տարածքը ռուսներին տրամադրելու համապատասխան պայմանագիրը 49 տարով երկարաձգելու օգտին, գուցե դրա համար էլ է «լավ գին տվող» եղել, պարզապես այդ մասին տեղյակ չենք: Հիմա Ռուսաստանի իշխանություններն ամեն ինչ անում են Հայաստանին Եվրասիական միության անդամ դարձնելու համար: ՀՀ իշխանությունները «տակից դիմադրում են». գուցե այն պատճառով, որ ռուսները դեռ «լավ գին» չե՞ն տալիս:
Տվյալ դեպքում, կրկնում ենք, խնդիրը կոնկրետ ԱԳՆ-ի շենքը չէ, այլ մտածողությունը, որ դրված է Հայաստանի պետական կառավարման, Հայաստանի իշխանության հիմքում: Հայաստանը դարձել է երկիր, որում փողով հնարավոր է գնել գրեթե ամեն ինչ: Պետական շենքերը, պետական պաշտոնյաները, պետությունն՝ ընդհանրապես բացառություն չեն: